Պուտին-Փաշինյան բանակցություններ. Ո՞ւմ վրա է իրականում խաղադրույք անում Մոսկվան

Մոսկվայի ճնշումը ժամանակավոր է, լարվածությունը առաջիկայուն կթուլանա

Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների արտահանման և տարանցման նկատմամբ սահմանված սահմանափակումները քաղաքական ենթատեքստ ունեն, սակայն դրանք երկարաժամկետ բնույթ չեն կրի։ Ներկայիս լարվածությունը առաջիկա շաբաթների, ամիսների ընթացքում կմեղմացվի։  Նման կարծիք հայտնեց  «Աքսես» վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը։

Ռուսաստանը շահագրգռված չէ կորցնել ազդեցությունը

Նրա գնահատմամբ՝ 2020 թվականից հետո Ռուսաստանի ազդեցության լծակները Հայաստանի նկատմամբ զգալիորեն նվազել են։ Դա վերաբերում է ինչպես հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական դերակատարությանը, այնպես էլ զենքի և զինամթերքի մատակարարման ոլորտին։

«Այսօր Ռուսաստանի ձեռքում մնացած հիմնական ազդեցության գործիքը տնտեսական լծակն է՝ Հայաստանից արտահանման և դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարումների տեսքով»,- նշում է Ֆանյանը։

Նրա խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է պահպանել իր ազդեցությունը Հայաստանի նկատմամբ, հենց այդ պատճառով էլ ստեղծված իրավիճակը առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում կարող է աստիճանաբար մեղմվել։

Ֆանյանի կարծիքով՝ եթե հայկական ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան կտրուկ նվազի, գազի գինը բարձրանա, իսկ սեզոնային աշխատանքների համար մեկնող քաղաքացիների հնարավորությունները սահմանափակվեն, ապա Ռուսաստանն ինքն է կորցնելու Հայաստանի վրա ազդեցության կարևոր լծակները։

«Հենց այդ հանգամանքն էլ, իմ կարծիքով, կարող է բերել իրավիճակի աստիճանական դեէսկալացիայի»,- ասում է նա։ 

Կառավարության քայլերը՝ ուշացած, բայց անհրաժեշտ

Միաժամանակ փորձագետը համոզված է, որ ստեղծված ճգնաժամը նաև բացահայտեց Հայաստանի արտահանման կառուցվածքային խոցելիությունը։ Նրա տվյալներով՝ Հայաստանի բանջարեղենի արտահանման շուրջ 98 տոկոսը, մրգերի 93 տոկոսը և ձկնամթերքի 97 տոկոսը բաժին է ընկնում ռուսական շուկային։ «Նման կախվածությունը մեկ շուկայից լուրջ ռիսկ է ցանկացած երկրի համար»,- ընդգծում է նա։

Ֆանյանը նշում է, որ նախորդ տարիներին կառավարության կողմից վարվող քաղաքականությունը արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ որևէ շոշափելի արդյունք չի ապահովել։ «Ես կարող եմ ասել, որ գոնե իրականացման մակարդակում կառավարության քայլերը բավարար գնահատել հնարավոր չէ: Հակառակ պարագայում չէինք կարող ունենալ մի իրավիճակ, որտեղ բանջարեղենի 98%-ը, մրգերի 93%-ը, ձկնամթերքի 97%-ը արտահանվեր միայն մեկ երկիր՝ Ռուսաստան», — ասաց նա։   

Թեև ճգնաժամային պայմաններում արտահանման սուբսիդավորման ծրագիրը նա գնահատեց դրական, նշելով, որ ծրագիրը գործարկվել է բավական արագ, իսկ առաջարկվող աջակցությունը կարող է օգնել արտահանողներին մուտք գործել այլընտրանքային շուկաներ, այդուհանդերձ, փորձագետի գնահատմամբ սուբսիդավորման «ասեղի» վրա տնտեսավարողներին նստեցնել է նույնպես ռիսկային է։ 

Նա նշում է, որ սխալ կլինի ակնկալել, թե պետությունը պետք է ամբողջությամբ ստանձնի նոր շուկաներ գտնելու և ապրանքների վաճառքն ապահովելու գործառույթը։ «Սա երկկողմանի գործընթաց է։ Քայլեր պետք է ձեռնարկեն և՛ պետությունը, և՛ մասնավոր հատվածը»,- ընդգծում է նա։

Նա նշեց, որ  կարճ ժամանակում հնարավոր չէ ամբողջությամբ փոխարինել ռուսական շուկան այլ ուղղություններով։ «Դրա համար ժամանակ է պետք։ Անհրաժեշտ է, որ Հայաստանի մասին իրազեկվածությունը բարձրանա նոր շուկաներում, գործարարները ծանոթանան տեղական պայմաններին, կապեր հաստատեն և սովորեն նոր խաղի կանոնները»,- ասում է նա։

Միայն պետությունը չի կարող լուծել խնդիրը

Փորձագետի խոսքով՝ այս պահին ստեղծված ճգնաժամը լիովին չեզոքացնել հնարավոր չէ, սակայն հնարավոր է մեղմել դրա հետևանքները։

Նա նշում է, որ ներքին շուկան նույնպես որոշակի ներուժ ունի՝ կլանելու արտահանման համար նախատեսված արտադրանքի մի մասը։ Գների նվազման պարագայում սպառման ծավալները կարող են աճել, թեև գյուղատնտեսական տնտեսությունները և միջնորդները որոշակի կորուստներ կկրեն։

Երկարաժամկետ լուծումների շարքում Ֆանյանը կարևորում է արտահանողների կարողությունների զարգացումը և մասնագիտացված ինստիտուցիոնալ կառույցների ձևավորումը։

Նրա խոսքով՝ Հայաստանը դեռևս չունի արտահանման գործակալություն, թեև դրա ստեղծումը նախատեսված է արտահանման ռազմավարությամբ, որը հաստատվել է 2025 թվականի հուլիսի 31-ին։

«Գրեթե մեկ տարի է անցել, սակայն կառույցը դեռ ձևավորված չէ։ Իհարկե, եթե այն արդեն գործեր, դա ինքնաբերաբար նոր շուկաներ չէր ապահովի, բայց հենց այդպիսի գործիքակազմի միջոցով է հնարավոր համակարգված աշխատանք տանել արտահանման ուղղությունների ընդլայնման համար»,- նշում է նա։

Ֆանյանը հույս է հայտնում, որ առաջիկայում, այդ թվում՝ Եվրամիության աջակցությամբ, արտահանման գործակալությունը կձևավորվի և կդառնա Հայաստանի արտահանման քաղաքականության կարևոր հենասյուներից մեկը։

Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակից հետևություններ անելու և ճիշտ լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է նախ ճշգրիտ ախտորոշել առկա խնդիրները, որպեսզի երկրի արտահանման համակարգը ապագայում ավելի դիմակայուն լինի արտաքին ցնցումների նկատմամբ։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top