Գազի թանկացման երեք սցենար․ 275, 300 կամ մինչև 470 դոլար

Հայաստանի և Ռուսաստանի միջև 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունը մինչև 2031 թվականը հայկական կողմին հնարավորություն է տվել որոշակիություն ունենալ բնական գազի գնի հարցում։ Էներգետիկայի հարցերով փորձագետ, նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանի խոսքով՝ այդ պայմանավորվածությամբ գազի գինը ֆիքսվել է 165 դոլարի մակարդակում՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

Վարդանյանը պարզաբանել է, որ խոսքը առանձին նոր պայմանագրի մասին չէր, այլ հիմնական մեծ գազային համաձայնագրին կից հավելվածի, որով 165 դոլար գինը ամրագրվել է մինչև 2031 թվականը ներառյալ։ Միաժամանակ հայկական կողմը մի շարք պարտավորություններ է ստանձնել, այդ թվում՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի սակագնի, «Երևանի ՋԷԿ»-ի պարտքերի և այլ հարցերի կարգավորման ուղղությամբ։

Փորձագետի խոսքով՝ հայկական կողմը ստանձնած պարտավորությունները կատարել է նախատեսված ժամկետներից ավելի արագ։ Ռուսական կողմն էլ կատարել է իր հիմնական պարտավորությունը՝ պահպանել գազի գինը։

Սակայն պայմանավորվածության մեջ կա մի դրույթ, որը, Վարդանյանի գնահատմամբ, այսօր կարող է դառնալ առանցքային։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է հրաժարվել համաձայնագրից, և այդ դեպքում մյուս կողմի համապատասխան պարտավորությունները նույնպես դադարում են գործել։

Ինչու է 165 դոլարը փաստացի դարձել 177,5 դոլար

Գազի հայտարարված գինը, սակայն, ամբողջական պատկեր չի տալիս։ Վարդանյանի խոսքով՝ 2023 թվականից ռուսական կողմը սկսել է գազի արժեքի հաշվարկում հաշվի առնել դրա կալորիականությունը։

«165 դոլարը» նախկինում ներկայացվում էր առանց կալորիականության գործոնի հաշվարկի, իսկ դրա ներառումից հետո Հայաստանի համար փաստացի վճարվող գինը հասել է մոտ 177,5 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

Փորձագետի խոսքով՝ կալորիականության հաշվարկը միջազգային պրակտիկայում կիրառվող մոտեցում է, և Հայաստանը այդ հարցում բանակցային լուրջ լծակ չուներ։ Այդ պատճառով անվանական 165 դոլարի և փաստացի վճարվող գումարի միջև որոշակի տարբերություն առաջացավ։

Այդուհանդերձ, Վարդանյանը 2022 թվականի պայմանավորվածությունը Հայաստանի համար համարում է վերջին տարիների ամենահաջող բանակցային արդյունքներից մեկը։ Պատճառն առաջին հերթին կանխատեսելիությունն է։

Ամեն տարվա սթրեսը դուրս եկավ

Մինչև 2022 թվականը գազի գնի հարցը, ըստ փորձագետի, ամեն տարի վերադառնում էր օրակարգ՝ նոյեմբեր-դեկտեմբերին։ Անորոշությունը խնդիր էր նաև տնտեսության համար․ բիզնեսը չէր կարող վստահ հաշվարկել հաջորդ տարվա ծախսերը, իսկ օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները չէին կարող հստակ պատկերացնել իրենց ապագա գազի ծախսը։«Մենք դրանով ազդակ տվեցինք, որ 10 տարով ֆիքսվել է գազի գինը»,— նշել է Վարդանյանը։

Նրա գնահատմամբ՝ պայմանավորվածության կնքման պահին 165 դոլարը Հայաստանի համար հատկապես շահավետ գին էր։ Բանակցությունների մեկնարկին եվրոպական շուկայում գազի գինը մոտ 800 դոլար էր, իսկ համաձայնագրի ստորագրման պահին՝ արդեն շուրջ 1300 դոլար։ Հետագայում այն հասել է նույնիսկ 2800–3000 դոլարի մակարդակների։

Այս ֆոնին, նրա խոսքով, 2022 թվականին գազի գինը 10 տարով ֆիքսելու հնարավորությունից հրաժարվելն ավելի մեծ ռիսկ էր պարունակում, քան համաձայնագրում կողմերի միակողմանի հրաժարման մասին դրույթն ընդունելը։

Եթե Ռուսաստանը հրաժարվի համաձայնագրից՝ գինը կարող է հասնել 275 դոլարի

Վարդանյանը դիտարկում է մի քանի հնարավոր սցենար։ Առաջինի դեպքում ռուսական կողմը կարող է հրաժարվել գործող պայմանավորվածությունից։ Այդ դեպքում գազի գինը կարող է վերադառնալ 275 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

