Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ուշագրավ հաղորդագրություն հրապարակեց։ Դեսպանատան ֆեյսբուքյան էջում մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում պայմանավորվածություններից անցնում են գործնական քայլերի՝ առաջ մղելով երկու երկրների միջև կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացումը։
Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարության Տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի Էներգետիկ մատակարարման շղթաների գրասենյակի տնօրեն Փոլ Հյուպերը հանդիպել է Հայաստանի կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի կարիքներին և հնարավորություններին ծանոթանալու, ինչպես նաև ԱՄՆ-ի տեխնիկական աջակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով։
Հայ-ադրբեջանական գործընթացի ավելի լայն համատեքստ
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի ոլորտում համագործակցության մասին վերջին հաղորդագրությունը, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ, պետք է դիտարկել ոչ միայն հանքարդյունաբերության կամ երկկողմ տնտեսական հարաբերությունների շրջանակում։ Նրա ուշադրությունը հատկապես գրավել է այդ համագործակցության ձևավորման ժամանակագրությունը՝ այն իրադարձությունների ֆոնին, որոնք մայիսի վերջին և հունիսի սկզբին տեղի ունեցան Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև։
Բադալյանը հիշեցնում է՝ մայիսի 26-ին, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հնդկաստանից վերադարձի ճանապարհին մոտ 40 րոպեով կանգառ կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց կարևորագույն հանքանյութերի, այդ թվում՝ հազվագյուտ հանքանյութերի ոլորտում համագործակցության շրջանակային հուշագիրը։ Նույն այցի ընթացքում նախաստորագրվեց նաև Թրամփի ուղու վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը։
Այդ իրադարձություններից ընդամենը մի քանի օր անց ԱՄՆ պետքարտուղարության տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի պատվիրակությունը մեկնեց Ադրբեջան։ Բաքվում բանակցություններին հաջորդեց հունիսի 1-ին ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև մոտ 8 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրի ստորագրումը։ Նույն օրը Վաշինգտոնում Մարկո Ռուբիոն ստորագրեց մայիսի 26-ին Երևանում նախաստորագրված՝ Թրամփի ուղու վերաբերյալ համաձայնագիրը։
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ այդ ժամանակագրությունը կարևոր է, քանի որ առաջանում է մեկ առանցքային հարց՝ ինչո՞ւ այդ համաձայնագիրը Երևանում չստորագրվեց մայիսի 26-ին։
Առանցքային պայմանավորվածությունը ձեռք է բերվում Բաքվում
Բադալյանի մեկնաբանմաամբ՝ հնարավոր բացատրությունն այն է, որ մայիսի 26-ին Երևանում ձեռք բերված պայմանավորվածությունները Միացյալ Նահանգների համար հետագա՝ արդեն Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում օգտագործվող ռեսուրս էին։ «Միացյալ Նահանգները Երևանում ստանալով նախաստորագրումը Թրամփի ուղու շրջանակային համաձայնագրի վերաբերյալ, օգտակար հանքանյութերի ոլորտում Հայաստանի հետ գործակցության շրջանակային հուշագրի ստորագրմանը զուգահեռ, այդ ամենը կապիտալիզացնում է արդեն Ադրբեջանի հետ 8 միլիարդ դոլարի ներդրումային պայմանավորվածությամբ»,– նշում է քաղաքական մեկնաբանը։
Նրա ձևակերպմամբ՝ «առանցքային պայմանավորվածությունը ձեռք է բերվում Բաքվում, Երևանում ընդամենը ձեռք է բերվում դրա համար որոշակի նպաստավոր բանակցային ռեսուրս»։
Եթե Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը կարող է ԱՄՆ-ի համար դառնալ Ադրբեջանի հետ պայմանավորվելու գործիք, ապա հարց է առաջանում՝ արդյո՞ք նույնը չի կարող տեղի ունենալ Հայաստանի հանքային ռեսուրսների դեպքում։
«Արդյո՞ք Հայաստանի հետ հազվագյուտ մետաղների, հանքանյութերի ոլորտում գործակցության հուշագիրը նույնպես չունի այդ տրամաբանությունը՝ Հայաստանի ռեսուրսների միջոցով, ինչպես, օրինակ, Հայաստանի ճանապարհային ռեսուրսն է Միացյալ Նահանգները դիտարկում Ադրբեջանի հետ պայմանավորվելու հնարավորություն, այդ կերպ էլ Հայաստանի հանքային այդ ռեսուրսները, հազվագյուտ մետաղները և այլն դիտարկվում են Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների միջոց կամ ռեսուրս»,– ասում է Բադալյանը։
Նա ընդգծում է, որ հունիսի 1-ի՝ ԱՄՆ-Ադրբեջան մոտ 8 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագիրը, ըստ հրապարակված տեղեկատվության, չի ներառում հայաստանյան ռեսուրսների օգտագործման որևէ սխեմա կամ տարբերակ։ Բայց հենց այդ հանգամանքն է, ըստ նրա, հարցը դարձնում առավել կարևոր։
