Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քայլը լուրջ լարվածություն է առաջացրել Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերություններում։ Քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանի փոխանցմամբ՝ երուսաղեմյան մամուլն արդեն գրում է, որ Բաքուն ի պատասխան կարող է կոշտ միջոցներ ձեռնարկել։ Ընդ որում, ակնհայտ է, որ Ադրբեջանի արձագանքը շատ ավելի բացասական է, քան Թուրքիայինը, քանի որ թուրք-իսրայելական հարաբերություններն այսօր, ըստ էության, գոյություն չունեն, մինչդեռ Բաքվի և Երուսաղեմի միջև կապերն ունեն ռազմավարական նշանակություն, և այժմ դրանք լրջագույն ճգնաժամի առաջ են կանգնած։
Կարմիր գծերի հատում և գաղտնի որոշում
Ինչպես նշում է Երկանյանը, սպասվող ճգնաժամը կարող է շատ ավելի խորը լինել, քան թվում է առաջին հայացքից։ Բաքվում վստահ էին, որ Իսրայելի ղեկավարությունը հարգանք կցուցաբերի իրենց հանդեպ և հաշվի կառնի ադրբեջանական մոտեցումները, սակայն Բենիամին Նեթանյահուն, ըստ էության, առհամարեց Բաքվի տեսակետը և որևէ կոռեկտություն չցուցաբերեց Ադրբեջանի համար զգայուն թեմայի նկատմամբ։ Իսրայելական մամուլի ձևակերպմամբ՝ Բաքվում համարում են, որ Իսրայելը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, հատել է «կարմիր գծերը»։
Քաղաքական մեկնաբանը նշեց, որ որոշումն ընդունվել է ուշագրավ մթնոլորտում. Իսրայելի ղեկավարները ոչ միայն նպատակահարմար չեն համարել նախապես խորհրդակցել Ադրբեջանի հետ, այլև նույնիսկ չեն տեղեկացրել սպասվող քայլի մասին։ Արտգործնախարար Գիդեոն Սաարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսով կապվել է միայն այն բանից հետո, երբ մամուլում արդեն տարածվել էր տեղեկությունը, որ կառավարությունն ընդունել է որոշումը և առաջարկում է Կնեսետին վավերացնել այն։ Երկանյանը հիշեցնում է, որ նախորդ անգամ, երբ Կնեսետում սպասվում էին նման լսումներ, ԱԳ նախարարը նախապես կապվել էր Բաքվի հետ, և հաշվի առնելով նրանց դժգոհությունը՝ իշխող կոալիցիան այն ժամանակ չէր սատարել բանաձևին։ Այժմ իրավիճակն արմատապես փոխվել է. Ադրբեջանում ակնարկում են, որ «նեղացած են» և ի պատասխան կարող են պահանջել, որպեսզի պարիտետի (բալանսի) համար Կնեսետը ճանաչի նաև Խոջալուի իրադարձությունները, թեև նման նախագիծ օրակարգ բերելու որևէ միտում այս պահին չկա։
Քվեարկության ժամկետներն ու խորհրդարանական կոնսենսուսը
Անդրադառնալով Կնեսետում սպասվող քվեարկությանը՝ Երկանյանը նշում է, որ քննարկումները սպասվում են մինչև շաբաթվա վերջ։ Թեև քվեարկությունն ակնկալվում էր ավելի վաղ, կրոնական խմբակցություններն արհեստականորեն ձգձգեցին գործընթացը՝ այլ օրենքներում փոփոխություններ առաջարկելով։ Խնդիրն այն է, որ մինչև հուլիսի 17-ը նախատեսվում է խորհրդարանի լուծարումը, և կրոնական ուժերը փորձում են երկարացնել ամառային նստաշրջանը, սակայն մինչև լուծարումը հարցը պարտադիր պետք է մտնի օրակարգ։
Բանաձևի նախաձեռնողները երկու պատգամավորներ են՝ Դան Իլոզը (իշխող «Լիկուդ» կուսակցությունից) և Ակրամ Հասոնը (իշխող կոալիցիայի մաս կազմող «Տիկվա Հադաշա» կուսակցությունից)։ Հատկանշական է, որ «Տիկվա Հադաշա»-ի նախագահը հենց արտգործնախարար Գիդեոն Սաարն է, ով էլ հանդես է գալու որպես հարցի հիմնական զեկուցող։
Երկանյանի գնահատմամբ՝ իշխող կոալիցիայում այս հարցի շուրջ կա հստակ կոնսենսուս. նույնիսկ եթե կան դեմ արտահայտվողներ, նրանք պարզապես չեն մասնակցի քվեարկությանը։ Քանի որ ընդդիմության զգալի մասը նույնպես կողմ է բանաձևին, որևէ խոչընդոտ չի անխատեսվում, և միակ խնդիրն այն է, որ խորհրդարանը հասցնի քվեարկությունն իրականացնել մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը։

