Հայաստանի գործող կառավարությունը արշավ է սկսել եկեղեցու դեմ: Շատերը համարում են, որ դրանով քայքայվում են մեր պետականության հիմքերը: Ի՞նչ կապ ունի եկեղեցին մեր պետականության հիմքերի հետ: Հայաստանը աշխարհիկ երկիր է, պետությունը և եկեղեցին միմյանցից անջատված են, և մենք ապրում ենք 21-րդ դարում, և ահա կրոնը տարանջատված է քաղաքականությունից, տարանջատված է հանրային կյանքից, այս իմաստով տարօրինակ է հնչում նման տեսակետը, բայց ես այն կարծիքին եմ, որ այն քաղաքականությունը, որը վարում է գործող կառավարությունը, խարխլում է պետության հիմքերը: Ինչի համար՝ դրա մասին մենք դեռ կխոսենք:
Հիմա տեսնենք, թե գործող վարչապետը և իր թիմը ինչ մեղադրանքներ են ներկայացնում եկեղեցուն: Առաջին մեղադրանքը այն է, որ եկեղեցին մտել է քաղաքականություն և իշխանության հայտ է ներկայացնում: Եվ դրա համար թող եկեղեցին կուսակցություն ստեղծի և մասնակցի ընտրություններին: Եկեղեցին և հոգևորականները իշխանության հայտ չեն ներկայացրել, չնայած ցանկացած հոգևորական, որպես Հայաստանի քաղաքացի, կարող է և իշխանության հայտ ներկայացնել, և մասնակցել ընտրություններին:
Իսկ այն, որ եկեղեցին մտել է քաղաքականության մեջ՝ այո, եկեղեցին, որպես կառույց, կարող է քաղաքականությամբ զբաղվել, և քաղաքականությամբ զբաղվելը և իշխանության ձգտելը տարբեր հասկացություններ են: Հռոմի վերջին պապը, Ֆրանցիսկոսը, մահվանից առաջ իր մտահոգությունները հայտնել է Գազայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ և ասել է, որ դա ցեղասպանություն է և պետք է այդ ամենը կանգնեցնել: Սա քաղաքականություն է, թե քաղաքականություն չէ՞: Իհարկե դա քաղաքականություն է, երբ Միացյալ Նահանգների կրոնական կազմակերպությունները հանդես են գալիս աբորտների դեմ, էվթանազիայի դեմ, ընտանիքի խնդիրներով են հանդես գալիս և նույնիսկ փորձում են օրենսդրական փոփոխություններ անել՝ իրենց առաջարկությունները ներկայացնելով, դա քաղաքականություն է, թե քաղաքականություն չէ՞:
Միացյալ Նահանգների վերջին նախագահը իր երդումը տվել է Ավետարանի վրա, և վճռական նշանակություն է ունեցել կրոնական համայնքների դերը, որոնք ըստ էության ընտրեցին Միացյալ Նահանգների գործող նախագահին: Դա քաղաքականություն է, թե քաղաքականություն չէ՞: Այսինքն՝ եկեղեցին կարող է մասնակցել քաղաքականությանը և իր տեսակետը հայտնել իր կրոնական ուսմունքից ելնելով:
Երբ սկսվեցին եկեղեցու դեմ հալածանքները, երբ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը այցելեց Շվեյցարիա, իր նախաձեռնությամբ եկեղեցական մեծ ժողով տեղի ունեցավ, որտեղ ինքը բարձրացրեց հայ գերիների հարցը Բաքվում, բարձրացրեց արցախցիների իրավունքի հարցը, որ նրանք իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք: Դրանից հետո գործող վարչապետը սկսեց ուժեղացնել իր հալածանքները: Գարեգին Երկրորդը այս իմաստով՝ այո, քաղաքականությամբ զբաղվել է կրոնական ուսմունքից և ազգային շահերից ելնելով:
