Արցախի հայաթափումը, տեղի ունեցած էթնիկ զտումը և Արցախի Հանրապետության ոչնչացումը նոր իրավիճակ են ստեղծել Հարավային Կովկասում։ Այս մասին նշել է տարածաշրջանային հարցերի փորձագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի փոփոխությանը և Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ներկա փուլին։
Փորձագետի գնահատմամբ՝ Ռուսաստանի ազդեցության նվազումը Հարավային Կովկասում պայմանավորված է ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմով և այն հանգամանքով, որ Մոսկվան այսօր ավելի սահմանափակ ռեսուրսներ ունի տարածաշրջանին տրամադրելու համար։ Նրա խոսքով՝ կարևոր գործոն է նաև Արցախի Հանրապետության վերացումը։
«Ակնհայտ է, որ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումը և Արցախի Հանրապետության ոչնչացումը նոր իրավիճակ են ստեղծել Հարավային Կովկասում, նաև էականորեն ազդել են Ռուսաստանի դիրքերի վրա։ Ռուսաստանը միշտ օգտագործել է հակամարտությունը՝ երբեմն որպես ճնշման, երբեմն էլ որպես Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ որոշակի աջակցության լծակ»,– ասել է Պողոսյանը։
Ադրբեջանը իրեն ավելի ազատ է զգում Ռուսաստանի հետ հարաբերություններում
Արցախի հայաթափումը արձակեց Բաքվի ձեռքերը՝ այժմ Ադրբեջանը իրեն ավելի ազատ և զգում Ռուսաստանի հետ հարաբերություններում։ «Ալիևն իրեն թույլ է տալիս Ռուսաստանի նկատմամբ այնպիսի հայտարարություններ, որոնք 10 տարի առաջ գրեթե անհնար էր պատկերացնել»,– նշել է փորձագետը։
Որպես օրինակ նա հիշեցրել է Ալիևի հայտարարությունները Ուկրաինայի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը հրապարակային ելույթներում հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է համաձայնի բռնազավթված տարածքների կորստին և պետք է վերականգնի իր տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը։
Պողոսյանը նշել է, որ այդուհանդերձ Ռուսաստանի արձագանքը նման հայտարարություններին համեմատաբար մեղմ է եղել։
«Երբ Պեսկովին հարցրեցին՝ ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը այն հայտարարությունների վերաբերյալ, որ Ադրբեջանը պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններով և կոչ է անում պայքարել մինչև վերջ, նա ստիպված էր բավականին դիվանագիտական պատասխան տալ՝ նշելով, որ Ռուսաստանը համաձայն չէ այդ մոտեցման հետ, բայց կան նաև բարեկամ երկրներ, որոնք նման դիրքորոշում ունեն»,– ասել է նա։
Տրանսպորտային նախագծերը մեծացնում են Ադրբեջանի ազդեցությունը
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի ինքնավստահության աճի պատճառներից մեկն այն է, որ երկիրը դարձել է կարևոր դերակատար տարածաշրջանային հաղորդակցության նախագծերում։ Նրա գնահատմամբ՝ անկախ նրանից, թե ինչպես կձևավորվի այսպես կոչված «Միջին միջանցքի» վերջնական երթուղին, Ադրբեջանը շրջանցել հնարավոր չէ։
«Եթե խոսքը գնում է Կենտրոնական Ասիան առանց Ռուսաստանի և Իրանի՝ Թուրքիային և Եվրոպային կապելու մասին, ապա առանց Ադրբեջանի դա հնարավոր չէ իրականացնել։ Բացի այդ, Ռուսաստանն ու Իրանը ևս շահագրգռված են, որպեսզի Ադրբեջանի տարածքով պահպանեն իրենց կապը՝ այսպես կոչված «Հյուսիս-Հարավ» ուղղությամբ»,– նշել է Պողոսյանը։
Նա ընդգծել է, որ վերջին շրջանում ավելացել են Ռուսաստանի և Իրանի միջև Ադրբեջանի տարածքով իրականացվող ապրանքափոխադրումները, ինչը ևս Բաքվի համար լրացուցիչ ազդեցության գործիք է։ «Ալիևը հասկանում է, որ սա նույնպես լծակ է, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ»,– ասել է փորձագետը։
Պողոսյանը նշել է, որ այժմ քննարկվում են նաև Իրանի կողմից Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով էլեկտրաէներգիայի և գազի ներմուծման հնարավորությունները։ Նրա խոսքով՝ նման նախագծերի իրականացման համար անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը, ինչը ևս մեծացնում է Բաքվի քաղաքական կշիռը։
«Այս բոլոր հարցերում անհրաժեշտ է նախագահ Ալիևի համաձայնությունը։ Այդ պատճառով այո, առայժմ Ալիևը կարող է իրեն թույլ տալ լկտի պահել Ռուսաստանի նկատմամբ»,– եզրափակել է Պողոսյանը։

