Իսրայելի և Թուրքիայի միջև խորացող լարվածությունը էապես սահմանափակել է Ադրբեջանի արտաքին քաղաքական մանևրելու հնարավորությունները՝ Բաքվին ստիպելով ավելի բացահայտորեն կանգնել Անկարայի կողքին։ Նման կարծիքի է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Ոսկանյանը նշում է, որ մինչ այժմ Բաքուն փորձում էր միաժամանակ պահպանել սերտ հարաբերություններ թե՛ Թուրքիայի, թե՛ Իսրայելի հետ՝ «մի ձեռքով երկու ձմերուկ բռնելու» քաղաքականությամբ։ Սակայն, նրա խոսքով, Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի կողմից կառավարական մակարդակով ճանաչումից հետո, այդ հնարավորությունները զգալիորեն կրճատվել են։
Նրա գնահատմամբ՝ Իսրայելի այս քայլը, որը «բարոյականության հետ որևէ առնչություն չունի», ստիպել է Ադրբեջանին որդեգրել առավել բացահայտ թուրքամետ դիրքորոշում։ Այդ դիրքորոշումը, ինչպես ընդգծում է իրանագետը, արտահայտվել է անգամ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մակարդակով։
Միաժամանակ, Ոսկանյանի համոզմամբ, Բաքվի նման կեցվածքը պայմանավորված չէ միայն Թուրքիայի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով հարաբերություններով, ինչպես փորձում են ներկայացնել ադրբեջանական իշխանությունները։
Նա ընդգծում է, որ Ադրբեջանի հաշվարկների վրա ազդեցություն է ունեցել նաև Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին ռազմական գործողությունների արդյունքը։ Ըստ նրա՝ այն հանգամանքը, որ Իրանը կարողացավ հրթիռային հարվածներով ցույց տալ իր տարածաշրջանային հնարավորությունները, Իսրայելի հետ բացահայտ դաշնակցությունը Բաքվի համար դարձրել է ավելի ռիսկային։
«Իսրայելի դաշնակիցը լինելը՝ ունենալով տարածաշրջանային իր գերակայությունը նաև հրթիռային հարվածներով հաստատող Իրանի նման հարևան, այժմ չափազանց վտանգավոր է դարձել», — նշում է Ոսկանյանը։
Սակայն, նրա խոսքով, Իսրայելից հեռանալը նույնպես կարող է լուրջ հետևանքներ ունենալ Ադրբեջանի իշխանությունների համար։ Իրանագետի գնահատմամբ՝ գործող իշխանության հարաբերական կայունությունը հիմնված է երկու հիմնական հենասյուների՝ Թուրքիայի և Իսրայելի աջակցության վրա, և դրանցից որևէ մեկի կորուստը կարող է խարխլել իշխանության դիրքերը։
Ոսկանյանը նաև պնդում է, որ Ադրբեջանի պետական համակարգը ձևավորվել է ժառանգական իշխանության շուրջ և մեծապես կախված է մեկ անձից՝ երկրի ներկայիս ղեկավարից։ Այդ պատճառով, ըստ նրա, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Ադրբեջանի ղեկավարությունը կարող է հայտնվել բարդ ընտրության առաջ՝ հայտնվելով «իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում»։

