ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը՝ անդամակցության վերջի սկիզբն է

ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցի քննարկման հավանականությունը կապված է կազմակերպության միասնական բյուջե Հայաստանի չկատարած վճարումների հետ։ Այս մասին նշել է քաղաքական մեկնաբան Արտյոմ Երնկանյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում հնարավոր որոշումներին։

«Փաստ է, որ Հայաստանը արդեն մոտ երեք տարի է՝ վճարումներ չի կատարում ՀԱՊԿ միասնական բյուջե։ Պարտքի գումարի չափը գաղտնի է, բյուջեի 10 տոկոսը ձևավորվում է Հայաստանի մասնակցությամբ։ Շատ մեծ գումար չէ, բայց Հայաստանը այդ գումարը չի վճարում՝ իհարկե սկզբունքներից ելնելով»։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությունը նման իրավիճակների դեպքում նախատեսում է սահմանափակումներ։

«ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ կետը հստակ ասում է, որ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում վճարումներ չի կատարում միասնական բյուջե, կազմակերպության խորհուրդը իրավունք ունի պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ։ Երկու տարբերակ կա՝ պետությանը զրկել ձայնի, այսինքն՝ քվեարկությանը մասնակցելու իրավունքից, և 2-րդը կամ զրկել կազմակերպության ղեկավար մարմիններում ներկայացուցիչ ունենալու իրավունքից»։

Երնկանյանն ընդգծել է, որ այդ 2 սահմանափակումները փաստացի արդեն առկա են, սակայն ոչ ՀԱՊԿ որոշման, այլ Հայաստանի իշխանությունների քայլերի հետևանքով։

«Այս երկուսն էլ այժմ առկա են, բայց ոչ թե խորհրդի որոշմամբ, այլ Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշմամբ։ Հայաստանը հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ քարտուղարությունից և միասնական շտաբից, և արդեն որերորդ գագաթնաժողովին Հայաստանը չի ներկայանում, պատվիրակ չի ուղարկում։ Այսինքն՝ եթե որևէ որոշում կայացվի առաջիկա գագաթնաժողովին, դա ընդամենը ֆորմալ ձև կտա այն ամենին, ինչ այժմ դեֆակտո գոյություն ունի»։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի նկատմամբ հնարավոր գործընթացները կարող են սկսվել հենց ձայնի իրավունքի սահմանափակումից։ «Ամենայն հավանականությամբ, նոյեմբերի 11-ին Մոսկվայում Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում այդ հարցը իսկապես կբարձրացվի և քվեարկությամբ կլուծվի»։ 

Անդրադառնալով Հայաստանի հնարավոր հեռացման հարցին՝ Երնկանյանը նշել է, որ դրա համար նույնպես գոյություն ունեն իրավական հիմքեր։ «Ֆորմալ իրավական հիմքերը կան հենց այսօր էլ Հայաստանի անդամակցության հարցը քննարկելու համար, քանի որ կանոնադրության 20-րդ հոդվածում հստակ ասվում է, որ պետությունը կարող է վտարվել կազմակերպությունից, եթե սիստեմատիկորեն խախտում է պարտավորությունները և չի կատարում կանոնադրության պահանջները»։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրները կարող են նման հարց քննարկել նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության։ «Կանոնադրությունը հստակ տալիս է դրա հնարավորությունը։ Այսինքն՝ այն պետությունը, որի ճակատագիրը որոշում են, կարող է ներկա չլինել, համենայն դեպս այդ պետության ձայնը հաշվի չեն առնում։ Այս դեպքում պետության վետոյի իրավունքը չի գործում»։

Միաժամանակ, ըստ Երնկանյանի, Հայաստանի հեռացման հարցը մոտ ապագայում, հավանաբար, չի քննարկվի։ «Կարծում եմ՝ Մոսկվայում գալիք գագաթնաժողովի ժամանակ այս հարցը չի քննարկվի։ Դեռ այսպես հերթականությամբ են, հավանաբար, լուծելու։ Առաջին փուլում քննարկվելու է ձայնի իրավունքից զրկելու և ներկայացուցիչներ, պատվիրակներ ունենալու հարցը, իսկ մեկուկես տարի հետո հնարավոր է քվեարկության դրվի նաև անդամակցության հարցը»։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top