Վաշինգտոնյան հռչակագիր. ձեռքբերում, թե՞ ձախողում

Վաշինգտոնյան հռչակագիր. ձեռքբերում, թե՞ ձախողում

Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեցին Եռակողմ հռչակագիր։ Հայաստանյայ իշխանությունների համար սա «երկարատև խաղաղության հաստատման առաջին քայլն է»։ Ընդդիմության՝ սպառնալիք է ազգային շահերին։ Ինչո՞ւ նույն տեքստը առաջացրեց այդքան տարբեր արձագանքներ, և ի՞նչ է իրականում թաքնված հռչակագրի ձևակերպումների հետևում։

Ե՛վ իշխանությունների գնահատականները, և՛ ընդդիմության քննադատությունն ունեն իրենց տրամաբանությունը։ Մի կողմից, հռչակագիրը իսկապես նման է հակամարտությունից տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական համակարգին ինտեգրման անցման ազդանշանի ԱՄՆ միջնորդությամբ։ Մյուս կողմից, ձևակերպումների և պարտավորությունների ամբողջությունը որոշակի ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։ Հենց այս դրույթներին էլ արժե ավելի մանրամասն անդրադառնալ։

Կետ 3. «Հատուկ տարանցիկ գոտու» կարգավիճակ

Հռչակագրի ամենավիճահարույց տարրերից մեկը «Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի միջև անարգել հաղորդակցության» մասին կետն էր։ Այս շեշտադրումն ինքնին երթուղուն տալիս է հատուկ նշանակություն՝ այն դասելով մյուս ուղղություններից վեր։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթում  էլ ավելի հեռու գնաց՝ այս երթուղին անվանելով «հատուկ տարանցիկ գոտի»՝ «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP) շրջանակներում.

«Մենք լուծել ենք շատ կարևոր հարց, սա հատուկ տարանցիկ գոտի է, տարածք, որը թույլ կտա Ադրբեջանին լիարժեք մուտք ունենալ Նախիջևան և միևնույն ժամանակ լիովին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։

Նրա խոսքով՝ միջանցքը կկառավարվի ԱՄՆ-ի կողմից 99 տարի՝ ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ, և դրա զարգացման մեջ կներգրավվեն խոշոր ամերիկյան ներդրումներ։

Այսպիսով, երթուղու հատուկ կարգավիճակն արդեն իսկ ապահովված է քաղաքական մակարդակում, թեև այն դեռևս չի ամրագրվել հիմնական պայմանագրի մեջ։ Չնայած փաստաթղթում նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով», ո՛չ Հռչակագրի տեքստում, ո՛չ էլ հրապարակային հայտարարություններում չի նշվում Երևանի կարիքների համար Ադրբեջանի տարածքով նմանատիպ «հատուկ տարանցիկ ճանապարհի» ստեղծման մասին: Դա ստեղծում է ասիմետրիա՝ հատուկ վերաբերմունքը երաշխավորված է մեկ ուղղությամբ, մինչդեռ Հայաստանի մուտքը ադրբեջանական տարածք մնում է անորոշ վիճակում:

«Անխոչընդոտ հաղորդակցությունից»՝ պահանջ

«Անխոչընդոտ հաղորդակցության» մասին ձևակերպումը երկիմաստ է թվում և ապագայում կարող է երկակի մեկնաբանությունների տեղիք տալ: Հայաստանի վարչապետը վստահեցնում է՝ սրանով կողմերը պարզապես համաձայնեի են չխոչընդոտել սահմանի անցումը։

Իհարկե, հռչակագրում անարգել անցման հարցը զուգորդվում է Հայաստանի ինքնիշխանության և իրավասության նկատմամբ հարգանքի դրույթով, բայց քաղաքական պրակտիկայում նման ձևակերպումները հաճախ մեկնաբանվում են որպես սահմանային և մաքսային վերահսկողության կրճատում կամ վերացում, ինչպես տեղի ունեցել այլ միջազգային համաձայնագրերում, օրինակ՝ ԵՄ-ում տարանցիկ միջանցքների շրջանակներում: 

