Չկա ապացույց, որ ընդդիմությունը չի եղել իշխանության վերարտադրության սցենարի մաս

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները քաղաքական մրցակցություն չեր, այլ նախապես կանխորոշված գործընթաց, որի նպատակը գործող իշխանության վերարտադրությունն էր։  Նման կարծիք հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։  

Նրա խոսքով՝ ընդդիմությունը, մասնակցելով այդ ընտրություններին, փաստացի ներքաշվել է նույն սցենարի մեջ, իսկ Սահմանադրական դատարանում ընթացող բողոքարկումները  ի սկզբանե չէին կարող փոխել իրավիճակը, քանի որ  «պետականության ինստիտուտները Հայաստանում արդեն դադարել են իրական բովանդակություն ունենալ»։

Ընտրություններ չկային

Դեմոյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը «ընտրություն» անվանելն ինքնին սխալ է։ «Փաստացի ընտրություններ չկային, կար գործընթաց, որը կոչվում էր Նիկոլ Փաշինյանի վերարտադրության գործողություն։ Երեք ամիս առաջ ես կոչ էի արել ընդհանրապես չմասնակցել, որովհետև արդեն պարզ էր, թե ինչի է տանում այդ գործընթացը»։

Նրա խոսքով՝ ընտրություններից առաջ իշխանության ներկայացուցիչների պահվածքում ակնհայտ էր «ինքնավստահությունը, որ իրենք ամեն դեպքում անցնելու են խորհրդարան»։ Դեմոյանը հատկապես առանձնացնում է ընտրության արդյունքների պաշտոնական ամփոփումից առաջ արված հայտարարությունները՝ դրանք որակելով որպես «իշխանության ուզուրպացիայի» դրսևորում։

Դեմոյանը հարցը տեղափոխում է ավելի լայն հարթություն՝ պնդելով, որ խնդիրը միայն ընտրությունների արդյունքները չեն։

«Եթե մինչև 2018 թվականը պետականությունը մահացու վիճակում էր, ապա կոման արձանագրվեց հենց 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններով, իսկ հանդիսավոր թաղումը տեղի ունեցավ այն պահին, երբ դեռ արդյունքները չամփոփված Փաշինյանը հայտարարվեց՝ իշխանությունն իմն է»։

Նրա կարծիքով՝ թեև Հայաստանում պահպանվել են պետականության արտաքին ատրիբուտները՝ բանակ, ոստիկանություն, հարկային համակարգ, պետական այցեր, սակայն դրանք «բովանդակազուրկ ձևականություններ են»։

«Հայաստանը բաժանվեց Ռուսաստանի և Արևմուտքի միջև»

Դեմոյանը պնդում է, որ տեղի ունեցածը հանգեցրել է նաև Հայաստանի «պոստմոդեռնիստական բաժանմանը» Ռուսաստանի և Արևմուտքի ազդեցության գոտիների միջև։ Նրա խոսքով՝ ընտրությունների ընթացքում գործող իշխանությունը ստացել է «անթաքույց արտաքին աջակցություն», մինչդեռ քաղաքացիների նկատմամբ կիրառվել է «ահաբեկման քաղաքականություն»։

Այս ամենի հետևանքով գործող վարչապետի դերը նույնպես փոխվել է։ «Եթե նախկինում նրան  կարելի էր ընկալել որպես ինչ-որ կառույցի գործադիր տնօրեն, ապա այսօր նա ավելի շատ նախագիծ կառավարող է։ Տարբեր դերակատարներ կարող են իրեն կանչել և պահանջել իրականացնել այս կամ այն նախագիծը»։

Դեմոյանի համոզմամբ՝ ընդդիմությունը, մասնակցելով ընտրություններին, անկախ իր մտադրություններից, ներգրավվեց այն գործընթացում, որի հիմնական նպատակը գործող իշխանության վերարտադրությունն էր։ Դեմոյանը համոզված է, որ նման իրավիճակում Սահմանադրական դատարանից արդար որոշում ակնկալելն անիմաստ է։

Նրա խոսքով՝ մինչ օրս որևէ քաղաքական ուժ չի ներկայացրել համոզիչ հիմնավորում, որ ի սկզբանե չի մասնակցել նախապես ծրագրված սցենարին։

500 հազար ձայնը վստահության քվե չէր

Դեմոյանը նաև վիճարկում է այն տեսակետը, թե ընդդիմության ստացած ձայները կարելի է դիտարկել որպես վստահության մանդատ։

Նրա համոզմամբ՝ այդ քաղաքացիների մեծ մասը քվեարկել է ոչ թե հօգուտ որևէ քաղաքական ուժի, այլ գործող իշխանության դեմ։

«Այդ 500 հազար ձայները քաղաքական ընտրություն չէին։ Դա բողոքի քվե էր Նիկոլ Փաշինյանի և նրան իշխանության բերած ուժերի դեմ։ Այդ պատճառով ընդդիմությունը չպետք է ոգևորվի իր ստացած արդյունքներով», – ասում է նա։

Միաժամանակ Դեմոյանը նշում է, որ հասարակության տարբեր շերտերում, այդ թվում՝ 2018 թվականի իշխանափոխությանը ժամանակին աջակցած մարդկանց շրջանում, աճում է այն համոզմունքը, որ երկրում տեղի են ունենում խորքային քաղաքական գործընթացներ, որոնց հետևանքով, նրա խոսքով, «երեք միլիոն քաղաքացիներ դուրս են մնացել իրական քաղաքական գործընթացներից»։

Հարցին, թե որն էր ընդդիմության համար ճիշտ ռազմավարությունը, Դեմոյանը պատասխանում է, որ քաղաքական ուժերը պետք է բոյկոտեին ընտրությունները։

Նրա կարծիքով՝ եթե ընդդիմությունը հրաժարվեր մասնակցելուց, ապա ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո կարող էր սկսել քաղաքական պայքարի նոր փուլ։

«Չմասնակցելով ընտրություններին՝ պետք էր հենց արդյունքների հրապարակման պահից սկսել կոնկրետ գործողություններ։ Այդ պահին մոբիլիզացիոն ռեսուրս կար, բայց այն գիտակցաբար բաց թողնվեց», – նշում է նա։

Դեմոյանի համոզմամբ՝ դրանից հետո սկսվեց մանդատների ստացման և այդ որոշումը արդարացնելու գործընթացը, և Սահմանադրական դատարան դիմելը այդ գործընթացի մասն էր։ 


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top