Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքների մասին վերջնական գնահատականներ տալը դեռ վաղ է, սակայն արդեն իսկ նկատելի են խնդիրներ, որոնք անհանգստացնում են հայկական բիզնեսին։ Այս մասին նշեց բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները հատկապես մտահոգիչ են գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի ֆոնին, երբ շուկա են մտնում հայկական ծիրանը, թութը, բալը, կանաչեղենը, ինչպես նաև պահածոներն ու ալկոհոլային խմիչքները։ Եթե արտահանման խնդիրները շարունակվեն, այդ ապրանքների զգալի մասը կարող է մնալ ներքին շուկայում՝ առաջացնելով լուրջ կորուստներ արտադրողների համար։
Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, թե հնարավոր է զգալիորեն ավելացնել արտահանումը դեպի Եվրամիություն, Ապիկյանը նշեց, որ թերահավատ է նման հեռանկարի նկատմամբ, քանի որ արտահանման աճը կախված չէ միայն Հայաստանի ցանկությունից, անհրաժեշտ է, որ եվրոպական շուկան ևս պատրաստ լինի ընդունել հայկական արտադրանքը։
«Երբ ասում ենք՝ Եվրոպան կգնի, պետք է հասկանալ, որ ապրանքը չի գնում Եվրամիությունը որպես կառույց։ Այն գնում են եվրոպական ընկերություններն ու ներմուծողները, որոնց հետ անհրաժեշտ է առանձին բանակցել և ձևավորել առևտրային հարաբերություններ», – նշում է նա։
Ապիկյանի գնահատմամբ՝ եվրոպական շուկա մուտք գործելը բարդացնում է նաև Եվրամիության գյուղատնտեսական քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրները ձգտում են պաշտպանել սեփական արտադրողներին, ինչի հետևանքով գործում են խիստ ստանդարտներ, քվոտաներ և այլ սահմանափակումներ։ Բացի այդ, եվրոպական երկրների միջև արդեն իսկ առկա է սուր մրցակցություն գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարցում։ Այդ պատճառով, ըստ նրա, խոսել այն մասին, թե Հայաստանը կկարողանա արագորեն փոխարինել ռուսական շուկան եվրոպականով, անհիմն լավատեսական մոտեցում է։
Խոսելով բիզնես համայնքի տրամադրությունների մասին՝ նա նշեց, որ արտահանմամբ զբաղվող բազմաթիվ ընկերություններ արդեն իսկ անհանգստացած են ստեղծված իրավիճակով։ Որոշ ընկերություններ, ըստ նրա, արդեն կրում են կորուստներ, իսկ մյուսները սպասում են՝ հասկանալու համար, թե արդյոք ՌԴ սահմանափակումները կազդեն նաև իրենց գործունեության վրա։
Ապիկյանը չի բացառել, որ Ռուսաստանի կողմից կիրառվող միջոցները կարող են ընդլայնվել նոր ոլորտների վրա։ Նրա կարծիքով՝ նման գործընթացները սովորաբար իրականացվում են փուլային եղանակով՝ աստիճանաբար մեծացնելով տնտեսական ճնշումը։
Ամփոփելով՝ նա ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է սերտորեն կապված մնալ ԵԱՏՄ շուկայի հետ, և այդ կախվածությունը կարճ ժամանակում փոխարինել այլ ուղղություններով հնարավոր չէ։ Նրա համոզմամբ՝ եվրոպական շուկաներում հաջողություն գրանցելու համար անհրաժեշտ են ոչ միայն քաղաքական հայտարարություններ, այլև մրցունակ արտադրանք, երկարաժամկետ աշխատանք ներմուծողների հետ, ինչպես նաև եվրոպական պահանջներին համապատասխանող արտադրական համակարգեր։
Ըստ Ապիկյանի՝ առանց այդ նախադրյալների դժվար է ակնկալել, որ եվրոպական ուղղությունը մոտ ապագայում կկարողանա լիարժեք փոխարինել Հայաստանի համար ավանդական արտահանման շուկաներին։