Որն է մյուս մեղադրանքը, որ հոգևորականներին ստիպում են մասնակցել հանրահավաքներին, տարիներ առաջ ինչ-որ ձայնագրություն են հանրայնացրել և փորձում են դա ներկայացնել որպես միջամտություն քաղաքական կյանքին: Մյուս մեղադրանքը այն է, որ եկեղեցու սույն բարձր ծառայողները օտար երկրների լրտես են: Այս մեղադրանքը ներկայացրել է գործող վարչապետը: Նախ՝ նման մեղադրանք վարչապետը ներկայացնելու իրավունք չունի. այդ իրավունքը իրավապահ համակարգինն է: Երկրորդ՝ եթե նման ծանրագույն մեղադրանք է ներկայացվում հոգևորականներին, ապա պետք է ապացույցներ լինեն և քրեական գործ բացվի դրա հիման վրա:
Առավել ևս՝ երբ այդ մեղադրանքը ներկայացնում է վարչապետը, ենթադրվում է, որ նա ավելի տեղեկացված է, քան մեզանից յուրաքանչյուրը: Եթե քրեական գործ չի հարուցվում, ապա նշանակում է՝ սա սուտ մատնություն է, և իրավապահ համակարգը պետք է պատասխանատվության ենթարկի գործող վարչապետին:
Մյուս մեղադրանքը այն է, որ որոշ հոգևորականներ կուսակրոնության ուխտը չեն պահել: Իսկ կուսակրոնության ուխտը պահել են, թե ոչ՝ դա վարչապետի գործը չէ: Յուրաքանչյուր հավատացյալ, իհարկե, իրավունք ունի այդ հարցը բարձրացնել, ձևավորել հանրային կարծիք, բայց դա չի կարող անել վարչապետը: Առավել ևս՝ ինքը փորձում է ներկայանալ որպես սովորական հավատացյալ, բայց ինքը մի քանի խորհուրդ ակնհայտորեն չի կատարել Հայ Առաքելական Եկեղեցու, և այդ առումով՝ որպես եկեղեցու հետևորդ, ինքը չի կարող ներկայանալ:
Մյուս մեղադրանքը այն է, որ որոշ եկեղեցիներ, այսինքն՝ պատմամշակութային համալիրներ, «չուլանի» են վերածել: Ցանկացած ժողովրդավարական երկրում պատմամշակութային հուշարձանները ամբողջովին պետական հոգածության տակ են գտնվում, մասնավորապես Նոտր Դամը կամ Ֆրանսիայի մյուս կարևոր եկեղեցիները պատկանում են Ֆրանսիայի պետությանը: Ֆրանսիայի պետությունը ամբողջովին հոգ է տանում այդ համալիրների մասին, սակայն, որպես եկեղեցի, դրանք տրամադրում է կաթոլիկ եկեղեցուն՝ իրենց արարողությունները կատարելու համար:
Այդ երևույթը կա նաև մյուս երկրներում, այսինքն՝ պետությունը հետևում է այդ հուշարձանների պահպանությանը և իր բյուջեում համապատասխան հոդված ունի: Արդյոք Հայաստանում ինչ-որ աննշան գումարներ տրամադրվում են, բայց համալիրների համար հոգածությունը կամ եկեղեցիների միջոցներով է կատարվում, կամ սփյուռքահայ բարերարների, կամ հարուստ մարդկանց՝ մասնավորապես այսօր բանտում գտնվող Սամվել Կարապետյանի կողմից: Այսինքն՝ այդ մեղադրանքը վարչապետը չի կարող ներկայացնել՝ զուտ բարոյական սկզբունքներից ելնելով:
Հիմա տեսնենք, թե ինչ լուծումներ է առաջարկում գործող վարչապետը և ինչ կա դրա տակ: Լուծումները հետևյալն են. ինքը առաջարկում է նոր կաթողիկոս ընտրել, այսինքն՝ կաթողիկոսը պետք է հրաժարական տա, և մենք պետք է ընտրենք նոր կաթողիկոս: Ի՞նչ գործ ունի վարչապետը պահանջելու, որպեսզի կաթողիկոսը հրաժարական տա և նոր ընտրություններ տեղի ունենան: Ակնհայտորեն ինքը դրա իրավունքը չունի որպես պետության ղեկավար և պետք է պատասխանատվության ենթարկվի, թեկուզ նման պահանջի համար:
Սա, իհարկե, աբսուրդի ժանրից է. կաթողիկոսի հրաժարականից հետո նոր ընտրություններ պետք է լինեն, կլինեն թեկնածուներ, և պետությունը, ինչպես նաև ինքը, պետք է ստուգեն այդ թեկնածուների բարեվարքությունը՝ այսինքն՝ որքանով են նրանք բարոյական իրավունք ունեցող անձինք և արդյոք նրանց բարոյական նկարագիրը համապատասխանում է կաթողիկոսի կոչմանը: Սա աբսուրդ է, բայց իր տակ ունի վտանգավոր քաղաքական հետևանքներ:
Մենք հիշում ենք, որ Ռուսաստանի նախագահը ժամանակին ասել էր, որ Ռուսաստանում ավելի շատ հայ կա, քան Հայաստանի Հանրապետությունում: Հայ Առաքելական Եկեղեցին համաշխարհային կառույց է, ի միջի այլոց՝ ամենաժողովրդավար եկեղեցիներից մեկը: Կաթողիկոսի ընտրությանը մասնակցում են և սովորական հավատացյալները՝ իրենց պատվիրակների միջոցով, և հոգևորականները:
Ռուսաստանի նախագահը կարող է ասել, որ ինքը նույնպես իրավունք ունի տեսակետ հայտնել, թե ով պետք է լինի կաթողիկոսը, արդյոք նրա բարոյական կերպարը համապատասխանում է, թե ոչ, որովհետև ինքը ունի Ռուսաստանի քաղաքացիներ՝ հայեր, որոնց կաթողիկոսը նույնպես այս նույն կաթողիկոսն է: Նույն պահանջները կարող են դնել Միացյալ Նահանգների նախագահը, որտեղ մեկուկեսից երկու միլիոն հայ է բնակվում, որոնք նույնպես կարող են մասնակցել կաթողիկոսի ընտրությանը, նույնը՝ Ֆրանսիան և այլն:
Այսինքն՝ այս պահանջը իր տակ ունի նաև լուրջ աշխարհաքաղաքական վտանգ, որովհետև մենք մոռանում ենք, որ Հայ Եկեղեցին համաշխարհային կառույց է, իսկ Հայաստանի Հանրապետությունը տարանջատված է այդ կառույցից:
Մյուս պահանջը այն էր, որ ժողովուրդը պետք է որոշի, թե ով է լինելու կաթողիկոսը, և մյուս աբսուրդային պահանջը այն է, որ կաթողիկոսի տեղապահը մինչև նոր ընտրությունները պետք է լինի ամուսնացած քահանա: Ինչի՞ համար ամուսնացած քահանա: Երևի նրա համար, որ քանի որ ամուսնացած է, այսինքն՝ կույս չէ արդեն և կուսակրոնության ուխտը պահելու խնդիր չկա, հա՞:
Հարցը այն է, որ այս վերջին երկու պահանջները ըստ էության բողոքական եկեղեցիների կարևորագույն հատկանիշներից են: Փաստորեն Հայաստանի գործող վարչապետը իրեն իրավունք է վերապահում դավանափոխության խնդիր դնել: Ինչ է նշանակում դավանափոխությունը՝ դա նշանակում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին դառնում է բողոքական եկեղեցի: Բողոքական եկեղեցին ոչ կենտրոնացված կառույց է և կարող է տարբեր դավանանքներ ունենալ, որովհետև յուրաքանչյուր համայնք ինքն իր քարոզչով որոշում է, թե ինչն է ճիշտը և ինչը՝ սխալը:
Այսպիսով հայկական սփյուռքը, որպես այդպիսին, վերանալու է, որովհետև սփյուռքի հիմքում դրված է եկեղեցին: Պատահական չէ, որ 2018 թվականին, գալով իշխանության, այս գործող վարչապետի առաջին քայլերից մեկը այն էր, որ նա վերացրեց Սփյուռքի նախարարությունը: Ցանկացած նման երկրում՝ օրինակ Իսրայելում, սփյուռքի հետ աշխատող կառույցները պետության հիմքն են և տնտեսական, և հետախուզական, և կրթական առումով:
Սփյուռքի նախարարությունը և այն կառույցները, որոնք աշխատում էին սփյուռքի հետ, պետք է լինեին Հայաստանի պետության ամենակարևոր հենասյուներից մեկը: Եվ այս երկու պահանջներով նա ոչնչացնում է հայկական սփյուռքը, և պատահական չէ, որ վերջին տարիներին Թուրքիայում և Ադրբեջանում լրջագույն վերլուծական հոդվածներ են տպագրվում, որտեղ ասվում է, որ հայկական ազգայնականության հիմքը եկեղեցին և սփյուռքն են, և հայերին վերափոխելու համար՝ այդ երկու երևույթները պետք է ոչնչացվեն:
Սա Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է:
Հիմա գանք այն հարցին, թե ինչու այս քաղաքականությունը, որը վարում է գործող վարչապետը, խարխլում է պետականության հիմքը: Պատճառներից մեկը այն է, որ եկեղեցին, լինելով հայ քաղաքակրթության հիմքում, տվել է այն նորմերը, որոնց վրա ձևավորվել է հայկական հայրենասիրությունը:
Ես ուզում եմ մեջբերում անել գուցե 20-րդ դարի ամենահանճարեղ մտածողներից մեկից՝ Օսվալդ Շպենգլերից, որը գրել էր իր հայտնի աշխատությունը «Եվրոպայի մայրամուտը», և նա այն տեսակետն էր հայտնում, որ հանելով կրոնը քաղաքական և մշակութային կյանքից՝ Արևմուտքը գնում է իր մայրամուտին: Այսինքն՝ քաղաքակրթական առումով ինքը ոչնչանալու է: Շպենգլերը գրել է, որ մշակույթը մահանում է կրոնի հետ միասին:
Նա նաև ասել է, որ յուրաքանչյուր մշակույթ ունի իր պատկերացումը հայրենիքի մասին, իսկ մշակույթի հիմքում դրված է կրոնը, որովհետև կրոնը տալիս է այն արժեքային համակարգը, որի վրա ձևավորվում է յուրաքանչյուրը՝ իր դավանանքով:
Ըստ այն հայրենասիրության մոդելի, որը ունի հայ ժողովուրդը, գործող վարչապետը և իր թիմը ուրացողներ են, և որպեսզի չլինեն ուրացողներ, պետք է փոխեն և եկեղեցին, ոչնչացնեն եկեղեցին և ջարդեն մշակույթը: Դրա համար էլ այդ քաղաքականությունը վարվում է՝ հայրենիքի մասին պատկերացումները փոխելու համար:
Խորհրդանիշներից մեկը Արարատն է՝ առաջին հերթին կրոնական խորհրդանիշ, որովհետև հայերի համար Արարատը այն տեղն է, որտեղ Նոյը իջել է, և այստեղից է սկսվել մարդկությունը: Այս նույն տեղում էլ ստեղծվեց հայկական պետությունը: Այդ հայրենիքի մասին պատկերացումները պետք է ոչնչացվեն, որպեսզի իրենք չլինեն ուրացողներ:
Ուկրաինական ողբերգությունը ևս օրինակ է: Ինչի՞ց սկսվեց այն — ազգային ինքնության պատկերացումները ոչնչացնելու փորձերից:
Եվ պատահական չէր, որ հիմնական հարվածը ուղղվեց ուղղափառ եկեղեցուն, որի միջոցով սկսեցին փոխել ուկրաինացիների ինքնության ընկալումները՝ բերելով պատերազմի:
Կարելի է բերել նաև Թուրքիայի օրինակը՝ երբ Աթաթուրքը փորձեց ստեղծել նոր ինքնություն քաղաքացիական ազգայնականության հիման վրա, բայց կյանքը ցույց տվեց, որ դա չի աշխատում, և դրա համար այսօր գործող իշխանությունը վերադարձավ իսլամի գաղափարներին, վերածեց նախկինում թանգարան դարձած եկեղեցիները մզկիթների՝ որպես քրիստոնեության նկատմամբ տարած հաղթանակի խորհրդանիշ:
Նույնը կարելի է տեսնել Իրանում, որը բազմազգ կայսրություն է և միավորվում է կրոնի հիման վրա: Եթե Իրանում ոչնչացվի շիա դավանանքի գաղափարախոսությունը, ապա Իրանը նույնպես որպես պետություն հարվածի տակ կհայտնվի:
Այս ամենից պարզ է դառնում, որ եկեղեցու դեմ արշավը ոչ միայն կրոնական, այլև ինքնության և պետականության դեմ ուղղված քայլ է:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

