Զորավարժությո՞ւն, թե՞ քաղաքական ազդակ․ ինչու է Մոսկվան անհանգստացած

Հայաստանում հուլիսի 17-25-ը նախատեսված «Արծիվ գործընկեր 2026» միջազգային զորավարժությունների անցկացումը հերթական անգամ հայտնվել է ռուսական քաղաքական և մեդիա շրջանակների ուշադրության կենտրոնում։ Չնայած այն հանգամանքին, որ խոսքը ամենամյա զորավարժությունների մասին է, որոնք անցկացվել են նաև նախկինում, այս անգամ Մոսկվայում արձագանքը նկատելիորեն ավելի կոշտ է։ Ռուսական մի շարք լրատվամիջոցներ և փորձագետներ նույնիսկ հայտարարում են, թե Երևանը նման քայլերով իբր «պատերազմ» հայտարարեց  Ռուսաստանին:

Ռազմական փորձագետ Վովա Վարդանովի գնահատմամբ՝ «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունների շուրջ Ռուսաստանում բարձրացված աղմուկը մեծապես քաղաքական բնույթ ունի և նպատակ է հետապնդում կանգնեցնելու Հայաստանի «դրեյֆը» դեպի Արևմուտք։

Նրա խոսքով՝ ռուսական փորձագիտական և մեդիա շրջանակներում հաճախ հնչող պնդումները, թե Հայաստանը քայլ առ քայլ շարժվում է դեպի ՆԱՏՕ կամ Եվրամիություն, իրականությունից այնքան հեռու են, որ ծիծաղ են առաջացնում։ Վարդանովը նշում է, որ նույնիսկ եթե Երևանը նման նպատակ ունենար, ներկայումս որևէ հիմք չկա խոսելու Հայաստանի անդամակցության հեռանկարների մասին։

«Մեզ ոչ ոք չի պատրաստվում ընդունել ո՛չ ՆԱՏՕ, ո՛չ Եվրամիություն։ Այլ հարց է, որ տարբեր ուժային կենտրոններ կարող են փորձել Հայաստանը օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար, սակայն դա չի նշանակում, որ խոսքը լիարժեք ինտեգրման մասին է», – ասում է փորձագետը։

Փորձագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Արծիվ գործընկեր» զորավարժությունները նոր երևույթ չեն։ Նրա խոսքով՝ նախկինում ևս անցկացվել են նմանատիպ միջոցառումներ, իսկ այս տարվա տարբերությունը հիմնականում կապված է մասնակից երկրների կազմի հետ։

«Սա ԱՄՆ բանակի հետ համատեղ լայնածավալ զորավարժություն չէ։ Հայաստանը համագործակցում է Կանզասի Ազգային գվարդիայի հետ, և դա բոլորովին այլ ձևաչափ է, քան այն, ինչ փորձում են ներկայացնել որոշ մեկնաբաններ», – նշում է Վարդանովը։

Միևնույն ժամանակ փորձագետը ընդունում է, որ Հայաստանի ռազմական ոլորտում աստիճանաբար նկատվում է որոշակի վերակողմնորոշում։ Որպես օրինակ նա մատնանշում է հրետանային համակարգերում 152 միլիմետրանոց խորհրդային ստանդարտներից դեպի 155 միլիմետրանոց արևմտյան չափորոշիչների անցումը։

Սակայն, ըստ նրա, այս գործընթացը պայմանավորված է առաւին հերթին գործնական անհրաժեշտությամբ։ Վարդանովը հիշեցնում է, որ Ուկրաինայում պատերազմի հետևանքով Ռուսաստանը կորցրել է Հայաստանի համար նախկին հիմնական մատակարարի իր դերը և այլևս ի վիճակի չէ նույն ծավալով ապահովել սպառազինության մատակարարումները։

«Կալիբրների փոփոխությունը չափազանց թանկ և բարդ գործընթաց է, և որևէ պետություն դա չի անում պարզապես քաղաքական համակրանքից ելնելով։ Հայաստանը գնաց է այդ քայլին, որովհետև ստիպված է նոր մատակարարներ և նոր լուծումներ գտնել», – ընդգծում է նա։

Վարդանովի խոսքով՝ ռազմական ոլորտում հնարավորինս միասնական ստանդարտների կիրառումը կարևոր է ոչ միայն ծախսերի, այլև մարտական արդյունավետության տեսանկյունից։ Սակայն ստեղծված իրավիճակում Հայաստանը ստիպված էր հարմարվել նոր իրողություններին և վերանայել սպառազինության մատակարարման ավանդական աղբյուրները։

Ամփոփելով՝ ռազմական փորձագետը նշում է, որ Հայաստանի անվտանգության մարտահրավերները շարունակում են մնալ չափազանց լուրջ, իսկ պաշտպանական քաղաքականության փոփոխությունները պայմանավորված են առաջին հերթին տարածաշրջանային սպառնալիքներով և ռազմական անհրաժեշտությամբ, ոչ թե աշխարհաքաղաքական ցուցադրական քայլերով։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top