TRIPP նախագծի իրականացմանը զուգընթաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կբախվի զգալի խնդիրների և չի կարողանա միանձնյա վերահսկողություն ապահովել։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը։
«Նախագիծը hողի վրա իրականացնելիս ամերիկյան կողմը անխուսափելիորեն կբախվի այս հարցի շուրջ կենտրոնացած բոլոր հակասություններին. Իրանից և Ռուսաստանից մինչև Չինաստան և Հնդկաստան», — ասել է Բալասանյանը։
Նա նշել է, որ Իրանի քաղաքական ղեկավարության մեղմ արձագանքին հակառակ, հոգևորականությունն ու ուժայինները շատ կտրուկ են արձագանքել այս նախաձեռնությանը։
«Իրանի նախագահ Պեզեշկիանի հայտարարությունները TRIPP հարցի վերաբերյալ նրա անձնական դիրքորոշումն են և բարեփոխիչների՝ նրա քաղաքական թիմի դիրքորոշումը, որը կողմնակից է ԱՄՆ-ի հետ երկխոսության ակտիվացմանը։ Սակայն չմոռանանք, որ Պեզեշկիանի ազդեցությունը չի տարածվում զինված ուժերի վրա, առավել ևս՝ ԻՀՊԿ-ի վրա, իսկ այնտեղից արդեն իսկ դժգոհություն և նույնիսկ սպառնալիքներ են հնչում։ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանի արձագանքը կոշտ կլինի՝ անկախ Մոսկվայի դիրքորոշումից», — ասել է փորձագետը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հաշվի առնել Ռուսաստանի դիրքորոշումը և Հայաստանի պարտավորությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ TRIPP-ի համար կգործեն նույն պայմանները, ինչ մյուս սահմանների համար. սահմանի այս հատվածը եղել և մնում է Եվրասիական մաքսային գոտու մաս, և, համապատասխանաբար, այնտեղ կգործեն ԵԱՏՄ կանոնները։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է TRIPP-ը տեղավորվելու ԵԱՏՄ մաքսային ռեժիմի տրամաբանության մեջ։ Այս հարցը պահանջում է լուրջ պարզաբանում, նշում է նա՝ մատնանշելով Հայաստանի իշխանությունների հավաստիացումները ԵԱՏՄ-ի շրջանակներում ակտիվ աշխատանքը շարունակելու իրենց մտադրության մասին։
«Ես չեմ կարծում, որ մենք կբախվենք այնպիսի իրավիճակի, երբ TRIPP-ը չի իրագործվի։ Սակայն նախագիծն իրականացնելիս Թրամփը ստիպված կլինի հաշվի առնել այս բոլոր նրբերանգները և համագործակցել և՛ Թեհրանի, և՛ Մոսկվայի հետ։ Դիվանագետներն են որոշելու, թե ինչպես է դա իրականացվելու։ Սակայն Թրամփի հայտարարությունը, թե «դուք ունեք իմ համարը, զանգահարեք ինձ, եթե խնդիրներ կառաջանան»՝ չափազանց պարզունակ մոտեցում է, որը կիրառելի չէ նման բարդ տարածաշրջանում։ Վերջին հաշվով, խոսքը ԱՄՆ-Մեքսիկա սահմանի մասին չէ, որտեղ միակ խնդիրը զենք չունեցող անօրինական միգրանտներն են», — ասաց նա։
Բալասանյանը կոչ արեց հաշվի առնել Հնդկաստանի և Չինաստանի շահերը այս հարցի շուրջ:
«Հյուսիս-Հարավ երթուղին և Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքն ունեն իրենց տերերը: Այսինքն՝ Հնդկաստանի և Չինաստանի շահերի բախում կա: Ինչպե՞ս է Թրամփը մտադիր լուծել այս հարցը: Դա նույնպես անհասկանալի է», — ասաց նա:
Փորձագետը վստահ է, որ ամերիկյան կողմը ստիպված կլինի համատեղ վերահսկողություն առաջարկել նախագիծն իրականացնելու համար: Սակայն այս պարագայում ծագում է մեկ այլ հարց. եթե Վաշինգտոնին չի հաջողվում միանձնյա վերահսկողություն ապահովել այս ճանապարհի նկատմամբ, արդյո՞ք նախագծի իրագործումը հետաքրքիր կլինի ԱՄՆ-ին:

