Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների խորացման պայմաններում Երևանը փորձում է պահպանել նաև Իրանի հետ ձևավորված վստահությունն ու զարգացնել երկկողմ կապերը։ Արարատ Միրզոյանի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում այս երկու ուղղությունները միացել են մեկ օրակարգում․ իրանական կողմին ներկայացվել է TRIPP-ը, իսկ քննարկումների առանցքում եղել են նաև Հայաստան-Իրան երկրորդ կամուրջը, երրորդ էլեկտրահաղորդման գիծը, էներգետիկան, բեռնափոխադրումները և տնտեսական համագործակցության այլ ծրագրեր։
Իրանի հարցերով փորձագետ Նվեր Դավթյանի գնահատմամբ՝ Թեհրանում այսօր կարևորում են հենց Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը։
«Եթե դատենք Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակի հայտարարությունից, այցի նպատակներից մեկը երկկողմ հարաբերությունների զարգացումն էր», — ասում է Դավթյանը։ Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ Թեհրանը Հայաստանի հետ նոր հնարավորություններ է տեսնում և ակնկալում է, որ դրանք կօգտագործվեն։
Իրանի համար Հայաստանը կարևոր է նաև իր տնտեսական հնարավորություններով
Դավթյանի խոսքով՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը և Իրանի ռեսուրսները երկու երկրների համար ստեղծում են փոխադարձ հետաքրքրություն։
«Մենք այնպիսի աշխարհագրական դիրքում ենք գտնվում, որ ուզած թե չուզած մեր հարևան երկրներից այն էլ բարեկամական տրամադրություններով Հայաստանի հետ և բավական լուրջ արդյունաբերական, էներգետիկ ռեսուրսներով օժտված, նաև տարանցիկ դերակատարությամբ օժտված երկրի հետ պետք է ամրապնդենք և զարգացնենք հարաբերությունները», — նշում է նա։
Փորձագետը կարծում է, որ Հայաստանի համար Իրանի հնարավորությունները գործնական նշանակություն ունեն։ Խոսքը էներգետիկ ռեսուրսների, կենսական նշանակության արտադրատեսակների, արդյունաբերական հնարավորությունների և տարանցման մասին է։
Դավթյանի խոսքով՝ այս ներուժը անտեսելը Հայաստանի համար մեծ կորուստ կլինի։ Նա նաև ընդգծում է, որ նման համագործակցությունը համապատասխանում է երկու երկրների շահերին և չի ենթադրում որևէ երրորդ երկրի դեմ ուղղված քաղաքականություն։
Թեհրանը հետևում է՝ արդյոք Հայաստանը կկարողանա պահպանել հարաբերությունների ազատությունը
Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության խորացումը, ըստ Դավթյանի, Իրանում հարց է առաջացնում Հայաստանի ինքնուրույնության վերաբերյալ։
Փորձագետի խոսքով՝ Իրանում Հայաստանի նկատմամբ վստահություն ունեն։ Խնդիր կարող է առաջանալ այն դեպքում, երբ Երևանի նկատմամբ արտաքին ճնշումները սկսեն անդրադառնալ Հայաստանի՝ հարևան երկրների հետ հարաբերություններին։
«Հայաստանը արդյոք կարող է տիրապետել այնպիսի ռեսուրսների, որ Միացյալ Նահանգների որոշակի ճնշումների տուրք չտա։ Սա իրենց համար անհանգստացնող է», — ասում է Դավթյանը։
Նրա ներկայացմամբ՝ Իրանի համար այս հարցում հիմնական սահմանները Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն են, ինչպես նաև երկրի տարածքում իրականացվող ծրագրերի նկատմամբ հայկական կողմի լիարժեք վերահսկողությունը։
Դավթյանը այս համատեքստում հիշեցնում է նաև ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Նրա գնահատմամբ՝ եթե արտաքին ճնշումների հետևանքով Հայաստանը ստիպված լինի սահմանափակել հարևան երկրների հետ հարաբերությունները, կարող է հակասություն առաջանալ կանոնադրության համապատասխան դրույթների հետ։
TRIPP-ի հարցում Թեհրանը կարող է նաև տնտեսական շահ տեսնել
TRIPP-ը Հայաստանի և Իրանի հարաբերությունների օրակարգում առանձնահատուկ թեմա է դարձել։ Դավթյանի գնահատմամբ՝ նախագիծը Թեհրանի համար կարող է հետաքրքրություն ներկայացնել այն դեպքում, երբ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը նոր հնարավորություններ ստեղծի նաև Իրանի համար։
