ՌԴ-ն դեռևս ունի ազդեցության գործիքներ ՀՀ-ում, բայց վերադարձը նախկին կարգավիճակի քիչ հավանական է

Հայաստանում տեղի ունեցող ապագաղութացման գործընթացը շարունակվում է, և Ռուսաստանի ազդեցության նախկին մակարդակին վերադարձն արդեն քիչ հավանական է։ Այս մասին նշում է քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Մոսկվան դեռևս պահպանում է ներքաղաքական գործընթացների վրա ազդելու որոշակի հնարավորություններ։

Ռուսական ազդեցության գործիքները Հայաստանում

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը փորձելու է պահպանել իր լծակները ներքին քաղաքականության վրա ազդելու համար, գոնե նվազագույն մակարդակով․

«Հիմնականում դա արվում է ապատեղեկատվության միջոցով, և, իհարկե, նաև որոշակի քաղաքական շրջանակների միջոցով», — նշեց նա՝ հավելելով, որ  այս ընտրությունների արդյունքում  խորհրդարան անցան ռուսական շահերի ծիրում գործող ուժեր։  «Երկու խմբակցություններ, ըստ էության, այդպիսին են լինելու, և ինքը [Ռուսաստանը] բնականաբար փորձելու է դա օգտագործել։ Միգուցե իրենք մտածում են՝ վաղը, մյուս օրը կարող է տնտեսական ինչ-որ ճգնաժամ լինել Հայաստանում, և այդ գործիքը հնարավոր կլինի ակտիվացնել՝  խորացնելով իր ներկայությունը», — ասաց փորձագետը։

Այս պահին սակայն, շարունակեց նա, Մոսկվան մեծապես հենվում է Հայաստանի տնտեսական կախվածության և «իր ռազմական որոշակի, թեկուզ և սահմանափակ ներկայության» վրա։

Ապագաղութացում և հանրային տրամադրություններ

Չնայած այս գործիքակազմին՝ Վարդանյանը համոզված է, որ ռուսական ազդեցության վերադարձը հանրային աջակցություն չունի․ «Ես չեմ կարծում, որ հանրային աջակցություն կա։ Հակառակը՝ մենք տեսնում ենք, որ գնալով հակակրեմլյան տրամադրությունները խորանում են Հայաստանում»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանն արդեն անցել է կարևոր սահմանագիծ՝ Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալու գործընթացում․ «Մենք հաղթահարել ենք այդ ապագաղութացման գործընթացում մի շատ կարևոր գիծ։ Իմ կարծիքով, Հայաստանում  Ռուսաստանի նախկին ազդեցության  վերականգնման հավանականությունը շատ փոքր է»։

Այս գործընթացին նպաստում է նաև տնտեսական վերակողմնորոշումը․ «Մենք տեսնում ենք, որ շատ արագ կարողանում ենք նոր շուկաներ գտնել։ Դրանում շատ լուրջ օգնում է, բնականաբար, Արևմուտքը։ Արևմուտքի և Հայաստանի շահերը ամբողջությամբ համընկնում են, հատկապես Եվրամիության՝ որպես միության, և նաև Միացյալ Նահանգների հետ»։

Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային բախումներում

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը և հնարավոր հակամարտությունների մեջ ներգրավվելուն՝ Վարդանյանը  նշում է․

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի խուսափենք որևէ կոնֆլիկտում որևէ դերակատարում ունենալուց։ Լրիվ հակառակը։ Թեև շատ բարդ է՝ ունենալով այսպիսի հարևաններ, այսպիսի տարածաշրջանում գտնվելով և փոքր պետություն լինելով, բայց մենք կարողանում ենք դա անել»։

Նա ընդգծում է, որ նույնիսկ հիմքեր ունենալով այս կամ այն կողմին աջակցելու՝ Երևանը զսպվածություն է ցուցաբերում։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top