Ընդդիմության քվեն Փաշինյանը վերածում է Հայաստանի դեմ փաստարկի

Ընդդիմության քվեն Փաշինյանը վերածում է Հայաստանի դեմ փաստարկի 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ընտրությունից հետո հայտարարում է, որ Հայաստանում ընդդիմությանը ձայն տված ավելի քան կես միլիոն քաղաքացիների հանգամանքը լեգիտիմ մտահոգության առիթ է Ադրբեջանի և միջազգային դերակատարների համար։ 

Նրա տրամաբանությամբ՝ Հայաստանում կա կես միլիոնից ավելի մարդ, որը պահանջում է վերականգնել արցախյան շարժումը, ծովից ծով Հայաստան և այլն։ Այլ կերպ ասած՝ ըստ Փաշինյանի, Հայաստանում կա կես միլիոնից ավելի ռևանշիստ, և սա Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ու միջազգային դերակատարների մտահոգության լեգիտիմ առիթ է։

Հետևաբար, ըստ այդ տրամաբանության, սա կարող է դառնալ Հայաստանի դեմ ընդհուպ ագրեսիվ գործողությունների՝ այսպես ասած՝ կանխարգելիչ գործողությունների լեգիտիմ հիմք։ Փաշինյանը հերթական անգամ նենգափոխում է իրավիճակը։ Սա նրա հանրային ելույթներում վաղուց արդեն դարձել է օրինաչափություն։

Իրականում ընդդիմադիր ուժերը ոչ միայն ռևանշի օրակարգ չեն ներկայացրել ընտրողներին, այլև արմատական ընդդիմադիր էլեկտորատի ձայներ են կորցրել՝ հենց այն բանի համար, որ հայտարարել են՝ ելնելու են ստեղծված իրողություններից և հանձնառու են լինելու Հայաստանի միջազգային պարտավորություններին։ Այսպիսով՝ ռևանշի մասին խոսելը բացարձակապես անհիմն է։

Փաշինյանը, լավ գիտակցելով այդ անհիմնությունը, նենգափոխում է իրավիճակը։ Սակայն այս նենգափոխումը չարյած փոքրագույնն է։ Չափազանց կարևոր է, թե ինչու է նա դա անում։ Նա Ադրբեջանին և նրան աջակցող միջազգային գործընկերներին Հայաստանի շահերի հաշվին տալիս է Հայաստանի դեմ՝ ընդհուպ ագրեսիվ գործողությունների լեգիտիմ առիթ։

Միջազգային դերակատարների մոտեցումները տեղավորվում են հետևյալ տրամաբանության մեջ. որքան հնարավոր է շուտ Կովկասում ձևավորել իրենց աշխարհաքաղաքական շահերին համապատասխան սխեմաներ և հակազդել իրենց մրցակիցներին։ Այս հարցում առանցքային դեր ունի հայ-ադրբեջանական «խաղաղության գործընթացը»։ Նրանց շահերից է բխում, որ այդ գործընթացը տեղի ունենա առավելագույնս արագ։ Դրա համար Հայաստանը պետք է հնարավորինս արագ ընդունի Ադրբեջանի բոլոր պահանջները։

Ադրբեջանը Հայաստանի հանդեպ ունի ինչպես տակտիկական, այնպես էլ ռազմավարական հավակնություններ և շատ բաց պահանջներ է ներկայացնում։ Հայաստանից փորձ է արվում ստանալ այդ ամենին համաձայնելու օպերատիվ համաձայնություն՝ առաջարկելով եվրոպական կամ ամերիկյան «կարկանդակներ»։

Այս սխեմայի շրջանակում Նիկոլ Փաշինյանը փաստացի տալիս է շատ ծանրակշիռ խաղաքարտ՝ հայտարարելով, թե Հայաստանում կա կես միլիոնից ավելի ռևանշիստ։ Սա է ամենավտանգավորն այս հայտարարության մեջ։

Իհարկե, կա նաև մեկ այլ վտանգ՝ հասարակության ներքին բևեռացումը և անհանդուրժողության խորացումը, որը թուլացնում է պետությունը։ Բայց այս պարագայում առանցքայինը հենց Ադրբեջանին և նրա գործընկերներին տրվող խաղաքարտերն են։

Փաշինյանը ավելի քան կես միլիոն քաղաքացու քվեարկությունը վերածում է Հայաստանի դեմ պատերազմի լեգիտիմ առիթի՝ շատ թափանցիկ տրամաբանությամբ։ Ըստ էության՝ նա հրավիրում է պատերազմ Հայաստանի դեմ, եթե ինչ-որ մեկը ցանկանա Հայաստանին ներկայացնել հավակնություններ։

Հիշենք, որ նախընտրական շրջանում նա ասում էր՝ եթե չունենամ սահմանադրական մեծամասնություն, կլինի պատերազմ, այն էլ սեպտեմբերին։ Սեպտեմբերը պատահական չէր ընտրված։ 2020-ին սեպտեմբերին սկսվեց 44-օրյա պատերազմը, 2022-ին՝ Ջերմուկյան երկօրյա պատերազմը, 2023-ին՝ Արցախի դեմ վերջին ագրեսիան։

Հենց Ջերմուկյան պատերազմն օգնեց հանրությանը «պատրաստել» Պրահայի որոշման ընդունմանը։ Այսպիսի սխեմա էր գործարկվել նախկինում՝ պատերազմով պարտադրել այն որոշումը, որը քաղաքական ճանապարհով հնարավոր չէր ներկայացնել հանրությանը։

Հիմա, երբ ընտրություններից հետո շարունակվում է այդ նույն շանտաժը, առաջանում է ծանրակշիռ հարց՝ արդյոք Ադրբեջանի ներկայիս պահանջները (սահմանադրության փոփոխություն, անկախության հռչակագրի չեղարկում, անկլավներ, «արևմտյան Ադրբեջան» և այլն) նույնպես նախատեսվում է պարտադրել նույն սխեմայով։

Համենայն դեպս այս մտահոգությունները լուրջ հիմք ունեն։ Հատկապես երբ Փաշինյանը շարունակում է խաղարկել «խաղաղություն կամ պատերազմ» դիխոտոմիան։ Նրա սահմանադրական մեծամասնություն չունենալը կարող է դառնալ նրա համար հարմար ալիբի։

Այս հայտարարությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ունեն շատ լուրջ մտահոգության պատճառներ։ Հետևաբար հանրությունը և ընդդիմադիր ուժերը պետք է սթափ գնահատեն իրավիճակը, խուսափեն էմոցիոնալ քայլերից և մտածեն, թե ինչպես այս հսկայական ընդդիմադիր էլեկտորատը դարձնել ոչ թե Հայաստանի դեմ փաստարկ, այլ հենց Հայաստանի պետականության և արժանապատիվ խաղաղության օգտին փաստարկ։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան 


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top