Միաժամանակ Հայաստանը կազատվի համաձայնագրով ստանձնած որոշ պարտավորություններից, այդ թվում՝ Հրազդանի 5-րդ բլոկի հետ կապված տարեկան մոտ 34 մլն դոլարի վճարումից։ Սակայն այդ գումարը, ըստ Վարդանյանի, չի կարող ամբողջությամբ փոխհատուցել գազի թանկացումը։

Եթե 34 մլն դոլարը վերածենք գազի ծավալների հաշվարկի, այն մոտավորապես 15 դոլար է կազմում հազար խորանարդ մետրի հաշվով։ Այսինքն՝ անգամ այդ պարտավորությունից ազատվելով՝ Հայաստանի համար գազի գինը կարող է շուրջ 110 դոլարով բարձրանալ։

Վարդանյանի գնահատմամբ՝ նման զարգացումը վերջնական սպառողի համար կարող է նշանակել գազի մոտ 25 տոկոս թանկացում։

Մաքսատուրքը՝ ևս մեկ հնարավոր թանկացման գործոն

Մյուս հնարավոր սցենարը կապված է արտահանման մաքսատուրքի կիրառման հետ։ Վարդանյանի խոսքով՝ մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ ռուսական կողմը կարող է հրաժարվել գործող համաձայնագրից, ինչի հետևանքով գազի նկատմամբ կարող են կիրառվել արտահանման մաքսատուրքեր։

Դրանց չափը տարբեր գնահատականներով կարող է կազմել մոտ 10-30 տոկոս։ Եթե, օրինակ, 275 դոլար գազի գնին ավելացվի 10 տոկոս մաքսատուրք, գինը կարող է մոտենալ 300 դոլարին։

Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը անցնի շուկայական գնին

Երրորդ տարբերակը գործող բոլոր պայմանավորվածությունից հրաժարվելն ու շուկայական հարաբերությունների անցումն է։ Այստեղ, սակայն, առաջանում է գլխավոր հարցը՝ ո՞ր շուկայի գինն է պետք ընդունել որպես հենանիշ։

Վարդանյանի խոսքով՝ վերջին ամիսներին եվրոպական շուկայում գազի գինը եղել է մոտ 400-470 դոլարի սահմաններում։ Սակայն նա կասկածի տակ է դնում այն մոտեցումը, ըստ որի Հայաստանի համար «շուկայական գին» ասելով պետք է անպայման նկատի ունենալ եվրոպական գինը։

«Երբ ռուսական կողմի հետ բանակցություններում ասում էին՝ շուկայական, ես ասում էի՝ որտե՞ղ է շուկան»,— նշել է նա՝ ընդգծելով, որ ասիական շուկաներում գազի գները կարող են էապես տարբերվել եվրոպականից։

Փորձագետի խոսքով՝ հատկապես կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ ռուսական գազի վաճառքի աշխարհագրությունը նույնպես փոխվել է, և Չինաստանի ուղղությունը Ռուսաստանի համար ավելի մեծ նշանակություն է ստացել։

Ամենավատ սցենարը՝ մատակարարման ամբողջական դադարեցում

Վարդանյանը որպես ամենավատ, սակայն իր գնահատմամբ՝ գրեթե զրոյական հավանականություն ունեցող տարբերակ դիտարկում է Հայաստանի գազի մատակարարման ամբողջական դադարեցումը։

Նա որպես օրինակ հիշատակում է Մոլդովայի դեպքը, երբ ռուսական կողմի հետ կուտակված պարտքերի և այլ տարաձայնությունների ֆոնին գազի մատակարարումը դադարեցվել էր։ Ռուսական կողմը, ըստ փորձագետի ներկայացրած օրինակի, պահանջել էր վճարել շուրջ 700 մլն դոլարի պարտքը, իսկ զուգահեռ առաջարկել էր անցկացնել արտաքին աուդիտ։ Վճարված գումարը նախատեսվում էր պահել դեպոզիտային հաշվին և հետագայում վերադարձնել, եթե աուդիտի արդյունքում պարզվեր, որ պարտքը հիմնավորված չէ։

Վարդանյանի գնահատմամբ՝ Հայաստանի համար գազի մատակարարման ամբողջական դադարեցումն այսօր ամենածանր սցենարը կլիներ, սակայն նա դրա հավանականությունը շատ ցածր է համարում։

Ընդհանուր առմամբ, փորձագետի ներկայացրած սցենարները ցույց են տալիս, որ 2022 թվականի համաձայնագրի գլխավոր արժեքը Հայաստանի համար միայն 165 դոլար գինը չէր։ Դրա կարևորագույն արդյունքը տասնամյա կանխատեսելիությունն էր։ Հիմա, երբ այդ պայմանավորվածության հնարավոր փոփոխության հարցը կրկին հայտնվում է օրակարգում, առանցքային խնդիր է դառնում ոչ միայն գազի նոր գինը, այլև այն պայմանները, որոնցով Հայաստանը կմտնի հաջորդ փուլ։


👉 Տնտեսություն — Vectors.am

Scroll to Top