Արհեստական բանականության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը այսօր դարձել է գլոբալ մրցակցության առանցքային ուղղություններից մեկը։ Այս համատեքստում Հայաստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ հայտարարված խոշոր նախաձեռնությունների միջոցով, որոնք վերաբերում են արհեստական բանականության ենթակառուցվածքների ստեղծմանն ու բարձր հաշվարկային հզորությունների ներգրավմանը։
Վերջին օրերին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի շրջանակում, հայտարարվեց Հայաստանում արհեստական բանականության կենտրոնի ստեղծման ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ ամերիկյան NVIDIA և Firebird ընկերությունների մասնակցությամբ, ինչպես նաև լրացուցիչ տասնյակ հազարավոր GPU-ների մատակարարման լիցենզիայի տրամադրման վերաբերյալ։ Նշվում է, որ այս նախագծերի իրականացումը Հայաստանը կդասեն աշխարհում ԱԲ համար նախատեսված խոշոր GPU կլաստերներ ունեցող երկրների շարքում։ Ի՞նչ սա իրականում կտա Հայաստանին ւ արդյո՞ք սա հերթական նախընտրական փուչիկը չէ։
Ռազմավարական պոտենցիալ ունեցող նախագիծ
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Avenue Consulting Group ընկերության բաժնետեր Հայկ Չոբանյանի խոսքով՝ արհեստական բանականության կենտրոնի ստեղծման նախագիծը վերջին տարվա ընթացքում դարձել է տեխնոլոգիական աշխարհի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը, սակայն դրա իրական նշանակությունը շատ ավելի լայն է, քան պարզապես մեկ բարձր տեխնոլոգիական նախաձեռնություն։ Նրա գնահատմամբ՝ խոսքը գնում է ռազմավարական պոտենցիալ ունեցող նախագծի մասին, որը կարող է դառնալ ոչ միայն ոլորտային, այլև տնտեսության համար համակարգային խթանիչ։
«Սա հավակնում է դառնալ այն առաջին պրոյեկտներից մեկը, որը զարգացնող ազդեցություն կունենա ոչ միայն իր բուն նիշայի ներսում, այլև դրանից դուրս», — ընդգծեց Չոբանյանը՝ հավելելով, որ հենց այդ հարակից էֆեկտներն են նախագծի ամենակարևոր բաղադրիչներից մեկը։
Հրազդանի ջերմաէլեկտրակայան լիարժեք շահագործում` հարակից էֆեկտ
Չոբանյանը նշեց, որ կենտրոնի տեղակայման հարցում արդեն նախնականորեն քննարկվում է Հրազդան քաղաքը։ Նրա գնահատմամբ՝ դա պայմանավորված է երկու առանցքային գործոնով։ Առաջինը՝ կլիմայական պայմաններն են, որոնք կարևոր նշանակություն ունեն նմանատիպ տվյալների մշակման կենտրոնների համար, քանի որ դրանք արտադրում են մեծ քանակությամբ ջերմություն, և հովացման խնդիրը դառնում է հիմնարար։ Երկրորդը՝ Հրազդանի ջերմաէլեկտրակայանի առկայությունն է։
«Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հրազդանի ՋԷԿ-ը աշխատում է իր հնարավորությունների բավականին փոքր տոկոսով։ Արևային էներգետիկայի զարգացման պայմաններում այն ավելի շատ դարձել է աջակցող համակարգ և հիմնականում աշխատում է գիշերային ժամերին», — նշեց նա։
Ըստ Չոբանյանի՝ նախագծի իրականացումից հետո կենտրոնի էներգետիկ պահանջարկը կարող է հասնել և նույնիսկ գերազանցել 100 մեգավատը, ինչը նշանակում է տարեկան ավելի քան 800 հազար մեգավատժամ էլեկտրաէներգիայի սպառում։ Նա հիշեցրեց, որ Հրազդանի ՋԷԿ-ի նոմինալ հզորությունը հինգերորդ էներգաբլոկից հետո մոտենում է մեկուկես գիգավատին, սակայն տարեկան միջին հաշվարկներով կայուն օգտագործվում է դրա մոտ մեկ երրորդը։
Արտահանել ինֆորմացիա էլեկտրաէներգիայի փոխարեն
Այս համատեքստում Չոբանյանը շեշտեց, որ աշխարհում նմանատիպ կենտրոնների ստեղծումը դիտարկվում է ոչ միայն որպես տեխնոլոգիական, այլև որպես էներգետիկ նախագիծ։ Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայում դասվում է էներգիա արտահանող երկրների շարքին, իսկ էներգետիկ ռազմավարությունը միտված է հյուսիս–հարավ ուղղություններով ինտեգրմանը։
«Երբ մենք այսպիսի համակարգեր ենք ներդնում, էապես բարձրացնում ենք մեր արտադրած էներգիայի հավելյալ արժեքը», — ընդգծեց նա։ Չոբանյանի բացատրությամբ՝ եթե էլեկտրաէներգիայի ուղղակի վաճառքը կարող է ապահովել սահմանափակ շահութաբերություն, ապա տվյալների մշակման և արհեստական բանականության ենթակառուցվածքների միջոցով այդ նույն էներգիան վերածվում է բարձր արժեք ունեցող արտադրանքի։
«Այս դեպքում մենք վաճառում ենք ոչ թե պարզապես էներգիա, այլ ինֆորմացիա՝ լայն իմաստով, որը անհամեմատ ավելի բարձր արժեք ունի», — ասաց նա՝ հավելելով, որ նման ծառայությունները կարող են դառնալ հումք գիտահետազոտական կազմակերպությունների համար, իսկ շատերի դեպքում՝ հիմնարար ենթակառուցվածք։
Չոբանյանի եզրակացմամբ՝ էներգիայի վերափոխումը բարձր տեխնոլոգիական արտադրանքի կամ ծառայության Հայաստանի տնտեսության համար կարող է դառնալ էական շահույթ ապահովող գործոն և երկարաժամկետ զարգացման առանցքային ուղղություններից մեկը։
1 միլիարդ դոլարի շրջանառություն
Team հեռահաղորդակցության օպերատորի և Firebird տվյալների կենտրոնի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը պնդում է՝ նախագծի շահագործումից հետո տարեկան շրջանառությունը, ըստ նախնական գնահատականների, կարող է գերազանցել 1 միլիարդ դոլարը։ Սրանից, ինչպես նշել է Եսայանը, ուղղակիորեն բխում է նաև հարկաբյուջետային էֆեկտը. միայն հարկային մուտքերը և աշխատավարձի ֆոնդը, ըստ նախնական հաշվարկների, կարող են կազմել տարեկան առնվազն 80–100 միլիոն դոլար։ Բացի ուղղակի տնտեսական էֆեկտից, նախագիծը ենթադրում է նաև զգալի անուղղակի ազդեցություն երկրի տնտեսության վրա։