Նա խոսում է Իրանի Ջուլֆայի, Նախիջևանի, Երասխի և Հայաստանի ուղղությունների, ապա Վրաստանի տարածքով դեպի Սև ծով դուրս գալու հնարավորության մասին։
«Մի կողմից դա ենթադրում է արևելք-արևմուտք հաղորդուղիների ապաշրջափակում, բայց մյուս կողմից այդ տարածաշրջանային ենթակառուցվածքների հաղորդուղիների ապաշրջափակումը ենթադրում է նաև իրանական Ջուլֆայի, Նախիջևանի, Երասխի, Հայաստանից դեպի դուրս արդեն Վրաստանի տարածքով ելք դեպի Սև ծով», — ասում է փորձագետը։
Դավթյանի գնահատմամբ՝ նման հաղորդակցային համակարգը կարող է նոր տարանցիկ հնարավորություններ ապահովել նաև Իրանի համար։ Հայաստանի ներգրավվածությունը այս գործընթացում, հետևաբար, Թեհրանի համար կարող է ունենալ տնտեսական նշանակություն։
Իրանը Հայաստանի հետ կապը դիտարկում է նաև ԵԱՏՄ-ի համատեքստում
Հայաստանի նկատմամբ Իրանի հետաքրքրության մեկ այլ գործոն, ըստ Դավթյանի, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն է։
Փորձագետը նշում է, որ վերջին տարիներին Իրանը մեծ աշխատանք է կատարել ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի զարգացման ուղղությամբ։ Մաքսային գործընթացների պարզեցումը, նրա խոսքով, վերաբերում է մոտ 3000 ապրանքատեսակի։
Այս պայմաններում Հայաստանը Իրանի համար կարևոր է նաև որպես ԵԱՏՄ-ի հետ ցամաքային կապ ունեցող երկիր։
«Հայաստանի հետ կապված՝ որպես ԵԱՏՄ-ից ցամաքային անդամ երկիր, բավական մեծ ակնկալիքներ ունեն», — ասում է Դավթյանը։
Նրա խոսքով՝ այստեղ միանում են երկու երկրների տարանցիկ հետաքրքրությունները։ Իրանը ցանկանում է դեպի հյուսիս տանող իր ցամաքային կապը պահել բաց, իսկ Հայաստանի համար այս ուղղությունը կարող է տնտեսական լրացուցիչ հնարավորություններ ստեղծել։
Իրանը Հայաստանի համար էներգետիկ հնարավորություններ ունի
Դավթյանը նաև անդրադարձավ Իրանի նշանակությանը Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիայի տեսանկյունից։
Ըստ նրա՝ Հայաստանը կարող է օգտվել Իրանի սեփական էներգետիկ ռեսուրսներից, ինչպես նաև դիտարկել Իրանի տարածքով երրորդ երկրներից էներգակիրների ներմուծման տարբերակներ։
Որպես օրինակ փորձագետը հիշատակում է թուրքմենական գազը, որի՝ Իրանի տարածքով Հայաստան մատակարարման հարցը նախկինում քննարկվել է։
«Այս տեսանկյունից մեզ համար օգտակար երկիր է, բնականաբար նաև մենք էլ իրենց համար», — ասում է Դավթյանը՝ նկատի ունենալով էներգետիկան, վառելիքը և Իրանի արդյունաբերական հնարավորությունները։
Երևանը պետք է հստակեցնի՝ իր հարաբերությունները Իրանի դեմ չեն
Դավթյանի խոսքով՝ Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացումը մեծապես կախված է նաև վստահությունից։
Նա կարևորում է, որ Երևանը ինչպես Վաշինգտոնին, այնպես էլ Թեհրանին հստակ ցույց տա՝ Հայաստանի հարաբերությունները որևէ մեկի դեմ ուղղված չեն։
«Մենք չենք կարող որևէ կողմի համար հարթակ դառնալ մյուսի դեմ», — ընդգծում է փորձագետը։
Նա հատկապես կարևորում է այս սկզբունքը ԱՄՆ-ի և Իրանի երկարատև հակասությունների պայմաններում։ Դավթյանի խոսքով՝ Հայաստանը չի կարող սպասել, որ երկու երկրների հարաբերություններում լարվածությունը արագ կվերանա, և իր քաղաքականությունը պետք է կառուցի երկարաժամկետ հաշվարկով։
«Երկկողմ վստահությունը չափազանց կարևոր է։ Իրենք մեզ մինչ այժմ վստահելի հարևան են ընկալել։ Մեր կողմից չի թույլ տրվել այնպիսի քայլեր, որ հայտարարությունների մակարդակում մեկ այլ բան կատարենք և գործնականում այլ», — ասում է նա։
Դավթյանի գնահատմամբ՝ հենց այս վստահությունն է Հայաստան-Իրան հարաբերությունների կարևոր հիմքերից մեկը, և դրա պահպանումը պետք է ուղեկցվի կոնկրետ տնտեսական ու ենթակառուցվածքային ծրագրերով։

