Հայաստանում հակահեղափոխության և նախկին համակարգի վերականգնման սցենարը բավականին իրատեսական է։ Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ նշելով, որ այսօր ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ միլիարդատերերը կարող են միավորվել և երկիրը տանել բոլորովին այլ ուղղությամբ, որը «հակասում է բնակչության մոտեցումներին և պետական շահերին»։ Ընդ որում, ըստ քաղաքագետի, այդ միլիարդատերերից առնվազն երկուսը հենց Հայաստանում են հարստացել, և դա տեղի է ունեցել խիստ կասկածելի հանգամանքներում։
Արդարության պահանջը և 2018 թ. հետհեղափոխական կոնսենսուսը
Քոչինյանը հիշեցնում է, որ 2018 թվականի հեղափոխության առանցքային շարժիչ ուժերից մեկը հասարակության մեջ առկա արդարության պահանջն էր։ Ժողովուրդը պահանջում էր, որ այդ արդարությունը հաստատվի իրավական ճանապարհով՝ արդարադատության իրականացման և պատասխանատուներին պատասխանատվության կանչելու միջոցով։
Սակայն, ինչպես նկատում է բանախոսը, հեղափոխությունից հետո ըստ էության ձևավորվեց մի համակարգ, որտեղ նախկինում ենթադրյալ չարաշահումների մասնակից դարձած անձինք չենթարկվեցին պատասխանատվության՝ մի լռելյայն պայմանով. նրանք չպետք է նոր խնդիրներ ստեղծեին Հայաստանի համար։
«Սա կարելի է կոչել ընտրողական արդարադատություն, բայց սա կարելի է կոչել նաև պարզ բանականություն»,- պարզաբանում է Քոչինյանը։ Նրա խոսքով՝ եթե հիշենք, թե մինչև 2018 թվականը ինչպիսի բարքեր ու կոռուպցիոն սխեմաներ էին գործում երկրում, ապա համատարած պատասխանատվության դեպքում հավանաբար պետք է ձերբակալվեր բնակչության մոտ 20%-ը, ինչը, բնականաբար, անհնար էր։
Ռևանշի փորձեր և համակարգի «ռեստավրացիա»
Այսօր, սակայն, քաղաքագետի գնահատմամբ, պատկերը փոխվել է։ Այդ մարդիկ ոչ միայն պահպանել են տարիներով ու տասնամյակներով կուտակածը, այլև գնում են ռևանշի։ Նրանց նպատակն է ռեստավրացիայի ենթարկել այն համակարգը, որը Հայաստանում գոյություն ուներ մինչև 2018 թվականը։
Արեգ Քոչինյանը հակադարձում է այն տեսակետներին, թե սրանով փորձ է արվում հանրությանը վախեցնել. «Շատերը կասեն՝ էլի նախկիններով սարսափեցնում եք: Չենք սարսափեցնում, ընդամենը ուզում ենք ֆիքսենք, որ այդ մարդիկ ունեն այդ նպատակը, ունեն այդ ցանկությունը»։
Այս ամենի համատեքստում քաղաքագետը լիովին օբյեկտիվ ու լեգիտիմ է համարում հասարակական հարցադրումը՝ ինչո՞ւ են այդ մարդիկ մինչ օրս ազատության մեջ, և ինչո՞ւ նրանք դեռևս ունեն այնպիսի կարողություններ ու ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս վերականգնման պլաններ ու դավադրություններ մշակել։

