Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ներքաղաքական զարգացումները հնարավոր չէ լիարժեք հասկանալ՝ դրանք արտաքին ուժերի շահերի և ազդեցությունների համատեքստից դուրս դիտարկելով։ Քաղաքագետ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ հատկապես հետընտրական փուլում Հայաստանի քաղաքական գործընթացների վրա միաժամանակ ազդում են մի շարք արտաքին կենտրոններ, իսկ իշխանությունը փորձում է այդ հակասող շահերի միջև պահպանել իր համար հնարավորինս անվտանգ դիրք։
«Հայաստանն արդեն շատ երկար ժամանակ է գտնվում փաստացի արտաքին կառավարման տակ»,– ասում է Հակոբյանը՝ ընդգծելով, որ այդ ազդեցությունը մեկ կենտրոնից չի գալիս։ Նրա գնահատմամբ՝ հենց տարբեր ուժերի շահերի համադրությունն ու բախումն է Հայաստանի համար ստեղծում առանձնահատուկ բարդ իրավիճակ։
Հակոբյանի խոսքով՝ թեև առաջին հայացքից կարող է թվալ, որ ներքաղաքական գործընթացները ձևավորվում են բացառապես ներքին օրակարգերի, Ազգային ժողովում տեղի ունեցող գործընթացների, կադրային որոշումների կամ քաղաքական դերակատարների գործողությունների միջոցով, դրանց հետևում, նրա գնահատմամբ, շարունակաբար զգացվում է արտաքին ազդեցությունը։
Խոսքը, ըստ վերլուծաբանի, միայն Ռուսաստանի մասին չէ։ Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա ազդեցություն ունեն Միացյալ Նահանգները, Եվրամիության բյուրոկրատական կառույցները, Ֆրանսիան, ինչպես նաև Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը։ Այս դերակատարների շահերը ոչ միշտ են համընկնում, և Հայաստանը հայտնվում է դրանց հատման կետում։
Վերլուծաբանը հիշեցնում է, որ դեռևս 2022-2023 թվականներից Հայաստանի վերաբերյալ շրջանառվում էր այն գնահատականը, թե երկիրը կարող է վերածվել գերտերությունների և տարածաշրջանային պետությունների պրոքսի հակամարտության տարածքի։ Այդ համատեքստում, նրա խոսքով, տարբեր ժամանակներում խոսվել է նաև Հայաստանի «սիրիականացման» և «կիպրոսացման» հնարավոր սցենարների մասին։
Եթե «սիրիականացման» մասին խոսակցությունները հիմնականում կապված էին տարբեր ուժերի շահերի բախման հետ, ապա «կիպրոսացման» սցենարը Հակոբյանը կապում է տարածաշրջանային հաղորդակցությունների խնդրի, մասնավորապես՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի հետաքրքրության հետ։ Նրա գնահատմամբ՝ այդ թեման այսօր նոր ձևակերպումներ է ստացել և, առաջին հերթին՝ PR տեսանկյունից, ներկայացվում է TRIPP-ի շրջանակում։
Այս ամբողջ արտաքին ազդեցությունների համադրությունը, ըստ Հակոբյանի, անմիջականորեն անդրադառնում է նաև Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։ Նրա կարծիքով՝ վերջին շրջանում իշխանության օրակարգում եղած թվացյալ ներքին հարցերի՝ Ազգային ժողովի հանձնաժողովների ձևավորման, կադրային որոշումների և այլ գործընթացների հետևում ևս առկա է արտաքին գործոնների հետ կապված լարվածությունը։
Իշխանությունը, նրա գնահատմամբ, գտնվում է «աշխարհաքաղաքական շպագատի» դիրքում։ Մի կողմից՝ Երևանը փորձում է պահպանել Արևմուտքի հետ ձևավորված հարաբերությունները, կատարել ստանձնած պարտավորություններն ու խոստումները, մյուս կողմից՝ փորձում է որոշակիորեն կարգավորել հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ։
Հակոբյանի մեկնաբանությամբ՝ այս քաղաքականության նպատակը ՝ ժամանակ շահելն է։ Եթե իշխանությունն իսկապես մտադիր է վերջնականապես իրականացնել աշխարհաքաղաքական շրջադարձ, ապա, ըստ վերլուծաբանի, փորձ է կատարվում դա անել հնարավորինս անցնցում՝ նախևառաջ սեփական իշխանությունը պահպանելու համար։
Միաժամանակ, Հակոբյանի խոսքով, խնդիրն իշխանության համար միայն սեփական քաղաքական գոյատևումը չէ։ Նա կարծում է, որ իշխանությունը փորձում է նաև Հայաստանի Հանրապետությունում ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան այդ փոփոխությունների ընթացքում պահպանել որոշակի «կոմֆորտային գոտի»՝ ինչպես երկրի, այնպես էլ գործող իշխանության համար։

