Թմրամիջոցների ապօրինի առևտուրը, կրիպտոն և կանխիկի սահմանափակման հակասական քաղաքականությունը

Թմրամիջոցների ապօրինի առևտուրը և կանխիկի սահմանափակումը

Հայաստանում շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որը թույլ է տալիս կրիպտոակտիվների ոլորտում մինչև մեկ տարի շարունակել կանխիկ գործարքները՝ մինչև 300 հազար դրամի սահմանաչափով։ Այս մասին հայտնեց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին իշխանությունները հետևողականորեն առաջ են մղում կանխիկի կրճատման գաղափարախոսությունը՝ ներկայացնելով այն որպես կոռուպցիայի, ստվերային տնտեսության և հանցավորության դեմ պայքարի արդյունավետ գործիք։ Ներքին գործերի նախարարությունն այս քաղաքականության հիմնական ջատագովներից էր։ Կանխիկի սահմանափակման այս մոտեցումը վերաբերում էր նաև կրիպտոակտիվներին։ Ըստ նախատեսված կարգավորումների՝ Կենտրոնական բանկը պետք է 2026 թվականի հունվարից սկսեր կրիպտոակտիվներով գործունեության լիցենզավորումը՝ այն ամբողջությամբ տեղափոխելով անկանխիկ դաշտ։ Այս մոտեցումը ներկայացվում էր որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, տրաֆիքինգի և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի մաս։

Հովհաննիսյանը նշեց, որ ներքին գործերի նախարարությունից ստացված պաշտոնական տվյալների համաձայն՝ այս պահին Հայաստանի Հանրապետությունում Telegram հարթակում գործում է շուրջ 300 խանութ-շոփ, որոնք զբաղվում են թմրամիջոցների ապօրինի առքուվաճառքով։ Ըստ ոչ պաշտոնական գնահատականների՝ այդ հարթակներից յուրաքանչյուրն օրական իրականացնում է միջինը վեցից յոթ գործարք, որոնց արժեքը սկսվում է առնվազն 20 դոլարից և կարող է հասնել 300, 500 կամ ավելի բարձր գումարների, պնդում է նախկին նախարարը։ Նվազագույն հաշվարկներով՝ խոսքը տարեկան մոտ 13–14 միլիոն դոլարի շրջանառության մասին է, ասում է նա։

«Թմրամիջոցների այս ապօրինի առևտուրը հիմնականում իրականացվում է կրիպտոարժույթների միջոցով, մասնավորապես՝ Dash կրիպտոյի, որի հետագծելիությունը բարդ է և էականորեն սահմանափակում է իրավապահ մարմինների հնարավորությունները։ Եվ ահա այս իրողությունների ֆոնին առաջարկվում է թույլ տալ կրիպտոակտիվների ոլորտում մինչև մեկ տարի շարունակել կանխիկ գործարքները, ինչը պետական մարմինների տրամաբանության տեսանկյունից առնվազն անհասկանալի է», նշում է նա։

Հովհաննիսյանը նկատեց, որ եթե թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, տրաֆիքինգը, կոռուպցիայի դեմ պայքարը և հանցավորության դեմ արդյունավետ պայքարը կանխիկի շրջանառության սահմանափակման միջոցով հիմնական նպատակադրումներից են, ապա թվում է, որ պետք է օր առաջ հնարավոր քայլերը կատարվեին, որպեսզի այս սահմանափակումը ուժի մեջ մտներ։

«Բայց ի՞նչ է տեղի ունենում իրականում։ 2026-ի հունվարի մեկից պետք է Կենտրոնական բանկը սկսի լիցենզավորումը, և բանկերը այլևս անկանխիկ պետք է կրիպտոյով գործողություններ իրականացնեին։ Ընդամենը երկու շաբաթ առաջ Ներքին գործերի նախարարությունն էլ, Կենտրոնական բանկն էլ ասում են՝ մենք հաստատակամ ենք, չենք փոխելու։ Կրիպտո համայնքը միանգամայն լեգիտիմ փաստարկներ է ներկայացնում՝ ասում են՝ սանկցիոն փողեր կա, տնտեսական ակտիվությունը մի քիչ ավելացնենք, մի քիչ էլ թողեք աշխատենք։ Իրենց փաստարկը կարող է և լեգիտիմ լինել, ես այդ մարդկանց փաստարկների մասով չեմ ուզում դիրքորոշում արտահայտել։ Բայց խնդիրը նրանում է, որ պետական մարմինների տեսանկյունից այս որոշումը նվազագույնը անտրամաբանական է», – ասում է նա։

Հովհաննիսյանի գնահատմամբ՝ անհասկանալի է, թե ինչու են երկու շաբաթվա կտրվածքով անում տրամագծորեն հակառակ պնդումներ։ Ընդ որում, Ներքին գործերի նախարարությունը պնդում է իր դիրքորոշումը, իսկ Կենտրոնական բանկը ներկայացնում է նախագիծ, որտեղ թույլ են տալիս մինչև 300 000 դրամ մի տարի էլ կանխիկով աշխատել։

«Արդյունքում առաջանում են մի շարք կարևոր հարցեր․ ովքե՞ր են արել լոբբինգը այս նախագծի քննարկման, շրջանառության և ընդունման համար։ Ովքե՞ր են շահագրգիռները», – եզրափակեց Հովհաննիսյանը։


👉 https://vectors.am/category/orensdrutyun/

Scroll to Top