Իսրայելը կանգնած է արմատական փոփոխությունների շեմին։ Ներքաղաքական պառակտումը, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերանայումն ու աջակողմյան ծայրահեղականության աճը վերաձևում են երկրի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական օրակարգը։ Ի՞նչ սպասել առաջիկա ընտրություններից և ինչպե՞ս կփոխվեն Թել Ավիվի և Վաշինգտոնի հարաբերությունները։ Այս թեմաների շուրջ իր տեսակետներն է ներկայացրել քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։
Ավելի արմատական, քան կառավարությունը. Իսրայելի նոր քաղաքական դեմքը
Նրա խոսքով՝ Իսրայելում տեղի ունեցող քաղաքական տրանսֆորմացիաները հեռու են ազատականացման սկզբունքներից։ Ընդհակառակը՝ երկիրը գնալով ավելի է հակվում դեպի աջ արմատական մոտեցումներ։ Ուշագրավ է, որ ներկայիս ընդդիմությունն իր հռետորաբանությամբ և առաջարկվող մեթոդներով շատ ավելի ծայրահեղական է, քան գործող կառավարությունը։
Եթե դիտարկենք Գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի կամ նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթի հայտարարությունները, ովքեր վարչապետ դառնալու իրական հավակնություններ ունեն, ակնհայտ է դառնում, որ նրանք կողմնակից են շատ ավելի կոշտ ու արմատական միջոցների, քան Բենիամին Նետանյահուն ,ասաց Մելքոնյանը։ Գործող իշխանությունը, ըստ քաղաքագետի, ընդդիմության կողմից քննադատվում է հենց բավարար վճռականություն չցուցաբերելու համար։
Օգնությունից դեպի գործընկերություն. ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների վերանայումը
Միացյալ Նահանգներում նույնպես իրավիճակ է փոխվում։ MAGA (Make America Great Again) շրջանակները գնալով ավելի քիչ շահագրգռվածություն են ցուցաբերում հեռավոր տարածաշրջաններում անհասկանալի նպատակների համար ֆինանսական միջոցներ ծախսելու հարցում, նշեց նա։ Սա, պնդում է քաղաքագետը, ստիպում է Իսրայելին վերանայել Վաշինգտոնի հետ իր ռազմավարական փոխհարաբերությունների բնույթը։
Մելքոնյանի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնության փաթեթը, որն ուժի մեջ է մտել 2019 թվականին և նախատեսված է մինչև 2028 թվականը, հետևաբար շուտով ավարտվելու է։ Ըստ այդ պայմանագրի՝ ԱՄՆ-ն Իսրայելին տարեկան տրամադրում է 3․8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Հիմա Իսրայելում քննարկում են, թե ինչպես վերանայել սա։ Իսրայելում հասկանում են, որ Միացյալ Նահանգները պատրաստ չէ հավերժ տարեկան գրեթե 4 միլիարդ դոլար «նվիրել»։ Հետևաբար, անհրաժեշտ է անցում կատարել զուտ օգնություն ստանալու ձևաչափից դեպի իրական գործընկերություն, ասաց Մելքոնյանը։
«Այս նոր ձևաչափը ենթադրում է համատեղ նախագծերի զարգացում։ Իսրայելն արդեն իսկ զգալի հաջողություններ ունի օդային պաշտպանության և լազերային տեխնոլոգիաների ոլորտում։ Ուստի, պարզապես ամերիկյան օգնությանը սպասելու փոխարեն, կողմերը կարող են հանդես գալ որպես հավասարազոր տեխնոլոգիական գործընկերներ, ինչը հիմնովին կփոխի ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների դինամիկան», — ասաց նա։
Աշնան ընտրություններ. Նետանյահուի կոալիցիայի ճգնաժամը
Առաջիկա աշնանը սպասվող ընտրությունները կարող են շրջադարձային լինել երկրի համար։ Վերջին հասարակական հարցումների արդյունքները փաստում են, որ գործող վարչապետ Բենիամին Նետանյահուի դիրքերը լուրջ ցնցումների են ենթարկվում։ Ըստ հարցումներւ Բենիամին Նետանյահուի կոալիցիան կունենա մոտ 50 մանդատ, ընդդիմությունը՝ 59 մանդատ՞ արաբական կուսակցությունները՝ 11 մանդատ։
«Իսրայելում կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 61 մանդատ։ Սա նշանակում է, որ ընդդիմությունն այս պահին իշխանություն դառնալու շատ ավելի մեծ շանսեր ունի, քան Նետանյահուն», — նշեց Մելքոնյանը։
Ճգնաժամն խորանում է նաև իշխող «Լիկուդ» կուսակցության ներսում։ Քաղաքական դաշտում հայտնվում են նոր դեմքեր, իսկ հին կերպարները լքում են վարչապետի թիմը։ Օրինակ՝ Յուլի Էդելշտեյնը դուրս է եկել «Լիկուդից» և փորձում է նոր կուսակցություն ստեղծել նախկին արդարադատության նախարար Այելեթ Շաքեդի հետ։ Այս նոր ուժը նույնպես լինելու է աջակողմյան։ Իսրայելում աջակողմյան հայացքներով կուսակցությունների պակաս չկա, և նրանք, ովքեր դժգոհ են Նետանյահուից, արդեն ունեն ընտրության այլընտրանքային տարբերակներ։
Արտաքին քաղաքական ձախողումներն՝ ըստ ընդդիմության
Նետանյահուի դեմ ուղղված հիմնական քննադատություններից մեկն այն է, որ նա չափազանց երկար է մնում իշխանության ղեկին և փչացրել է հարաբերությունները կարևորագույն գործընկերների հետ։ Ընդդիմությունը նրան մեղադրում է արտաքին քաղաքականության լիակատար ձախողման մեջ՝ մատնանշելով երկու հիմնական գործոն․ Իսրայելի գլխավոր դաշնակիցը (ԱՄՆ-ն) որոշակի պայմանավորվածությունների է հասնում Իսրայելի գլխավոր թշնամու (Իրանի) հետ; Վաշինգտոնը զարգացնում է հարաբերությունները Իսրայելի մյուս կարևոր հակառակորդի՝ Թուրքիայի հետ։
Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ Նետանյահուի քաղաքականությունն է երկիրը հասցրել այս հանգրվանին, և իրենք պատրաստ են կոտրել ու վերանայել այս բացասական միտումները՝ վերականգնելով Իսրայելի ռազմավարական դիրքերը միջազգային ասպարեզում։

