ԱՄՆ-ն չի կարողանա միայնձնյա վերահսկել TRIPP-ը

ԱՄՆ-ն չունի հստակ ձգտում մնալու տարածաշրջանում

Վերջին շաբաթներին թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս ակտիվորեն քննարկվում է Միացյալ Նահանգների նոր նախաձեռնությունը՝ ուղղված Հարավային Կովկասում հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը։ Նախաձեռնության էությունը կայանում է նրանում, որ Հայաստանը և Ադրբեջանը կապող ենթակառուցվածքները՝ մասնավորապես երկաթուղին, կառուցվի և շահագործվի օտարերկրյա (մասնավորապես՝ ամերիկյան) մասնավոր ընկերության կողմից։ Ըստ շրջանառվող տարբերակի՝ այդ ընկերությունն, այդ թվում, պատասխանատու կլինի տվյալ տարածքում անվտանգության ապահովման համար։

Պաշտոնական Երևանը շեշտում է, որ երկրի ինքնիշխանությունը դրանից չի խախտվում, սակայն մնում են բազմաթիվ հարցեր՝ սկսած իրական վերահսկողության մեխանիզմներից մինչև փոխադարձության սկզբունքի պահպանումը Ադրբեջանի կողմից։ Այս ֆոնին առաջանում է կարևորագույն հարց. արդյոք ամերիկյան այս նախաձեռնությունը Միացյալ Նահանգների երկարաժամկետ ռազմավարության մաս է՝ ուղղված տարածաշրջանում ամրապնդվելուն, թե՞ այն պարզապես գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կարճաժամկետ տակտիկական քայլ է։

Միացյալ Նահանգների ներգրավվածության տևողությունն առայժմ անորոշ է

Հարավային Կովկասի հակամարտությունների վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը նշում է, որ սա գուցե ամենակարևոր հարցն է ողջ գործընթացում. «Սա շատ լավ հարց է, և գուցե ամենագլխավորն այս ամբողջ պատմության մեջ։ Քանզի հատկապես Երևանի համար շատ կարևոր է, որ եթե որևէ կողմ ներգրավվում է՝ թեկուզ ոչ ուղիղ բանակցային սեղանի շուրջ, այլ առաջարկությունների տեսքով, ապա այդ մասնակցությունը լինի շարունակական։ Պետք է, որ այդ կողմը պահպանել կարողանա կապը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ, և կարողանա առաջ բերել հետագա քայլեր, ինչպես նաև հետևել արդեն կատարված պայմանավորվածությունների իրականացմանը՝ երկարաժամկետ կտրվածքով»։ Վարդանյանի խոսքով՝ Երևանի հիմնական հետաքրքրությունն է՝ հասնել խաղաղության համաձայնագրի, որին հաջորդի սահմանների բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Հակառակ դեպքում անորոշության դամոկլյան սուր կախված կմնա երկրի գլխին՝ անկախ իշխանությունների կազմից։ «Ներկա ամերիկյան վարչակազմը բավական յուրահատուկ է։ Այն մի շարք հարցեր լուծում է ոչ այնքան ավանդական եղանակներով։ Այն, որ հենց ամերիկյան կողմն է հանդես եկել առաջարկությամբ՝ հնարավոր մասնակցություն ունենալու հաղորդակցման ուղու վերահսկողության կամ հսկողության գործընթացում, խոսում է ոչ ստանդարտ, բայց հնարավոր արդյունավետ մոտեցման մասին։ Սա կարող է նաև հղում լինել Ուկրաինայի փորձին, երբ ԱՄՆ-ն փորձեց իր ներկայությունը պահպանել որոշ տնտեսական գործարքների միջոցով՝ օրինակ՝ կապված հազվագյուտ մետաղների հետ։ Վերջում ստորագրված փաստաթուղթը նույնիսկ գերազանցեց Ուկրաինայի ակնկալիքները»։ Այնուամենայնիվ, Վարդանյանը հստակ նշում է՝ Միացյալ Նահանգների ներգրավվածության տևողությունն առայժմ անորոշ է։ «Կարծում եմ՝ ԱՄՆ-ն, այս վարչակազմով թե նախորդներով, չունի հստակ ձգտում մնալու տարածաշրջանում։ Նրանց մասնակցությունն ավելի շատ ռեակտիվ է. երբ ինչ-որ բան է տեղի ունենում այստեղ, նրանք ստիպված են արձագանքել, որպեսզի դա չհանգեցնի նոր ծախսերի կամ ստիպողական միջամտության։ Բայց միևնույն ժամանակ, եթե նրանք կարող են օգտակար լինել՝ ինչո՞ւ ոչ։ Հարցը միայն նրանում է՝ արդյոք այս ներգրավվածությունը կլինի երկարաժամկետ»։

Հիմնական հարցը Հայաստանի համաձայնությունը չէ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը վերլուծությունը լրացնում է կարևոր դիտարկումներով՝ շեշտելով վերջին օրերին ամերիկյան ներգրավվածության մակարդակի բարձրացումը։ «Դոնալդ Թրամփի՝ «հակամարտության ավարտին հասնելու մոտիկ լինելու» մասին հայտարարությունը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ԱՄՆ-ն լրջորեն ներգրավված է։ Ինչպես հասկացա Վաշինգտոնում ունեցած զրույցներից, գործընթացում ներգրավված են թե՛ փոխնախագահը, թե՛ հենց Թրամփը, իսկ հիմնական համակարգողն է հատուկ ներկայացուցիչ Սթյու Ուիթկովը։ Հայկական կողմը հավանաբար այս տարբերակն ընկալում է որպես փոքրագույն չարիք. ավելի լավ է օտարերկրյա մասնավոր ընկերություն, քան՝ Ռուսաստանի վերահսկողություն»։ Սակայն Գրիգորյանի խոսքով՝ հիմնական հարցը Հայաստանի համաձայնությունը չէ։ «Ստեղծված իրավիճակում հիմնական հարցն այն չէ՝ արդյոք Հայաստանը կհամաձայնի։ Հավանաբար կհամաձայնի։ Հարցն այն է՝ արդյոք Ադրբեջանը պատրաստ է։ Իսկ այս պահին նման պատրաստակամության նշաններ չկան։ Բաքուն զգուշանում է հնարավոր հետևանքներից՝ Իրանի հետ հարաբերությունների վատթարացումից, որը կտրականապես դեմ է իր սահմանների մոտ ցանկացած օտարերկրյա ներկայության, և Ռուսաստանի հետ՝ որի հետ դեռ պահպանում են ռազմավարական կապեր։ Բացի այդ, վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքականությունը միտված է եղել տարածաշրջանում արևմտյան ազդեցության նվազեցմանը։ Նույնիսկ եթե խոսքը մասնավոր ամերիկյան ընկերության մասին է, այդ մասնակցությունը նրանց մոտ դժգոհություն է առաջացնում»։ Այսպիսով, չնայած հրապարակային հայտարարություններին և ծրագրերի որոշակի կոնտուրներին, ամերիկյան նախաձեռնության ճակատագիրը մնում է անորոշ։ Անհայտ է ոչ միայն կողմերի վերջնական դիրքորոշումը, այլև՝ արդյոք այս գործընթացը իսկապես մասն է երկարաժամկետ ռազմավարության, թե պարզապես կարճաժամկետ դիվանագիտական փորձ։

Scroll to Top