Եթե «անխոչընդոտ անցումը» և «հատուկ տարանցիկ ճանապարհի» կարգավիճակը հետագայում դառնան միջազգային ֆիքսված պարտավորություն (իսկ հռչակագիրն այդպիսին չէ), Բաքուն կկարողանա ցանկացած ուշացում, ստուգում կամ ընթացակարգի փոփոխություն մեկնաբանել որպես համաձայնագրի խախտում՝ դրան հաջորդող բոլոր խնդիրներով՝ տրանսպորտային ենթակառուցվածքների նկատմամբ իրական վերահսկողության կորուստից մինչև Միացյալ Նահանգներից կախվածության մեծացում։

Անորոշություն «Երրորդ կողմերի» հետ կապված

Հռչակագրի 4-րդ կետում նշվում է․ «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով». 

Սակայն, հռչակագրում չի նշվում, թե ովքեր են այդ «երրորդ կողմերի»և ինչպես է կառուցվելու որոշումների կայացման գործընթացը: Տրամաբանական է ենթադրել, որ երրորդ կողմերը այն ընկերություններն են, որոնք անմիջականորեն կմասնակցեն նախագծի իրականացմանը, սակայն հռչակագրում օգտագործված անորոշ ձևակերպումները լայն հնարավորություններ են ընձեռում հետագայում ոչ միայն ընկերություններին, այլև տարածաշրջանի երկրներին  նախագիծ ներգրավելու համար: ԱՄՆ-ն, այդ թվում՝ իր սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով, որոշակի փուլում կարող է պնդել տարածաշրջանային խաղացողների ներգրավումը նախագծում:

Բայց չմոռանանք, որ հռչակագիրը իրակաուն նախնական փաստաթուղթ է, որի հիման վրա ապագայում կմշակվի համաձայնագիր այս հարցի վերաբերյալ: Հետևաբար, չափազանց կարևոր է, որ հիմնական փաստաթուղթը մշակելիս Հայաստանը կարողանա պնդել «երրորդ կողմերի» մասին հնարավորինս հստակ ձևակերպումների ընդգրկում։ 

Բազմակողմանի նախագծի պարագայուն  Հայաստանն, ունենալով ավելի քիչ քաղաքական և տնտեսական կշիռ, կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ նրա պաշտոնական վետոյի իրավունքը կսահմանափակվի ընթացակարգային կանոններով կամ կչեզոքացվի վեճերը լուծելու համար նախատեսված միջնորդական մեխանիզմներով: Այսինքն՝ Հայաստանը կկարողանա արգելափակել որոշումները միայն տեսականորեն, բայց իրականում ստիպված կլինի անընդհատ զիջումների գնալ:

Ձևակերպումների հստակությունը հաջողության գրավական է

Նման իրավիճակից խուսափելու համար, հիմնական համաձայնագրի պատրաստման փուլում, Հայաստանը պետք է հասնի առավելագույնս թափանցիկ, հստակ, ոչ երկիմաստ ձևակերպումների, մասնակցության, որոշումների կայացման և վեճերի լուծման խիստ կանոնների, որոնք նրան կապահովեն նախագծի նկատմամբ իրական վերահսկողություն և կբացառեն մասնակիցների շրջանակի միակողմանի ընդլայնումը, պետությունների, այլ ոչ թե բիզնեսի ներգրավումը՝ առանց նրա համաձայնության: Ռիսկերը նվազագույնի հասցնելու համար ապագա համաձայնագրում պետք է նաև հստակորեն նշվեն վերահսկողության մեխանիզմներ, որոնք կբացառեն երկիմաստ մեկնաբանությունները և կապահովեն Հայաստանի լիարժեք մաքսային և սահմանային վերահսկողության իրավունքը:

Scroll to Top