«Արդյո՞ք Միացյալ Նահանգների անվան ներքո, ինչպես Ադրբեջանը ճանապարհ է ստանում Հայաստանում՝ Միացյալ Նահանգների հայ-ամերիկյան կոնսորցիումի փաթեթով, Ադրբեջանը դարձյալ Միացյալ Նահանգների փաթեթավորմամբ չի ստանա ճանապարհ դեպի Հայաստանի հանքային ռեսուրսներ»,– հարցադրում է նա։
Հայաստանի հանքային ռեսուրսը՝ Ադրբեջանի հավակնությունների համատեքստում
Բադալյանը այս հարցը դիտարկում է նաև աշխարհում հանքանյութերի և հատկապես հազվագյուտ մետաղների աճող նշանակության ֆոնին։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը մեծ ուշադրություն է դարձնում այդ ոլորտին, և Հայաստանը այդ պատճառով դարձել է Վաշինգտոնի համար հետաքրքրություն ներկայացնող ուղղություններից մեկը։
Միաժամանակ, նրա խոսքով, Հայաստանի հանքային ռեսուրսները վաղուց գտնվում են նաև Ադրբեջանի ուշադրության կենտրոնում։ Բադալյանը հիշեցնում է, որ Ադրբեջանը պարբերաբար թիրախավորում է Հայաստանի հանքարդյունաբերությունը, ինչպես նաև Մեծամորի ատոմակայանն ու միջուկային էներգետիկան՝ դրանք ներկայացնելով որպես տարածաշրջանային անվտանգության սպառնալիք։
«Հաշվի առնելով այն հավակնությունները, որ Բաքուն ունի Հայաստանի նկատմամբ, մեղմ ասած, պետք չէ բացառել, որ Ադրբեջանի այդ սպառնալիքը միտված է նաև հետևյալին՝ որևէ կերպ հասնել այդ ռեսուրսների նկատմամբ ևս ազդեցության և գերակայության»,– ասում է նա։
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ եթե Բաքվի ռազմավարությունը դիտարկվում է հայկական պետականության նկատմամբ առավելագույն գերակայություն հաստատելու, այդ թվում՝ երկարաժամկետ մեխանիզմներով, ապա բնական է, որ հայկական պետականության կարևորագույն ռեսուրսները նույնպես կարող են հայտնվել այդ հավակնությունների շրջանակում։
Այստեղ, նրա խոսքով, կարևոր է արդեն գոյություն ունեցող մեխանիզմը։ Ճանապարհային հաղորդակցությունների հարցում ամերիկյան փաթեթավորումն արդեն մշակվել և մտել է իրականացման նախնական փուլ։ Բադալյանը չի բացառում, որ նույն մեխանիզմը կարող է փորձ արվել կիրառել նաև հանքանյութերի ոլորտում։
«Իսկ որտե՞ղ է այդ ռեսուրսը։ Այո, ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող ռեգիոնում՝ Սյունիքում»,– ընդգծում է նա՝ նշելով, որ որևէ մեխանիզմով այդ ոլորտ ներթափանցելու դեպքում Ադրբեջանը կարող է Հայաստանի նկատմամբ ստանալ դիրքային և ռազմավարական առավելություն։
Ինչո՞ւ ամերիկյան ներդրումների մասին խոսք չկա
Միևնույն ժամանակ Բադալյանը տարբերակում է երկու սկզբունքորեն տարբեր իրավիճակ։ Եթե Հայաստանի հանքարդյունաբերությամբ իրական հետաքրքրություն ցուցաբերեն ամերիկյան խոշոր ընկերությունները և ոլորտում կատարվեն ամերիկյան ներդրումներ, ապա, նրա խոսքով, դա այլ բնույթի գործընթաց կլինի։ Նա ընդգծում է, որ խոշոր արտաքին կապիտալը կարող է դառնալ պետության տնտեսական, հետևաբար նաև քաղաքական կենսունակության աղբյուր։ Բացի այդ, արտաքին ներդրումները կարող են ձևավորել քաղաքական գործընկերության լրացուցիչ շերտ։
Բադալյանը նաև կարևորում է ամերիկյան հանքարդյունաբերական ընկերությունների ոլորտային ստանդարտները։ «Շատ կարևոր է, որպեսզի հանքարդյունաբերությունն իրականացվի բարձր ստանդարտներով, ինչը նշանակում է բարձր բնապահպանական ստանդարտներ, երբ հանքարդյունաբերությունը, օգտագործելով մարդկանց ռեսուրսները, ծառայում է նաև մարդկանց՝ թե՛ շրջակա միջավայրի պահպանության, թե՛ սոցիալական կորպորատիվ պատասխանատվության իմաստով»,– ասում է նա։ Ուստի, եթե Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն դրսևորի ամերիկյան խոշոր հանքարդյունաբերական կապիտալը, Բադալյանը դա համարում է «միայն ու միայն ողջունելի հետաքրքրություն»։
Խնդիրը, նրա խոսքով, այն է, որ առայժմ ԱՄՆ-ի հաղորդագրության մեջ նման հետաքրքրության մասին խոսք չկա։ Փոխարենը խոսվում է համագործակցության ոլորտում գործնական քայլերի անցնելու մասին, սակայն չի նշվում, որ քննարկվում են ներդրումային ծրագրեր, ներդրողներ ներգրավելու հնարավորություններ կամ ամերիկյան խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։
Հենց այստեղ է Բադալյանը տեսնում հիմնական մտահոգության պատճառը։ Նրա հարցադրումն այն է, թե արդյոք Միացյալ Նահանգները հայաստանյան հանքային ռեսուրսը չի դիտարկում ոչ թե ամերիկյան կապիտալի ներգրավման և Հայաստանի տնտեսության զարգացման, այլ Ադրբեջանի հետ որոշակի պայմանավորվածությունների հասնելու և Ադրբեջանին Հայաստանում որոշակի «մուտքի փաթեթ» ապահովելու հնարավորության տեսանկյունից։
«Իրավիճակը արժանի է հասարակական հետևողական ուշադրության՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում կամ ինչ է սպասվում հայ-ամերիկյան այս հանքանյութերի վերաբերյալ գործակցության շրջանակային հուշագրի ներքո և թե որքանով է այդ հուշագիրը գործնականում, բավականին հնչեղ փաթեթի ներքո, պարունակում դեպի Հայաստան ադրբեջանական հավակնությունների ճանապարհի ռիսկեր»,– եզրափակում է Բադալյանը։

