Կոմունիկացիաների փոխանցումը ամերիկյան ընկերությանը չի փոխում իրավիճակը, հայկական կողմը կորցնում է իր ինքնիշխանությունն այդ տարածքի վրա, – VECTORS.am-ին տված հարցազրույցում ասել է Սերբիայի քրեագիտական և սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Միրոսլավ Իվանովիչը։
«Զանգեզուրյան միջանցքի հարցը առաջ են մղում Ադրբեջանն ու Թուրքիան՝ անտեսելով 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթները, որը ստորագրվել էր Ռուսաստանի միջնորդությամբ։ Նույն այդ ուժերն էին պնդում Ադրբեջանի՝ Զանգեզուրի արտաքին հատվածի նկատմամբ ունեցած իրավունքի մասին։ Սա նշանակում է, որ միջանցքը երկփեղկում է Հայաստանի տարածքը։ Նույնիսկ եթե այդ միջանցքը փոխանցվի բացառապես ամերիկյան ընկերությանը, խնդիրն իր էությամբ չի փոխվում՝ Հայաստանը կորցնում է սուվերենություն այդ տարածքի վրա», – շեշտել է նա։
Այս հանգամանքը ավելի մեծ մտահոգություններ է առաջացնում՝ հատկապես հաշվի առնելով ԱՄՆ Սահմանադրության դրույթները։ Նա նշել է, որ ԱՄՆ Սահմանադրության՝ արտասահմանում ռազմական նախաձեռնությունների վերաբերյալ լիազորություններին վերաբերող փոփոխությունների համաձայն՝ յուրաքանչյուր նախագահ իրավունք ունի պաշտպանել Միացյալ Նահանգների շահերը ցանկացած վայրում, որտեղ առկա է ամերիկյան սեփականություն։
«Եթե Հայաստանը հրաժարվի «Զանգեզուրյան միջանցքի» նկատմամբ ւնքնիշխանությունից, ապա ի՞նչ կստանա փոխարենը։ Արցախը՞, Լաչինի միջանցքը՞, թե՞ որևէ այլ միջանցք, որը կկապի, օրինակ, ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ։ Թե՞ այսպիսով Փաշինյանն արդեն վերջնականապես հրաժարվել է հայկական շահերից Արցախում։ Թե՞ այս իրավիճակում նա իսկապես չուներ այլընտրանք։ Հասկանալի է, որ կա տարբերություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի ազդեցության միջև, սակայն պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը միշտ էլ աշխարհագրորեն մոտ է լինելու, մինչդեռ ԱՄՆ-ը՝ աշխարհագրորեն հեռու», – եզրափակել է նա։
Խոսելով խաղաղության պայմանագրի 17 համաձայնեցված կետերը ամրագրող շրջանակային փաստաթղթի հնարավոր ստորագրման մասին՝ փորձագետը նշել է, որ շուտով հայտնի կդառնան այն զրույցների և փաստաթղթերի բովանդակությունը, որոնք կդառնան Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հիմք։
«Դժվար է ասել՝ արդյոք դա տեղի կունենա մոտ ժամանակներում։ Թրամփը, անկասկած, ցանկանում է ներկայանալ որպես խաղաղարար և միաժամանակ առաջ մղել ամերիկյան շահերը։ Ցանկացած ԱՄՆ նախագահի առջև դրված է խնդիրն՝ սահմանափակել Ռուսաստանի հնարավորությունները։ Եվ ոչ միայն։ Կովկասում ազդեցություն ունենալը կամ տիրապետելը նշանակում է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահ՝ ուղղված Ռուսաստանի մեկուսացմանը։ Սա արևմուտք–Ռուսաստան գլխավոր աշխարհաքաղաքական վեկտորի կարևոր հատվածն է, որտեղ, բացի արևմտյան Եվրոպա–Ռուսաստան ուղղությունից, կա նաև հարավային՝ Կովկաս-Ռուսաստան ուղղությունը։ Մենք միշտ պետք է հիշենք վերջին տարիների դասերը՝ կապված Վրաստանում տեղի ունեցածի հետ։ Կտեսնենք՝ արդյոք Թրամփը կկարողանա միայնակ լուծել այս հարցը, քանի որ, բացի ԱՄՆ-ից, Հայաստանից և Ադրբեջանից, կան նաև մի քանի կարևոր խաղացողներ՝ Ռուսաստան, Իրան և Թուրքիա», — ասել է նա։

