Տեկտոնական փոփոխությունների հնարավորություն․TRIPP-ը միայն երկաթուղի չէ՞

TRIPP-ի շրջանակում Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության հնարավորությունները շատ ավելի լայն են, քան միայն երկաթուղային հաղորդակցության վերագործարկումը։ Այս մասին նշել է քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանը։  Նրա գնահատմամբ՝ ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը կարող են դառնալ նավթատարներն ու գազատարները, որոնք Հայաստանի տարածքը կվերածեն տարածաշրջանային էներգետիկ և լոգիստիկ տարանցման կարևոր ուղու։

«Հայաստանն ու ԱՄՆ-ն TRIPP-ի շրջանակներում շատ լուրջ ենթակառուցվածքային ծրագրերի մասին են խոսում։ Միայն երկաթգծի մասին չէ։ Ամենակարևորը այստեղ նավթատարների և գազատարների կառուցումն է»,– ասել է Խուրշուդյանը։ Նրա խոսքով՝ երկաթուղուն զուգահեռ կարող է վերագործարկվել նաև ավտոմոբիլային ճանապարհային ցանցը, կառուցվել կամ վերականգնվել մալուխային և էլեկտրական գծեր ու այլ ենթակառուցվածքներ։ Սակայն, ըստ նրա, Հայաստանի համար ամենամեծ տնտեսական և աշխարհաքաղաքական նշանակությունը կարող է ունենալ էներգակիրների տարանցումը։

Ղազախական նավթը՝ Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա՞

Խուրշուդյանը հատկապես կարևորում է Ղազախստանի նավթի տարանցման հնարավորությունը։ 

Նրա խոսքով՝ ներկայում Ղազախստանը խնդիրներ ունի իր նավթի՝ Նովոռոսիյսկի ուղղությամբ արտահանման հետ։ Մի կողմից՝ ռուսական կողմը տարբեր ժամանակներում սահմանափակել է այդ ենթակառուցվածքների աշխատանքը, մյուս կողմից՝ ուկրաինական հարվածների հետևանքով խնդիրներ են առաջացել նավթի տեղափոխման համար օգտագործվող նավահանգիստների և տերմինալների շուրջ։

Քաղաքագետի խոսքով՝ ստեղծված իրավիճակը ստիպում է Ղազախստանին փնտրել նավթի արտահանման այլընտրանքային ուղիներ։

Այդ համատեքստում կարող է առաջանալ նոր նավթատարի կառուցման անհրաժեշտություն, որով ղազախական նավթը կարող է անցնել Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով՝ այնուհետև հասնելով եվրոպական շուկաներ։

«Ղազախները, ինչպես նաև ամերիկացիների և այդ կորպորացիաների, հատկապես ամերիկյան նավթային կորպորացիաների, պատրաստ են այդ նոր նավթատարը կառուցել, որպեսզի ղազախական, վաղը մյուս օր դրան կարող է միանալ ուզբեկական նավթը, գա հասնի Ադրբեջանով, Հայաստանով, Թուրքիա և այդտեղից արդեն կարող է մինչև Եվրոպա ուղիղ տանեն հասցնեն»,– նշել է Խուրշուդյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի տարածքով նման ենթակառուցվածքի անցումը միանգամից մի շարք խնդիրներ կարող է լուծել Հայաստանի համար՝ ստեղծելով տարանցիկ եկամուտներ և մեծացնելով երկրի ռազմավարական նշանակությունը։

Թուրքմենական գազի ճանապարհը

Խուրշուդյանի խոսքով՝ նույն տրամաբանությունը կարող է գործել նաև գազի դեպքում։

Նրա գնահատմամբ՝ ադրբեջանական նավթի և գազի ներկայիս ծավալները բավարար չեն նոր խոշոր նավթատարների և գազատարների կառուցումն ամբողջությամբ հիմնավորելու համար։ Սակայն եթե այդ համակարգերին միանան ղազախական նավթը և թուրքմենական գազը, իրավիճակը կփոխվի։

«Եթե թուրքմենական գազը միանա այդտեղ, բայց եթե նոր է կառուցվում, բնականաբար հզորն է կառուցվելու։ Թուրքմենական գազը կգնա Եվրոպա, որ լրիվ արդեն ռուսական գազին փոխհատուցի»,– ասել է նա։

Խուրշուդյանը նշում է, որ գործող ենթակառուցվածքների հզորությունները կարող են բավարար չլինել նման ծավալների համար։ Հետևաբար նոր ենթակառուցվածքների կառուցումը կարող է դառնալ ոչ միայն տնտեսական, այլև եվրոպական էներգետիկ անվտանգության կարևոր բաղադրիչ։

Նրա խոսքով՝ թուրքմենական գազի տարանցումը ևս կարող է ապահովել Հայաստանի համար զգալի եկամուտներ և միաժամանակ նվազեցնել երկրի կախվածությունը ռուսական գազի գնից։

«Եթե տրանզիտ է լինում, դա գումար ես տանում տրանզիտից, և այդ գումարի հաշվին նվազում են քո ծախսերը»,– նշել է նա։

Իրանը նույնպես կարող է հետաքրքրված լինել Հայաստանի տարանցիկ հնարավորություններով

Խուրշուդյանը կարևորում է նաև Իրանի հնարավոր մասնակցությունը տարածաշրջանային նոր էներգետիկ ենթակառուցվածքներին։

