ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարևոր էր ոչ միայն քննարկված հարցերի, այլև հանրային ընկալման և արարողակարգային մանրուքների տեսանկյունից։ Այս մասին նշեց Քաղաքագետ Գայանե Աբրահամյանը։
Ըստ նրա, հանդիպման ընթացքում Չինաստանի նախագահը մի շարք քայլերով ի ցույց դրեց, որ նախաձեռնության կենտրոնում ինքն է, Պուտինը նույն դիրքում չէ։
Արարողակարգային նրբությունները՝ որպես քաղաքական ուղերձ
Աբրահամյանի խոսքով՝ հանդիպման ամբողջ ընթացքը հագեցած էր խորհրդանշական դրվագներով։ Մասնավորապես, Սի Ծինփինը անձամբ դիմավորեց Թրամփին, ինչը, քաղաքագետի գնահատմամբ, ցույց էր տալիս առանձնահատուկ վերաբերմունքը։ Դա նաև փոխադարձ ժեստ էր, քանի որ Թրամփը Չինաստանի նախագահին նմանատիպ ընդունելություն էր ցուցաբերվել ԱՄՆ-ում։
Մինչդեռ Պուտինին Սի Ծինփինը անձամբ չդիմավորեց։ Նրան դիմավորեց չինական պաշտոնյաների աստիճանակարգում հինգերորդ տեղը զբաղեցնող ներկայացուցիչը։ Աբրահամյանի խոսքով՝ արարողակարգում նման մանրուքները կարևոր են, քանի որ փոխանցում են հստակ ուղերձներ՝ կապված առաջնորդների կարգավիճակի և հանդիպման ընթացքում նրանց զբաղեցրած դիրքի հետ։
Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Պուտինին դիմավորող պաշտոնյան իրենից շատ ավելի բարձրահասակ էր։ Նրա գնահատմամբ՝ նման միջոցառումների ժամանակ հաշվի են առնվում նաև արտաքին տվյալները, որպեսզի որևէ դրվագ չընկալվի որպես նվաստացուցիչ։ Հետևաբար, այդ ընտրությունը ևս կարող էր պատահական չլինել։
Մեկ այլ ուշագրավ դրվագ էր համատեղ լուսանկարվելու պահը։ Երբ Պուտինը փորձեց կանգնել Թրամփի և Սի Ծինփինի կողքին, Թրամփն առաջարկեց նրան տեղ զբաղեցնել իրենց միջև։ Սակայն Սի Ծինփինը հստակ ցույց տվեց այլ տեղ՝ իր կողքին կանգնած կնոջից այն կողմ։ Աբրահամյանի խոսքով՝ արարողակարգում կարևոր նշանակություն ունի նաև այն, թե ով ում աջ կողմում է կանգնած։ Այս դրվագով ևս Չինաստանի նախագահը ցույց տվեց, որ Պուտինը չի զբաղեցնում այն դիրքը, որը կարող էր ակնկալել։
Եռակողմ հանդիպումը մեծապես արարողակարգային բնույթ ուներ
Աբրահամյանի խոսքով՝ եռակողմ հանդիպումը, որը տեղի ունեցավ հիմնական գագաթնաժողովի շրջանակից դուրս, մեծապես արարողակարգային բնույթ ուներ։ Այն տևել է ընդհամենը մեկ ժամ, սակայն հանրությանը հասանելի է դարձել միայն մոտ տասը րոպեն՝ բաց հատվածը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ հանդիպման ընթացքում որևէ կոնկրետ որոշման հասնելու ակնկալիքը իրատեսական չէր։ Այնուամենայնիվ, միջուկային սպառազինությունների սահմանափակման մեխանիզմների շուրջ քննարկումները շարունակվում են։
Պուտինը հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ կողմերն արդեն համաձայնեցրել են համապատասխան տեքստը։ Սակայն, ինչպես նշում է Աբրահամյանը, դեռևս հայտնի չէ, թե ինչ դրույթներ են ներառված այդ փաստաթղթում և ինչ վերահսկողական մեխանիզմներ են նախատեսվում։
«Մենք դեռ չենք տեսել տեքստը»,- ընդգծել է քաղաքագետը՝ հավելելով, որ փաստաթղթի բովանդակությունը պարզ կդառնա միայն դրա հրապարակումից հետո։
Աշխարհակարգը չի կառուցվում միայն երեք կենտրոնների շուրջ
Անդրադառնալով այն տեսակետին, թե միջազգային հարաբերություններում կարող է ձևավորվել նոր համակարգ՝ կառուցված երեք կենտրոնների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի շուրջ, Աբրահամյանը նշել է, որ նման գնահատականը չի կիսում։ Նա համոզված է, որ վերջին հանդիպումը Յալթայի համաժողովի հետ համեմատելը տեղին չէ։
Քաղաքագետն ընդգծեց, որ խոսքը ոչ միայն օրակարգերի տարբերության մասին է։ Յալթայի համաժողովը տևել է ութ օր, նախապես երկար ու մանրակրկիտ պատրաստվել է, իսկ քննարկումները շարունակվել են օր ու գիշեր։ Մինչդեռ Թրամփի, Սի Ծինփինի և Պուտինի հանդիպումը տևել է ընդամենը մեկ ժամ և հիմնականում արարողակարգային բնույթ է կրել։
«Մեկ ժամանոց, առավելապես արարողակարգային հանդիպումը համեմատել ութ օր տևած, լուրջ պատրաստված և երկար քննարկված համաժողովի հետ, ինչպես նաև դրան նման դեր վերագրել, հատկապես ռուսական կողմից, ճիշտ չեմ համարում»,- նշել է քաղաքագետը։
Նշելով եռաբևեր աշխարհակարգի հաստատման հեռանկարներից՝ նա նշեց, որ այս մտահոգությունն առկա է ոչ միայն եվրոպական, այլև արաբական աշխարհի տարբեր կենտրոններում։ Քաղաքագետի գնահատմամբ՝ սխալ կլինի անտեսել Եվրոպայի՝ որպես աշխարհաքաղաքական ինքնուրույն կենտրոնի և հակակշռի դերը։ 1945 թվականի իրավիճակը, երբ Եվրոպան ավերված էր, և ԱՄՆ-ն ստանձնեց դրա վերականգնման հիմնական բեռը, այսօր չի կարող կրկնվել։ Ներկայումս Եվրամիությունն ունի զգալի տնտեսական ու տեխնոլոգիական ներուժ, իսկ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, բացի այդ, միջուկային տերություններ են։
Աբրահամյանը հիշեցնում է նաև Հնդկաստանի և արաբական աշխարհի դերակատարության մասին՝ ընդգծելով, որ միջազգային համակարգը շատ ավելի բարդ է, քան երեք պետությունների միջև ազդեցության բաշխումը։
Նրա խոսքով՝ Չինաստանն ու ԱՄՆ-ն, բնականաբար, ունեն աշխարհաքաղաքական հավակնություններ, Ռուսաստանն էլ ունի նման հավակնություն, սակայն դա չի նշանակում, որ ամերիկյան և չինական կողմերը Ռուսաստանին դիտարկում են իրենց հավասար դիրքում։ Երեք առաջնորդների՝ նույն սեղանի շուրջ նստելը դեռ չի նշանակում, որ նրանք քննարկում են աշխարհի բաժանումը կամ ազդեցության գոտիների վերաբաշխումը։

