Երևան-Մոսկվա հարաբերությունների սրման թրիգերները 

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում վերջին շրջանում ավելի կոշտ արձագանքների հիմքում երկու հիմնական գործընթաց է, որոնք Մոսկվան դիտարկում է որպես կարմիր գծեր։ Քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի գնահատմամբ՝ խոսքը Հայաստանի ինստիտուցիոնալ աշխարհաքաղաքական պատկանելիության և ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողության մասին է։ Ընտրությունները, նրա խոսքով, այդ գործընթացները չեն առաջացրել, այլ պարզապես արագացրել և ավելի տեսանելի են դարձրել։

Սրման պատճառները բացատրելու համար քաղաքագետը հատկապես առանձնացնում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ ապրիլի 2-ին հրապարակված հոդվածը՝ նշելով, որ այն ավելի սուր էր, քան ապրիլի 1-ին տեղի ունեցած Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպման ընթացքում հնչած հայտարարությունները։ 

Մոսկվայի «կարմիր գծերը»

Սուքիասյանի գնահատմամբ՝ Հայաստանի ինստիտուցիոնալ աշխարհաքաղաքական պատկանելիության և ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը Ռուսաստանի համար առանձնահատուկ նշանակություն են ստացել հատկապես 2020 թվականից հետո, իսկ ավելի ընդգծված՝ 2022 թվականից սկսած։

Այդ շրջանում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում տեղի ունեցան մի շարք էական փոփոխություններ։ Դրանց թվում էր ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցումը, ինչպես նաև Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ Երևանի հարաբերությունների աստիճանական խորացումը։

Քաղաքագետը հիշեցնում է, որ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանում Ռուսաստանից ակնկալում էին ավելի հստակ դաշնակցային արձագանք, սակայն դա տեղի չունեցավ, ինչին և հաջորդեց ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցումը։

Նա հիշեցնում է նաև ՀԱՊԿ-ի իրավական մեխանիզմները՝ նշելով, որ նույնիսկ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելու պայմաններում կազմակերպության շրջանակում գործող կանոնները որոշակի սահմանափակումներ են ստեղծում այլ պետության ռազմաբազա Հայաստանում տեղակայելու համար։

Այսինքն՝ Սուքիասյանի գնահատմամբ, Ռուսաստանի համար կարևոր է ոչ միայն Հայաստանի փաստացի քաղաքական կողմնորոշումը, այլև այն իրավական և ինստիտուցիոնալ համակարգը, որի շրջանակում Հայաստանը շարունակում է մնալ։

ԵԱՏՄ-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական կապի առանցք

Սուքիասյանի կարծիքով՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին Ռուսաստանի համար կարևոր սահմանագիծ է, քանի որ այն երկիրը պահում է ընդհանուր եվրասիական տնտեսական և մաքսային համակարգում։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը շարունակում է մնալ այդ համակարգում, ապա դա իրավական առումով սահմանափակում է այլ տնտեսական գոտիների հետ լիարժեք ինտեգրման հնարավորությունները։

Սակայն ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի շուրջ քաղաքական դիսկուրսը Հայաստանում փոփոխվեց։

Նրա խոսքով՝ նախկինում այդ թեման հիմնականում ձևակերպվում էր պայմանական եղանակով․ եթե երբևէ նման հարց առաջանա, այդ ժամանակ Հայաստանը կքննարկի և որոշում կկայացնի։ Վերջին ամիսներին, սակայն, ըստ քաղաքագետի, ձևակերպումը փոխվել է։ Հարցն արդեն քննարկվում է ոչ այնքան «եթե»-ի, որքան «երբ»-ի տրամաբանությամբ։

Այս փոփոխությունը, նրա գնահատմամբ, ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու և եվրոպական ուղղությամբ շարժվելու հեռանկարը Հայաստանի քաղաքական օրակարգում դարձել է ավելի առարկայական։

Սուքիասյանը որպես օրինակ նշում է նաև կառավարության ղեկավարի հայտարարությունը ԵԱՏՄ-ի կառավարման մարմնի նիստում, ըստ որի՝ Հայաստանը ստեղծում է այն այլընտրանքը, որի ուղղությամբ կարող է շարժվել։ Այսինքն՝ ըստ քաղաքագետի, խոսքը այլևս միայն տեսական հնարավորության մասին չէ, այլ այնպիսի քաղաքական ուղղության, որի համար նախապատրաստվում են համապատասխան պայմաններ։

Էներգետիկան և երկաթուղին՝ ռազմավարական ենթակառուցվածքներ

Ռուսաստանի երկրորդ կարևոր կարմիր գիծը, ըստ Սուքիասյանի, Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ ունեցած ազդեցությունն է։

Այստեղ նա առանձնացնում է էներգետիկ ոլորտը և երկաթուղին։ Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի էներգետիկ համակարգում Ռուսաստանի ներկայության նշանակությունը չպետք է թերագնահատել։

Նա նշում է, որ նույնիսկ այն պայմաններում, երբ Հայաստանը որոշ ժամանակահատվածներում էլեկտրաէներգիայի արտադրության ավելցուկ է ունենում, անհրաժեշտ է հաշվի առնել էներգետիկ համակարգի հիմքում ընկած կախվածությունները։ Մասնավորապես, խոսքը հայկական ատոմակայանի համար անհրաժեշտ վառելիքի մատակարարման և ջերմաէլեկտրակայաններում օգտագործվող գազի մասին է։

Այսպիսով, ըստ Սուքիասյանի, էլեկտրաէներգիայի արտադրության առանձին ցուցանիշները դեռ չեն նշանակում, որ Հայաստանի էներգետիկ համակարգը ամբողջությամբ անկախացել է ռուսական ենթակառուցվածքային և մատակարարման շղթաներից։

Հարևանների հետ բաց սահմանների համար անհրաժեշտ է երկաթուղի

ԵԱՏՄ-ի թեմային զուգահեռ՝ Ռուսաստանի համար ավելի կոնկրետ է դառնում նաև երկաթուղու հարցը։ 

Եթե Հայաստանը փորձում է կարգավորել հարաբերությունները հարևանների հետ և անցնել ավելի ինքնուրույն առևտրատնտեսական քաղաքականության, ապա դրա համար անհրաժեշտ են բաց սահմաններ և զարգացած հաղորդակցություններ։ Իսկ առևտրի համար անհրաժեշտ է ենթակառուցվածք, որով ապրանքներն ու ծառայությունները կարող են տեղաշարժվել։

Այդ համատեքստում երկաթուղին դառնում է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակության գործոն։ Քանի դեռ Ռուսաստանի ազդեցությունը պահպանվում է այդ ենթակառուցվածքի նկատմամբ, Մոսկվան շարունակում է ունենալ կարևոր լծակ Հայաստանի տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացներում։

Սուքիասյանի խոսքով՝ հենց այս համակարգերն էին երկար ժամանակ Հայաստանը պահում այնպիսի իրավիճակում, որտեղ Երևանի՝ ռուսական ազդեցության շրջանակից արագ հեռանալու հնարավորությունները սահմանափակ էին։

Ինչու՞ Մոսկվան ավելի կոշտ արձագանքեց հիմա

Քաղաքագետի գնահատմամբ՝ նախորդ տարիներին Ռուսաստանը կարող էր իրեն թույլ տալ չգնալ կտրուկ քայլերի, քանի դեռ իր համար կարևոր հիմնական շրջանակները պահպանվում էին։

Այդ պայմաններում Մոսկվայի ռեսուրսներն ու ուշադրությունը կարող էին ուղղվել այլ ուղղությունների, իսկ Հայաստանի նկատմամբ ազդեցության հիմնական մեխանիզմները շարունակում էին գործել։

Սակայն այժմ, Սուքիասյանի կարծիքով, այդ կարմիր գծերից առնվազն երկուսը սկսել են ավելի ակնհայտորեն վիճարկվել։ Դրանք դեռ հատված չեն, բայց դրանց նկատմամբ Հայաստանի քաղաքականության փոփոխությունը դարձել է ավելի տեսանելի։

Այդ պատճառով էլ, նրա գնահատմամբ, Ռուսաստանի արձագանքը դարձել է ավելի սուր։ Ընտրական գործընթացը, այս համատեքստում, պարզապես ստեղծել է այն քաղաքական պատուհանը, որը թույլ է տվել Մոսկվային ավելի ակտիվորեն մտնել այդ բանավեճի մեջ և իր դիրքորոշումն ավելի կոշտ ձևակերպել։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top