Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը օրերս հայտարարել էր, որ Հայաստանը չորս տարի շուտ է հասել արևային էներգիայի օբյեկտների ընդհանուր հզորության իր ռազմավարական նպատակին։ Խոսքը արևային էլեկտրակայաններից և տեղադրումներից ստացված ավելի քան 1000 ՄՎտ հզորության մասին է, ասել է նախարարը։ Հայաստանի համար, որտեղ էներգետիկ անկախության հարցը ռազմավարական նշանակություն ունի, արևային էներգետիկայի զարգացումը ոչ միայն քայլ է դեպի «կանաչ ապագա», այլ նաև էներգետիկ անվտանգության և ինքնաբավության գրավական։
Արևային էներգիայի աճը և ներկա ռեալ ցուցանիշները
«Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը պնդում է՝ Հայաստանում արևային էներգետիկան հարևան երկրների համեմատ նկատելիորեն ավելի արագ է զարգանում։ «Մենք արդեն առաջ ենք անցել Վրաստանից, Իրանից և Ադրբեջանից։ Թուրքիան, իհարկե, լայնածավալ ծրագրեր է իրականացնում, բայց եթե հաշվենք մեկ շնչի հաշվով ընկնող հզորությունը, ապա Հայաստանը բոլորովին էլ չի հետ մնում», — նշել է նա։
Այդուհանդերձ ճշգրիտ վիճակագրական տվյալներ այսօրվա դրությամբ չկան․ «Վիճակագրությունը արևայինի պարագայում ունի իր առանձնահատկությունը, որովհետև տեղում սպառված էներգիան հնարավոր չէ հաշվառել: Ուստի մոտ 45 000 տեղադրված կայանների, որոնց էական մասը բնակչության տանիքներին է տեղադրված, տեղում սպառումը հնարավոր չէ ճ՛գրիտ հաշվառել։ Այստեղ ստիպված ենք բավարարվել որոշակի միջինացված գնահատականներով: Մոտավոր պատկերը՝ մինչև 1000 ՄՎտ հզորության, որից 400 ՄՎտ դա արդյունաբերական կայաններն են և 500 ՄՎտ պլյուս ՝ ինքնավար արտադրողներն են, որոնք որ ցանցի հետ փոխանակման ռեժիմով են աշխատում՝ իրենց ցերեկվա արտադրած էներգիան ի պահ են տալիս և գիշերվա կամ հաջորդ ամսվա կամ հաջորդ սեզոնի պահանջարկը բավարարում այդ նախկինում տրված էներգիայի հաշվին»:
Փորձագիտական գնահատական և համակարգային ռիսկեր
Փորձագետ Վահե Դավթյանի խոսքով՝ կառավարության ներկայացված թվերն, առաջին հայացքից, տպավորիչ են, սակայն խորքային դիտարկումը բացահայտում է՝ դա համակարգային պլանավորման բացակայության ցուցանիշ է։
«ՏԿԵ նախարարը ինքն է նշում, որ նման ծավալների դեպքում արդեն իսկ առաջանում են բարդություններ՝ կապված էներգետիկ համակարգի կայունության հետ։ Հենց այդ պատճառով կառավարությունը քննարկում է նոր սուբսիդավորման ծրագիր՝ միայն այն դեպքում, եթե արևային կայանները համալրվեն կուտակիչ համակարգերով։ Սա փաստացի նշանակում է, որ պետությունն առաջին անգամ ընդունում է՝ արևային ոլորտի անսանձ աճը համակարգային վտանգի աղբյուր է», — պնդում է նա:
Այսօր արևային էներգիայի ընդհանուր հզորությունները Հայաստանում արդեն գերազանցում են ատոմակայանի ցուցանիշը քանակական առումով։ Սակայն տարբեր տեսակի գեներացիոն հզորությունների միջև զուգահեռներ անցկացնելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել նաև հարցի անվտանգային բաղադրիչը, նշում է փորձագետը։
«Եթե դիտարկենք մատակարարվող էներգիայի որակը և էներգետիկ կայունությունը, ապա ակնհայտ է, որ որևէ արևային կամ ֆոտովոլտային կայան չի կարող մրցել ատոմակայանի հետ։ Սա պայմանավորված է ոչ միայն տեխնոլոգիական տարբերություններով, այլև այն հանգամանքով, որ մեր տարածաշրջանում և հարակից երկրներում արագ զարգանում է խաղաղ ատոմային էներգետիկան։ Թուրքիայում, Իրանում, ինչպես նաև Ադրբեջանում նկատվում է այս ուղղությամբ աշխուժություն․ վերջինս, մասնավորապես, վերջերս վերսկսել է բանակցություններ կամ առնվազն քննարկումներ արտաքին գործընկերների հետ՝ Ադրբեջանում առաջին ատոմակայանի կառուցման վերաբերյալ։
Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության համար չափազանց կարևոր է պահպանել իր միջուկային հզորությունները՝ որպես ռազմավարական նշանակության ռեսուրս, որը ոչ միայն ապահովում է էներգետիկ անկախություն, այլև ամրապնդում է երկրի տարածաշրջանային ռազմավարական դիրքերը», — նշեց նա։
Արևային և ատոմային էներգետիկա՝ մրցունակություն և հեռանկարներ
Շեկյանը այս հարցում համաձայն չէ։ Ըստ նրա` արևային էներգետիկան այլևս չի զիջում ավանդական աղբյուրներին։ «Իրականում, — ասել է նա, — դրա մրցունակության հարցը վաղուց օրակարգում չէ։ Գրեթե բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունները ընդունել են, որ արևային էներգիան այլևս մրցունակ աղբյուր է ավանդական՝ ջերմային կամ ատոմային կայանների հետ համեմատած»։
Միաժամանակ նա նշել է, որ դեմ չէ ատոմային էներգետիկային, այդ թվում՝ Հայաստանի համատեքստում։ «Ես բոլորովին դեմ չեմ ատոմային էներգետիկայի գոյությանը և զարգացմանը», — ընդգծել է Շեկյանը։ — «Սակայն արևայինը (էներգիան) արդեն ապացուցել է իր արդյունավետությունը և շարունակում է նվազեցնել ինքնարժեքը, մինչդեռ ատոմայինը, չնայած տեխնոլոգիական բարելավումներին և անվտանգության բարձրացմանը, մնում է թանկարժեք, հատկապես եթե հաշվի առնենք երկարաժամկետ ծախսերը»։
Շարունակելով թեման՝ Շեկյանը նշեց, որ էներգետիկ համակարգի կայուն զարգացման համար կարևոր է վերացնել արևային էներգիայի արտադրության և սպառման միջև առկա անհավասարակշռությունը։ Ըստ նրա՝ այս հարցում կարևոր դեր կարող է խաղալ քամու էներգետիկան, որի նշանակությունը վերջին շրջանում աճում է։
«Ի տարբերություն արևայինի՝ քամին ունակ է էներգիա արտադրել գիշերը և ձմռանը», — պարզաբանել է նա։ — «Ուստի, եթե մենք կարողանանք գրագետ համատեղել արևային և քամու աղբյուրները, երկիրը շատ ավելի ինքնաբավ կդառնա։ Այսօր մենք մեծ թվով արևային կայաններ ենք տեղադրել, սակայն միևնույն ժամանակ անհավասարակշռություն է մնում. ցերեկը էներգիայի ավելցուկ կա, իսկ գիշերը և ձմռանը՝ դեֆիցիտ, ինչի պատճառով ստիպված ենք ավելի թանկ ռեսուրսներ օգտագործել»։

