ԱՄՆ-ի հետքաշումը Հարավային Կովկասից փոխում է խաղը. Անկարան շտապում է Մոսկվա

Վաշինգտոնը լքում էՀարավային Կովկասը. Անկարան շտապում է Մոսկվա

Իրան–ԱՄՆ վերջին պայմանավորվածություններից հետո տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը փոխվում է, և դա կարող է անմիջական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի, Սյունիքի և TRIPP նախագծի շուրջ ընթացող գործընթացների վրա։ Այս կարծիքին է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը: Նրա գնահատմամբ՝ Իրանը վերջին զարգացումներից հետո ավելի հստակ է ամրագրում իր դիրքորոշումները և ցույց տալիս, թե որտեղ են անցնում իր «կարմիր գծերը»։

Իրանի հաղթանակը փոխում է խաղի կանոնները

Բալասանյանի գնահատմամբ՝ Իրանի համար վերջին իրադարձությունները կարելի է բնութագրել որպես քաղաքական հաղթանակ, որն ուժեղացնում է Թեհրանի դիրքերը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև հարակից տարածաշրջաններում։

Նրա խոսքով՝ ընդունված 14 կետանոց հռչակագիրը արտաքին դիտորդների ուշադրության կենտրոնում հիմնականում ներկայացվել է Լիբանանի համատեքստում, սակայն իրական պայմանավորվածությունները կարող են ավելի լայն ընդգրկում ունենալ։ Միջազգայնագետը չի բացառում, որ պաշտոնական փաստաթղթերից բացի գոյություն ունեն նաև լրացուցիչ, այդ թվում՝ գաղտնի արձանագրություններ։

Բալասանյանը նշում է, որ ամերիկյան փորձագիտական շրջանակներում արդեն խոսվում է այն մասին, որ Դոնալդ Թրամփի քաղաքականության ձախողման հետևանքով Միացյալ Նահանգները կարող է կորցնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում։ Նրա կարծիքով՝ այդ գործընթացները վերաբերում են նաև Հարավային Կովկասին և այն ծրագրերին, որոնք կապվում են  Թրամփի նախաձեռնությունների  հետ, TRIPP-ը հենց դրանց շարքում է։

Իրանի նոր ռազմական դոկտրինը և կանխարգելիչ հարվածների իրավունքը

Միջազգայնագետը առանձնահատուկ կարևորություն է տալիս Իրանի նոր ռազմական դոկտրինին, որն ընդունվել է մոտ մեկ ամիս առաջ։

Նրա մեկնաբանությամբ՝ դոկտրինի համաձայն՝ «դիմադրության առանցքի» որևէ անդամի նկատմամբ հարձակումն Իրանը կարող է դիտարկել որպես հարձակում իր դեմ։ Սա, ըստ Բալասանյանի, Թեհրանին հնարավորություն է տալիս իրեն վերապահել կանխարգելիչ գործողությունների իրավունք այն ուղղություններով, որտեղից վտանգ է տեսնում իր ազգային անվտանգության համար։

Այս համատեքստում նա համոզված է, որ TRIPP-ի թեման քննարկվել է նաև Իրանի և Միացյալ Նահանգների միջև ընթացող բանակցությունների ընթացքում, այդ մասին առայժմ հրապարակային հայտարարություններ չեն արվում, սակայն շուտով այդ բանակցությունների և պայմանավորվածությունների հետևանքները կդառնան ակնառու։

Թուրքիայի ակտիվությունը

Նրա կարծիքով՝ Անկարան նկատում է ԱՄՆ-ի իր տարածաշրջանային նախագծերից հետ քաշվելու պատրաստակամությունը և փորձում է հարմարեցնել իր քաղաքականությունը նոր պայմաններին։ Այդ համատեքստում նա ուշադրություն է հրավիրում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի Մոսկվա կատարած այցի վրա՝ ենթադրելով, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում ազդեցության գոտիների և դերաբաշխման հարցերը։

Բալասանյանը համոզված է, որ Սյունիքի թեման եղել է այդ քննարկումների օրակարգում։ Միաժամանակ նա ընդգծում է, որ նման հարցերը քննարկվում են հիմնականում խոշոր տարածաշրջանային դերակատարների միջև, մինչդեռ Հայաստանի դիրքորոշումը, ըստ նրա, հաճախ դուրս է մնում այդ գործընթացների կենտրոնից։

Ստամբուլյան հռչակագիրն ու Երևանի բաց թողած հնարավորությունները

Միջազգայնագետը քննադատաբար է գնահատում նաև հունիսի 8-ին ընդունված Ստամբուլյան հռչակագիրը՝ նշելով, որ այնտեղ խոսվում է «Միջին միջանցքի» և տարածաշրջանային հաղորդակցությունների մասին, սակայն Հայաստանը փաստաթղթում գրեթե չի հիշատակվում։

Նա հիշեցնում է, որ դրանից ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի պաշտոնյաները մասնակցել էին տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի հետ կապված միջոցառումների, սակայն այդ ակտիվությունը, նրա գնահատմամբ, չի վերածվել քաղաքական արդյունքի։

Բալասանյանի խոսքով՝ ներկայում Թուրքիան առաջին հերթին փորձում է հասկանալ Մոսկվայի դիրքորոշումը, իսկ Իրանի հետ ավելի ակտիվ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի հետ նախնական համաձայնություններ ձեռք բերվեն։

Առանց Մոսկվայի և Թեհրանի համաձայնության՝ համաձայնագիր չի լինի

Բալասանյանը պնդում է, որ Հարավային Կովկասում կայուն և երկարաժամկետ պայմանավորվածությունների հասնելը դժվար է պատկերացնել առանց Ռուսաստանի և Իրանի մասնակցության կամ համաձայնության։

Նա հիշեցնում է, որ դեռ տարիներ առաջ էր կանխատեսել՝ հայ-ադրբեջանական որևէ հիմնարար համաձայնագիր չի կարող կյանքի կոչվել, եթե նախապես համաձայնեցված չէ Մոսկվայի և Թեհրանի հետ։

Միջազգայնագետի համոզմամբ՝ ներկայիս զարգացումները ցույց են տալիս, որ այդ կանխատեսումը աստիճանաբար իրականություն է դառնում, և առաջիկայում հնարավոր է տեսնել թե՛ հայկական ուղղությամբ, թե՛ ամբողջ Հարավային Կովկասում արտաքին դերակատարների ակտիվության աճ։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top