Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը ցույց տվեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի վերաիմաստավորել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, ոչ էլ ընկալել է հասարակության տրամադրությունների փոփոխությունը։ Այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ գնահատելով նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկը։
«Լսելով ընդդիմության հարցերը՝ հասկանում էիր, որ ընդդիմությունն այդպես էլ չի գիտակցել՝ հիմա 2026 թվականն է, ոչ թե 2021-ը, և չի հասկացել, թե ինչու պարտվեց հունիսի 7-ին»,- ասաց նա։ Բադալյանի գնահատմամբ՝ ընտրությունների արդյունքները հնարավոր չէ բացատրել միայն վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե իշխանության ստացած 727 հազար ձայներից պայմանականորեն հանվեն 300 հազարը՝ որպես վարչական ռեսուրսի արդյունք, միևնույն է կմնա շուրջ 427 հազար ընտրող, ինչը գերազանցում է ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրի առանձին ստացած քվեները։ «Դա նշանակում է, որ առնվազն այդ 427 հազար մարդու գիտակցության մեջ փոփոխություն է տեղի ունեցել։ Նրանք այլ կերպ են ընկալում Արցախի հարցը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև պետություն–եկեղեցի ներկայիս հակասությունները։ Եթե նույնիսկ վարչական ռեսուրսի մասին ամենախիստ գնահատականներն ընդունենք, միևնույն է այդ փոփոխությունը մնում է»,- նշեց նա։
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ ընդդիմությունն ընտրել էր քարոզչական մարտավարություն, որն այլևս արդիական չէ։ «Փորձում էին ցույց տալ, որ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայում սովորել է, շփվել է թուրքերի հետ, հետևաբար ինչ-որ կերպ կապված է Թուրքիայի հետ։ Բայց եթե մարդը սովորել է Թուրքիայում, բնական է, որ շփվել է թուրքերի հետ։ Նման հարցադրումները քաղաքական բովանդակություն չունեին»,- ասաց նա։ Բադալյանի համոզմամբ՝ հակաթուրքական հռետորաբանությունը նախկին ազդեցությունն այլևս չունի։ «Ժամանակին հակաթուրքականությունը Հայաստանում քաղաքական թրենդ էր, հիմա՝ ոչ։ Այո, կան հակաթուրքական խմբեր, բայց հասարակության գերակշիռ մասը այլևս այդ տրամաբանությամբ չի առաջնորդվում»,- ընդգծեց նա։
Բադալյանի խոսքով՝ խորհրդարանական քննարկումների առանցքում պետք է լինեին արտաքին և ներքին քաղաքականության հարցերը, այլ ոչ թե թեկնածուի կենսագրությունը։ Նրա կարծիքով՝ ընդդիմությունը պետք է հետաքրքրվեր Ռուբեն Ռուբինյանի դիրքորոշումներով՝ Հայաստանի հնարավոր անդամակցությանը ԲՐԻԿՍ-ին, Շանհայի համագործակցության կազմակերպությանը, ՆԱՏՕ-ին, Եվրամիության հետ հարաբերություններին, ինչպես նաև երկրի տնտեսական զարգացման ռազմավարությանը վերաբերող հարցերով։ «Եթե մարդը հավակնում է զբաղեցնել երկրի երկրորդ կարևորագույն քաղաքական պաշտոններից մեկը, պետք է պատասխան տա իր քաղաքական պատկերացումների, ոչ թե ուսանողական կենսագրության վերաբերյալ հարցերին»,- ասաց նա։
Անդրադառնալով ընտրությունների արդյունքների շուրջ շարունակվող վիճաբանություններին՝ Բադալյանը նշեց, որ ընդդիմությունը շարունակում է խոսել ընտրակեղծիքների մասին՝ փոխարենը քաղաքական պայքարը կառուցելու այն իրողության հիման վրա, որն արդեն ձևավորվել է։ «Այս պահին փաստն այն է, որ ՔՊ-ն ունի 64 մանդատ, ընդդիմությունը՝ 41։ Անկախ նրանից՝ դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ոչ, քաղաքական պայքարը պետք է կառուցել այդ իրականության հիման վրա, ոչ թե անվերջ վերադառնալ արդեն ավարտված ընտրություններին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է փորձի հասարակությանը ցույց տալ, որ քաղաքական հասունությամբ գերազանցում է իշխանությանը, այլ ոչ թե մշտապես կրկնի նախկին մեղադրանքները։ Բադալյանը չի բացառել, որ գործող իշխանությունը կարող է երկար ժամանակ պահպանել իր դիրքերը։ Նրա խոսքով՝ խորհրդարանական կառավարման համակարգերում իշխող քաղաքական ուժերը հաճախ իշխանության են մնում տասնամյակներով՝ նույնիսկ այն դեպքում, երբ վարչապետները փոխվում են։ «Օրինակ՝ Ճապոնիայում նույն քաղաքական ուժը կարող է տասնամյակներ շարունակ պահպանել իշխանությունը՝ պարզապես փոխելով վարչապետներին։ Հայաստանում ևս տեսականորեն հնարավոր է, որ տարիներ անց վարչապետը փոխվի, բայց իշխանության մնա նույն քաղաքական ուժը»,- նշեց նա։
Խոսելով սոցիալ-տնտեսական խնդիրների և Ռուսաստանի սահմանած տնտեսական սահմանափակումների ազդեցության մասին՝ Բադալյանը նշեց, որ դրանք կարող են վատացնել մարդկանց կենսամակարդակը, սակայն ինքնին չեն վերածվում զանգվածային բողոքի շարժումների։ «Մարդիկ չեն փորձում պայքարել իշխանության փոփոխության համար, այլ փորձում են լուծել սեփական խնդիրը՝ շրջանցելով այն։ Եթե մի ճանապարհ փակվում է, փնտրում են մյուսը։ Եթե հնարավոր չէ աշխատել մեկ ուղղությամբ, փորձում են գտնել այլ տարբերակ»,- ասաց նա։
Բադալյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքացիների համար սոցիալական պայքարի ամենատարածված ձևը դարձել է արտագաղթը։ «Հայ ժողովուրդը չի դադարել պայքարել, պարզապես պայքարում է այլ ձևով։ Մեր հասարակության պայքարի ձևերից մեկը դարձել է արտագաղթը։ Եթե մարդը տեսնում է, որ չի կարող բարելավել իր կյանքը, նա հավաքում է իրերը և մեկնում է, սա շատ պրագմատիկ մոտեցում է՝ մարդը մեկ անգամ է ապրում և ցանկանում է լավ ապրել»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։