Նրա խոսքով՝ Հայաստանի ենթակառուցվածքների նախարարի՝ Իրան կատարած վերջին այցից հետո իրանական կողմից տեղեկություններ են հրապարակվել, որ Թեհրանը Հայաստանը դիտարկում է նաև որպես էներգետիկ տարանցման հնարավոր ուղղություն։

Քաղաքագետի գնահատմամբ՝ եթե Իրանը ցանկանում է իր գազը հասցնել եվրոպական շուկա, Հայաստանի և Վրաստանի տարածքով անցնող երթուղին կարող է լինել ավելի ընդունելի տարբերակներից մեկը։

«Եթե Թուրքիայով հետաքրքրված լինեին Եվրոպա մտնելու, Թուրքիան հզորացնելու, հենա կասեին՝ Թուրքիայով կանենք, էլ Հայաստանը ինչի՞ս է պետք։ Բայց իրենք միշտ էլ ասել են, քանի որ Հայաստանն ու Վրաստանը չունեն աշխարհաքաղաքական ամբիցիաներ և այդ գազը իրենց տարածքով անցնելու դեպքում երբեք չեն օգտագործի ճնշում գործադրելու այդ գազը մատակարարող երկրի վրա»,– նշել է Խուրշուդյանը։

Նրա խոսքով՝ այս տրամաբանությամբ Իրանի համար հետաքրքրություն կարող է ներկայացնել Հայաստան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա ուղղությունը։

Խուրշուդյանը խոսում է հնարավոր շատ մեծ ծավալների մասին։ Նրա գնահատմամբ՝ ապագայում Իրանից դեպի Եվրոպա կարող է տարանցվել մինչև 100 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ թուրքմենական գազի դեպքում խոսքը կարող է հասնել 70-80 միլիարդ խորանարդ մետրի։

«Սրանք հսկայական ծավալներ են։ 100 միլիարդի դեպքում մենք 600 միլիոնից 1 միլիարդ դոլար մենակ տրանզիտային գումար կարող ենք ստանալ Իրանից գազի արտահանման դեպքում»,– ասել է նա։

Գազի տարանցումը կարող է փոխել Հայաստանի էներգետիկ հաշվեկշիռը

Խուրշուդյանի գնահատմամբ՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել նաև այս ուղղությամբ։

Նա ենթադրում է, որ ապագայում ամերիկյան նավթագազային ընկերությունները կարող են հետաքրքրվել նման ենթակառուցվածքների կառուցմամբ և շահագործմամբ։

Այս համատեքստում Խուրշուդյանը նաև բարձրացնում է Հայաստանում գործող «Գազպրոմ»-ի ենթակառուցվածքների սեփականության և կառավարման հարցը՝ առաջարկելով քննարկել դրանց ազգայնացման և համապատասխան փոխհատուցման հնարավորությունը։

«Իսկապես տեկտոնական փոփոխությունների հնարավորություն կա»

Խուրշուդյանի համոզմամբ՝ այս բոլոր հնարավորությունները միասին կարող են հանգեցնել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի էական փոփոխության։

Նա նշում է, որ վերջին տարիներին հաճախ է օգտագործվում «աշխարհաքաղաքական տեկտոնական փոփոխություններ» ձևակերպումը, սակայն TRIPP-ի և դրան հարակից ենթակառուցվածքների իրականացման դեպքում այդ արտահայտությունը կարող է ստանալ գործնական բովանդակություն։

«Իսկապես տեկտոնական փոփոխությունների հնարավորություն կա։ Միանշանակ դա երևում է, եթե Հայաստանը դառնում է խաչմերուկ։ Այն, ինչ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ արդեն մի քանի անգամ կրկնեց՝ խաղաղության խաչմերուկ, բայց նաև լոգիստիկ խաչմերուկ»,– ասել է նա։

Ըստ Խուրշուդյանի՝ խոսքը միայն ճանապարհների կամ երկաթուղու վերագործարկման մասին չէ։ Եթե Հայաստանի տարածքով անցնեն նավթատարներ և գազատարներ, ապա երկիրը կարող է դառնալ տարածաշրջանային էներգետիկ համակարգերի կարևոր հանգույց։

Ենթակառուցվածքները՝ նաև անվտանգության երաշխի՞ք

Խուրշուդյանը Հայաստանի հնարավոր նոր դերը կապում է նաև երկրի անվտանգության հետ։

Նրա գնահատմամբ՝ որքան ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունենա Հայաստանի տարածքով անցնող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքը, այնքան ավելի բարձր կլինի դրանց անվտանգությունն ապահովելու միջազգային շահագրգռվածությունը։

«Եթե այդ նավթատարներն ու գազատարները Հայաստանով են անցնելու, վերջացավ՝ Հայաստանի վրա հարձակվելու որևէ հեռանկար Ադրբեջանը չի կարողանա փայփայել տեսանելի ապագայում»,– նշել է նա։

Այսպիսով, Խուրշուդյանի ներկայացրած սցենարում TRIPP-ը դիտարկվում է ոչ թե որպես մեկ առանձին երկաթուղային կամ տրանսպորտային նախագիծ, այլ որպես շատ ավելի լայն ենթակառուցվածքային գործընթացի հնարավոր մեկնարկ։ Այդ գործընթացը կարող է ներառել երկաթուղիներ, ավտոմոբիլային ճանապարհներ, էլեկտրական և մալուխային ցանցեր, նավթատարներ ու գազատարներ՝ Հայաստանի համար ստեղծելով նոր տարանցիկ եկամուտներ և փոխելով երկրի տնտեսական ու աշխարհաքաղաքական նշանակությունը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top