Ռուսաստանի Դաշնությունը վերջին երեք տարիներին զգալիորեն արագացրել է միգրացիոն օրենսդրության խստացման գործընթացը, ինչը լուրջ ազդեցություն է թողնում ինչպես օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ հենց ռուսական պատկան մարմինների աշխատանքի վրա։ Այս մասին հայտարարել է միգրացիոն փորձագետ Թաթևիկ Բեժանյանը։
Նրա խոսքով՝ եթե նախկինում տարեկան ընդունվում էին առավելագույնը մեկից հինգ փոփոխություններ, որոնք էական ազդեցություն չէին ունենում, ապա այժմ խստացումները դարձել են ավելի ինտենսիվ և բազմաշերտ։ «Շատ հաճախ ոչ միայն փորձագետները, այլև Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների աշխատակիցները չեն հասցնում այդ փոփոխությունների հետևից, ինչն արդեն հանգեցնում է բազմաթիվ խնդիրների և հետևանքների»,- նշել է նա։
Փորձագետի խոսքով՝ ամենախոշոր փոփոխությունները կատարվել են 2025-2026 թվականներին։ Դրանց թվում են արտաքսման ռեժիմի վերաբերյալ օրենքի ընդունումը, վերահսկվող անձանց ռեեստրի ստեղծումը, ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու ժամկետի կրճատումը, եթե նրանք երկրում չեն աշխատում կամ սովորում։ Բացի այդ, փոփոխվել են երեխաների կրթություն ստանալու պայմանները, իսկ միգրացիոն քարտերը, որոնք նախկինում տրվում էին առանց ժամկետի, այժմ դարձել են ժամկետային, ինչը նոր խնդիրներ է ստեղծել, այդ թվում՝ աշխատանքային միգրանտների համար։
Բեժանյանի խոսքով՝ նոր ռեժիմի կարևոր բաղադրիչներից է RuID համակարգը, որը Ռուսաստանը շուրջ երկու տարի փորձում է դարձնել պարտադիր։ Սակայն, նրա խոսքով, համակարգը դեռ չի դիմանում ծանրաբեռնվածությանը, ինչի հետևանքով արդեն երկրորդ անգամ պարտադիր կիրառումը հետաձգվել է, և այն շարունակում է գործել կամավոր սկզբունքով։ Փորձագետը նշել է նաև, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում արդեն կիրառվում է միգրանտի էլեկտրոնային պրոֆիլի համակարգը, որը հետագայում նախատեսվում է տարածել նաև Ռուսաստանի մյուս շրջաններում։
Նրա խոսքով՝ ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիները, որոնք աշխատանքի նպատակով մեկնում են Մոսկվա և Մոսկվայի մարզ, պարտավոր են միգրացիոն հաշվառումն իրականացնել միայն AMINA բջջային հավելվածի միջոցով։ Բեժանյանի խոսքով՝ հավելվածը մշտապես վերահսկում է անձի գեոլոկացիան, իսկ օգտատերը պարբերաբար ստանում է հաղորդագրություններ, որոնց պետք է արձագանքի։ Հեռախոսը պետք է մշտապես գտնվի անձի մոտ, քանի որ դրա միջոցով է իրականացվում վերահսկողությունը։
Փորձագետի գնահատմամբ՝ վերջին շրջանում Մոսկվայում և Մոսկվայի մարզում հաճախակի դարձած ինտերնետի անջատումները լուրջ խնդիրներ են առաջացնում։ Նրա խոսքով՝ ինտերնետի վերականգնումից հետո հավելվածը հաճախ խափանվում է, ինչի հետևանքով կարող է դադարել միգրացիոն հաշվառումը կամ նույնիսկ ինքնաբերաբար փոխվել գրանցված հասցեն։ «Պետությունը միշտ չէ, որ ընդունում է, որ պատճառը տեխնիկական խնդիրն է։ Լինում են դեպքեր, երբ այդ պատճառով անձը հայտնվում է վերահսկվող անձանց ռեեստրում, ստանում է մուտքի արգելք կամ արտաքսվում է, իսկ հետագայում այդ որոշումները բողոքարկելու գործընթացը երկարատև է լինում»,- նշել է նա։ Փորձագետի խոսքով՝ այս բոլոր խստացումներն արդեն ուղղակի ազդեցություն են թողել աշխատանքային միգրացիայի հոսքերի վրա։
Նրա ներկայացրած տվյալներով՝ 2018-2021 թվականներին Ռուսաստանում տարեկան մինչև 120 հազար Հայաստանի քաղաքացի ուներ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր։ Միաժամանակ աշխատանքի նպատակով երկիր մուտք գործող աշխատողների ընդհանուր թիվը հասնում էր 250-300 հազարի։ Սակայն, Բեժանյանի խոսքով, 2022 թվականից սկսվել է նվազման միտումը. նախ աշխատող միգրանտների թիվը կազմել է շուրջ 100 հազար, իսկ վերջին տարիներին այն նվազել է մինչև մոտ 70 հազար, երբեմն նույնիսկ իջնելով այդ ցուցանիշից։
Փորձագետը պատճառներից մեկը համարում է այն, որ ներկայումս ավելի քան 23 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի ունի Ռուսաստանի մուտքի արգելք։ «Այդ ցուցակները հստակ կան, և Հայաստանի Հանրապետությունը անուններով տեղեկացված է, թե ովքեր են այդ քաղաքացիները։ Այս պահին արդեն ավելի քան 23 հազար ՀՀ քաղաքացի ունի մուտքի արգելք»,- նշել է Բեժանյանը՝ հավելելով, որ հաճախ մարդիկ նույնիսկ չգիտեն, որ իրենց մուտքը Ռուսաստան արգելված է:
«Այդ պատճառով ես ամեն դեպքում խորհուրդ կտամ օգտվել RuID-ից, քանի որ այն անպայման ցույց կտա, որ անձի մուտքն արգելված է։ Այդ դեպքում կարիք չի լինի տոմս գնել, ծախսեր անել, հասնել որևէ օդանավակայան կամ ցամաքային սահման, որպեսզի այնտեղից հետ ուղարկեն անձին։ Դրա համար ցանկալի է, որ անպայման RuID-ով գրանցվեն՝ այս տեղեկությունն ունենալու համար։ Հաջորդը՝ RuID-ով գրանցվելու պարագայում միանգամից ձևավորվում է միգրանտի էլեկտրոնային պրոֆիլը։ Եթե անձը նախապես RuID-ով չի գրանցվել, միևնույն է, այդ տվյալները հետագայում պետք է հավաքվեն, և այդ էլեկտրոնային պրոֆիլը պետք է ձևավորվի», — եզրափակեց նա։

