Այս պահին TRIPP ծրագրի իրականացման համար էական ռիսկեր չկան, իսկ Ռուսաստանի՝ գործընթացի վրա արտաքին քաղաքական գործիքակազմով ազդելու հնարավորությունները սահմանափակ են։ Նման տեսակետ է հայտնել Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոն համահիմնադիր, վերլուծաբան Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով ծրագրի իրականացման հեռանկարներին։
ԱՄՆ-ում հնարավոր իշխանափոխությունը չի փոխի TRIPP-ի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքը
Պետրոսյանի գնահատմամբ՝ չնայած արտաքին քաղաքականության իրականացման հարցում հանրապետականների և դեմոկրատների մոտեցումների տարբերություններին՝ երկու քաղաքական ուժերն էլ հետևողականորեն ձգտում են ընդլայնել Միացյալ Նահանգների ազդեցությունն աշխարհում։
Վերլուծաբանը նշում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ առանձնացվում են չորս հիմնական դպրոցներ՝ գերակայության ռազմավարությունը (primacy), լիբերալ հեգեմոնիան, մեկուսացումն ու օֆշորային հավասարակշռումը (offshore balancing)։ Հանրապետականներն առավելապես գերակայության ռազմավարության կողմնակիցներ են, իսկ դեմոկրատները՝ լիբերալ հեգեմոնիայի։ Երկու մոտեցումներն էլ, սակայն, ենթադրում են ամերիկյան ազդեցության ընդլայնում։
Պետրոսյանի խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ նախագահները, անկախ կուսակցական պատկանելությունից, հնարավորության դեպքում ձգտել են ընդլայնել երկրի ազդեցությունը։ Այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև «բաց դռների» քաղաքականությունը, որի հիմքում սահմանների բացումը, տնտեսական ու առևտրային կապերի զարգացումը և ազատ շուկայական հարաբերություններն են։ Վաշինգտոնում համոզված են, որ նման աշխարհակարգն առավելագույնս համապատասխանում է ԱՄՆ տնտեսական և անվտանգային շահերին։
Հանրապետականների և դեմոկրատների արտաքին քաղաքականության հիմնական տարբերություններից մեկը, ըստ վերլուծաբանի, դաշնակիցներին տրվող նշանակությունն է։ Եթե դեմոկրատները կարևորում են դաշինքների ամրապնդումն ու երկկողմ համագործակցության ակտիվացումը, ապա հանրապետականներն առավելապես շեշտը դնում են սեփական ուժերի և հնարավորությունների վրա։
Մյուս տարբերությունը վերաբերում է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու ժողովրդավարության տարածմանը։ Եթե դեմոկրատների համար այդ ուղղությունն արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է, ապա հանրապետականներն առավելապես առաջնորդվում են իրատեսական քաղաքականության (Realpolitik) սկզբունքներով։
Դեմոկրատների օրոք Հայաստանը կարող է ավելի մեծ աջակցություն ստանալ
Պետրոսյանի կարծիքով՝ ԱՄՆ-ում դեմոկրատների դիրքերի ամրապնդման դեպքում TRIPP-ի անվտանգային բաղադրիչը կշարունակի կարևորվել, սակայն Հայաստանը կարող է նաև լրացուցիչ աջակցություն ստանալ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ։
Վերլուծաբանը հիշեցնում է, որ Ջո Բայդենի վարչակազմի օրոք Հայաստանին հատուկ ֆինանսական միջոցներ էին հատկացվում ժողովրդավարական ինստիտուտների բարելավման նպատակով, մինչդեռ ներկայում ամերիկյան քաղաքականության շեշտադրումները հիմնականում տնտեսության և անվտանգության ոլորտներում են։
Այս համատեքստում Պետրոսյանը կարևորում է հայկական դիվանագիտության աշխատանքն ամերիկյան քաղաքական տարբեր շրջանակների հետ։ Նրա գնահատմամբ՝ Երևանն արդեն այժմ պետք է ակտիվացնի շփումները դեմոկրատական ուժերի հետ՝ հաշվի առնելով հետագա ընտրություններում նրանց դիրքերի հնարավոր ամրապնդումը։
Նա հիշեցնում է, որ դեռևս Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց առաջ հայկական կողմն աշխատում էր հանրապետական շրջանակների հետ, ինչը, իր գնահատմամբ, դրական դեր է խաղացել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման հարցում։
Ռուսաստանի՝ TRIPP-ի վրա ազդելու արտաքին քաղաքական գործիքակազմը սահմանափակ է
Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը՝ Պետրոսյանը նշում է, որ Մոսկվայի համար նախընտրելի կլիներ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման այն տարբերակը, որը նախատեսված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, քանի որ այն Ռուսաստանին ավելի լայն հնարավորություններ էր ընձեռում, քան TRIPP-ը։
Միաժամանակ վերլուծաբանը չի կարծում, որ ռուսական կողմն իրազեկված չի եղել TRIPP-ի շուրջ ընթացող քննարկումների մասին։ Նա հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Հայաստան այցելելուց առաջ եղել էր Ռուսաստանում։
Պետրոսյանի գնահատմամբ՝ Մոսկվան կարող է շարունակել քննադատել TRIPP-ը և բարձրաձայնել դրա հետ կապված հնարավոր խնդիրների մասին, սակայն ծրագիրն առաջ է ընթանում, և դրա իրականացումից կարող է օգտվել նաև ռուսական կողմը։
Այս համատեքստում նա մատնանշում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային կապերի ձևավորման գործընթացը, որին մասնակցություն է ունեցել նաև ռուսական կողմը։
Վերլուծաբանի խոսքով՝ առավել կարևոր է հասկանալ, թե ինչ գործիքակազմ ունի Ռուսաստանը TRIPP-ի իրականացման վրա ազդելու համար։ Նրա գնահատմամբ՝ արտաքին քաղաքական մակարդակում այդ հնարավորությունները մեծ չեն, քանի որ ծրագրի իրականացման հարցում առկա է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համաձայնությունը, դրանով հետաքրքրված են ԱՄՆ-ն ու եվրոպական կողմը, իսկ Իրանի մտահոգություններն առայժմ հասցեագրվում և կառավարվում են։
«Իմ կարծիքով՝ միակ տարբերակը, որով ռուսական կողմն այս պահին կարող է ազդել TRIPP-ի վրա, Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող փոփոխությունների միջոցով դրա վրա ազդելն է։ Այլ գործիքակազմ ես այս պահին առանձնապես չեմ տեսնում»,- նշել է Պետրոսյանը։

