Հայաստանը դիստանցավորվում  է նույնիսկ այն որոշումներից, որոնք ինքը չի կայացնում

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին վերադառնալու Իսրայելի կառավարության որոշումն առաջին հերթին քաղաքական քայլ է և ուղղակիորեն կապված է իսրայելա-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի հետ: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ նման որոշումներում բացառապես պատմական կամ բարոյական բաղադրիչ փնտրելը սխալ է:

Սա արձագանք է Էրդողանի քաղաքականությանը

Իսկանդարյանի խոսքով՝ նմանօրինակ որոշումները չեն կարող քաղաքական չլինել, քանի որ կայացվում են քաղաքական ինստիտուտների կողմից:

«Իսրայելի կառավարությունը պատմության ինստիտուտ չէ: Դրանք պատմաբաններ չեն, որոնք տարիներ շարունակ ուսումնասիրել են Հայոց ցեղասպանության թեման, իսկ հետո հանկարծ հանգել են ճշմարտությանն ու որոշել հայտարարել այդ մասին: Նրանք քաղաքական գործիչներ են: Պատմությամբ զբաղվող մարդիկ Իսրայելում միշտ էլ եղել են: Եղել են պատմաբաններ, հասարակական գործիչներ, որոնք բացահայտ հանդես են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, և հայերը ճանաչում են նրանցից շատերին: Բայց այն, ինչ տեղի ունեցավ հիմա, քաղաքական ակտ է: Այլ կերպ չի լինում»,- հայտարարել է Իսկանդարյանը:

Միևնույն ժամանակ, Իսկանդարյանն ընդգծել է, որ Իսրայելի պարագայում կայացած ճանաչման մասին խոսելը դեռևս վաղաժամ է:

Նրա խոսքով՝ ճանաչումը կարող է ընդհանրապես տեղի չունենալ, եթե համապատասխան որոշում չընդունի Կնեսետը։ Այժմ Իսրայելի խորհրդարանը գնում է արձակուրդ, այնուհետև երկրին սպասվում են ընտրություններ, Կնեսետի կազմի փոփոխություն, իսկ իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերություններից:

Բոլոր երկրներում դրդապատճառները տարբեր են

Իսկանդարյանը սխալ է համարում Ցեղասպանության ճանաչումը բացառապես որպես բարոյական ակտ ընկալելը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է սեփական քաղաքական շահերով:

«Իսրայելն դա արեց Թուրքիայի հետ հարաբերությունների պատճառով: Այլ երկրներ նման որոշումներ են կայացրել, որովհետև ունեն հայ ընտրազանգված: Երրորդները՝ որովհետև Թուրքիայից հեռու են գտնվում, և թուրքական գործոնն իրենց համար մեծ նշանակություն չունի: Ամենուր պատճառները տարբեր են»,- ասել է նա:

Որպես օրինակ քաղաքագետը բերել է Ադրբեջանի արձագանքը:

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ Բաքվի բողոքները կապ չունեն Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունների հետ:

«Ադրբեջանը որևէ կապ չունի այդ իրադարձությունների հետ։ Նա հայերի հետ փոխհարաբերությունների բոլորովին այլ պատմություն ունի։ Բայց Ադրբեջանն արձագանքում է հենց այսպես՝ քաղաքական պատճառներով։ Իմ կարծիքով՝ այլ բան ակնկալելը նույնիսկ տարօրինակ է»,- ընդգծել է Իսկանդարյանը:

Նույնիսկ թուրքական պաշտոնական վարկածը փաստացի նկարագրում է ցեղասպանությունը

Առանձնահատուկ քաղաքագետն անդրադարձել է հանրային ընկալման հարցին:

Նրա կարծիքով՝ մարդիկ, ովքեր լրջորեն կարծում են, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, գործնականում գոյություն չունեն՝ նույնիսկ հենց Թուրքիայում:

Նա հիշեցրել է, որ իրադարձությունների թուրքական պաշտոնական վարկածը հանգում է նրան, որ պատերազմի ժամանակ հայերին իբր տեղահանել են ռազմաճակատի գծից հեռու, քանի որ հայերի մի մասն աջակցում էր Ռուսաստանին, սակայն տեղահանությունը կազմակերպվել է այնքան վատ, որ մարդիկ զանգվածաբար մահացել են: «Բայց դա հենց ցեղասպանության սահմանումն է»,- հայտարարել է Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ եթե նույնիսկ ամբողջությամբ ընդունենք այս պաշտոնական վարկածը՝ չանդրադառնալով զանգվածային սպանություններին, Ադանայի իրադարձություններին, Համիդյան ջարդերին և պատմական այլ փաստերին, միևնույն է, ամբողջ մի ժողովրդի հավաքական պատժի ենթարկելն արդեն ինքնին համապատասխանում է ցեղասպանության հատկանիշներին:

«Եթե որոշ հայեր աջակցում էին Ռուսաստանին, ապա օրենքով պետք է պատասխանատվություն կրեին հենց իրենք: Բայց տեղահանվել է ամբողջ խումբը՝ կանայք, երեխաներ, նորածիններ, ծերեր: Եվ տեղահանությունը կազմակերպվել է այնպես, որ մարդիկ զոհվել են: Սա հենց ցեղասպանության դիսկուրսն է»,- ընդգծել է նա:

Միևնույն ժամանակ, քաղաքագետը նշել է, որ Թուրքիան, իր կարծիքով, ժխտում է առաջին հերթին հենց «ցեղասպանություն» բառը, այլ ոչ թե իրադարձությունները:

Իսրայելում վիճում էին ոչ թե փաստերի, այլ հետևանքների շուրջ

Իսկանդարյանի խոսքով՝ Իսրայելում գրեթե անհնար է գտնել լուրջ մարդկանց, ովքեր կհերքեին հենց Հայոց ցեղասպանության փաստը: Շատ ավելի հաճախ, նշեց նա, հնչում էր մեկ այլ փաստարկ:

«Խոսվում էր ոչ թե այն մասին, որ ցեղասպանություն չի եղել: Ասում էին՝ ինչո՞ւ դա անել հիմա: Թուրքիան մեզ համար կարևոր պետություն է: Թուրքերը դժգոհ կլինեն: Ադրբեջանցիները դժգոհ կլինեն: Հենց սրանք էին ճանաչման դեմ ուղղված փաստարկները»,- պարզաբանել է քաղաքագետը:

Նա կարծում է, որ շարքային իսրայելցիների մեծ մասն ընդհանրապես քիչ է ծանոթ Հայոց ցեղասպանության պատմությանը: «Բայց նրանք, ովքեր գիտեն, բնականաբար, ճանաչում են այն»,- ասել է Իսկանդարյանը:

Պաշտոնական Երևանը դիմում է ճիշտ հակառակ քայլերի

Մեկնաբանելով Հայաստանի արձագանքը՝ քաղաքագետը հայտարարել է, որ պաշտոնական Երևանի ներկայիս ռազմավարությունը կառուցված է Թուրքիային և Ադրբեջանին չգրգռելու ձգտման վրա:

Նրա խոսքով՝ հայկական իշխանությունները ելնում են այն կանխադրույթից, որ 2020 թվականի պատերազմից հետո լարվածության նվազեցումը և հրաժարումը այնպիսի քայլերից, որոնք կարող են հարուցել Անկարայի և Բաքվի բացասական արձագանքը, կապահովվի անվտանգության մակարդակի աճ:

«Տրամաբանությունը հետևյալն է՝ եթե բավարարվեն Թուրքիայի և Ադրբեջանի ցանկությունները՝ հնչեցված կամ չհնչեցված, և փորձ արվի նրանց չգրգռել, այդ դեպքում անվտանգության մակարդակը  շատ  ավելի բարձր կլինի։ Ենթադրվում է, որ այս եղանակով կարելի է հասնել խաղաղության»,- նշել է Իսկանդարյանը:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ինքն այս հայեցակարգը այնքան էլ իրատեսական չի համարում: Սակայն հենց այս տրամաբանությունից ելնելով է  Երևանը փորձում  դիստանցավորվել նույնիսկ այն որոշումներից, որոնք նա չի կայացնում:

«Իսրայելի կառավարության որոշումը կապ չունի Հայաստանի հետ: Այն վերաբերում է Թուրքիային: Բայց Հայաստանը գործնականում դիստանցավորվում է դրանից և ասում, որ չի ցանկանում, որայդ հարցը օգտագործվի  քաղաքականության նպատակահարմարությամբ: Եվ դա անկեղծ է։ Իսկապես իրենք այդպես են մտածում։ Այդպիսին է պաշտոնական Երևանի այսօրվա ռազմավարությունը»,- եզրափակեց է Իսկանդարյանը:


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top