Ստեղծված իրավիճակում ցնցումեները անխուսափելի են 

Հայաստանում շարունակվող ներքաղաքական գործընթացները՝ աղմկահարույց ձերբակալությունները, կալանավորումները, սեփականության պետականացման նախաձեռնությունները և իշխանությունների կողմից հնչող հայտարարությունները, թե այս ամենն արվում է պետության ու ժողովրդի շահերից ելնելով և «թալանվածը վերադարձնելու» նպատակով, շարունակում են ակտիվ քննարկումների առիթ դառնալ։ Թե ինչով են պայմանավորված այս գործողությունները և ինչ քաղաքական նպատակներ կարող են հետապնդել դրանք, իր գնահատականն է ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը բնորոշ է անձնիշխանությանը, որտեղ պետական ինստիտուտները այլևս չեն գործում իրենց սահմանադրական դերակատարմամբ։ Մինասյանի պնդմամբ՝ վերջին շրջանում տեղի ունեցող ձերբակալությունները և կալանավորումները չեն կարող դիտարկվել առանձին դեպքեր, այլ նույն քաղաքական գործընթացի մաս են կազմում։

«Շատ երկրներում այսպիսի այլանդակություններ կատարվում են շարունակ։ Բայց մեր ժողովուրդը վերջին 30 տարիներին նման իրավիճակի սովոր չէր։ Երբ կալանավորում են կնոջը և թույլ չեն տալիս շփվել երեք տարեկան երեխայի հետ, դա սարսափելի երևույթ է»,– ասել է Մինասյանը։

Նա պնդել է, որ խոսքը միայն մեկ դեպքի մասին չէ։ Նրա խոսքով՝ կալանավորվել են տասնյակ քաղաքական գործիչներ, նույնիսկ պատգամավորության թեկնածուներ և արդեն ընտրված պատգամավորներ։

Մինասյանի կարծիքով՝ նման գործողությունները հատկապես ընտրական գործընթացների ընթացքում նպատակ են ունեցել չեզոքացնել այն քաղաքական դերակատարներին, որոնք կարող էին վերահսկել ընտրությունների ընթացքը։

«Ընտրություններից առաջ ձերբակալում են քաղաքական ուժի հիմնական դերակատարներին, որոնք պետք է հետևեին ընտրությունների բնականոն ընթացքին և կանխեին հնարավոր խախտումները։ Ընտրություններն ավարտվելուց հետո նրանց ազատ են արձակում։ Սա պատահականություն չէ»,– նշել է նա։

Հանրապետականի ներկայացուցիչը պնդել է, որ երկրում իշխանության բոլոր լծակները կենտրոնացված են մեկ անձի ձեռքում, իսկ սահմանադրական ինստիտուտները, նրա գնահատմամբ, փաստացի դուրս են մղվել որոշումների կայացման գործընթացից։

«Մենք տեղափոխվել ենք մի իրավիճակ, երբ Սահմանադրությունը, դատարանները, դատախազությունը, քննչական մարմինները, պետական ինստիտուտները մի կողմ են դրվել, և իրականացվում է այն, ինչ ցանկանում է մեկ մարդը»,– հայտարարել է նա։

Մինասյանի համոզմամբ՝ նման համակարգը չի կարող երկարաժամկետ լինել և անխուսափելիորեն կհանգեցնի քաղաքական ցնցումների։

Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակից դժգոհ են ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը։ Իշխանությունը, ըստ նրա, չի կարողացել իրականացնել իր քաղաքական ծրագրերը, այդ թվում՝ ապահովել սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ խորհրդարանական մեծամասնություն, իսկ ընդդիմությունը համոզված է, որ զրկվել է իրեն պատկանող ձայներից։

Մինասյանը նաև պնդել է, որ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից դժգոհ են արտաքին հիմնական դերակատարները՝ նշելով Ադրբեջանին, Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին, որոնք, նրա խոսքով, տարբեր պատճառներով չեն ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էին Հայաստանի քաղաքական զարգացումներից։

Ամփոփելով՝ նա հայտարարել է, որ ներկայիս «անկայուն հավասարակշռությունը» երկար չի պահպանվի։

«Մենք կանգնած ենք լրջագույն ցնցումների առաջ։ Այս անորոշ վիճակը պետք է հանգուցալուծում ստանա։ Չեմ կարող ասել՝ երբ և ում նախաձեռնությամբ դա տեղի կունենա՝ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության, բայց ակնհայտ է, որ այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող»,– եզրափակել է Մինասյանը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top