Վերջին օրերին հնչած Բաքվի և Երևանի հայտարարությունները ոչ թե պատահական համընկնում են, այլ՝ հստակ սինխրոն գործընթացի մաս։ Նման կարծիքի է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Ըստ քաղաքագետի՝ ինչպես Փաշինյանի, այնպես էլ Ալիևի խոսույթներում նկատվում են փոխլրացնող մեսիջներ, որոնք կարող են դառնալ նախընտրական մարտավարության կարևոր գործիք Հայաստանի գործող իշխանության համար։
«Ալիևի բառամթերքի որոշակի փոփոխությունը կապված էր կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայի հետ։ Նա խոսում էր տարանցիկ ուղիների մասին, բայց ոչ թե այն բեռնատարների, որոնք պետք է անցնեն Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Դա, իհարկե, բավական մեծ դրական ազդակ էր գործող վարչապետի քաղաքականությանը հրապարակային աջակցության տեսանկյունից», — նշեց Ղևոնդյանը։
Նրա խոսքով՝ այս մեսիջը վարչապետը կարող է շատ բարձր գնով «վաճառել» նախընտրական փուլում գտնվող Հայաստանում. «Իր մոտ այդ վաճառքի էլեմենտը բավական լավ է ստացվում։ Իրականում այս ամենը ծառայելու է ներքաղաքական շահերին՝ ներկայացվելով իբր խաղաղության և փոխադարձ համաձայնությունների օրինակ»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի արձագանքին Մարգարա–Եղեգնաձոր–Սիսյան–Գորիս երթուղու վերաբերյալ, Ղևոնդյանը նշում է, որ ակնհայտ է՝ խոսքը գնում է Արցախով անցնող ճանապարհային նախագծի մասին. «Ինքը հակընդեմ հայտարարությամբ է հանդես գալիս, բայց պետք է հասկանալ, որ այս ամենը սինխրոն է՝ հայտարարությունների բովանդակությունը, ձևակերպումները և ժամանակագրությունը։ Սա համաձայնեցված գործընթաց է»։
Ալեն Ղևոնդյանը նաև ուշադրություն է հրավիրում Ալիևի ասուլիսի մյուս շեշտադրումների վրա։ «Նա խոսում է հացահատիկի մասին, հետո՝ Զանգեզուրի միջանցքի։ Եվ շատ խորհրդանշական է, որ այդ ամենը հնչում է այն օրերին, երբ Հայաստանում ընտրություններ են։ Երբ Ալիևն ասում է, որ 28-ին ինչ-որ զարգացումներ կլինեն, դա մեսիջ է, որ Հայաստանում իշխանությունը չպետք է փոխվի, որպեսզի այսպես կոչված “խաղաղությունը” պահպանվի։ Սակայն սա ձևական, ֆիկտիվ խաղաղություն է», — ընդգծեց նա։
Քաղաքագետը նշում է, որ «խաղաղության» թեման հաճախ օգտագործվում է ընդդիմությանը մանիպուլյատիվ կերպով մեղադրելու համար, թե նրանք պատերազմ են ուզում. «Իրականում աշխարհում կան տարբեր ձևերի անեքսիաներ՝ ռազմական, տնտեսական, էթնոդեմոգրաֆիկ կամ փափուկ գործիքներով իրականացվող։ Այսօր Հայաստանը դրանցից մի քանիսի տակ է ուղղակի ձևով»։
Ըստ Ղևոնդյանի՝ Ալիևը հասկանում է, որ ներկայումս Հայաստանի վրա ռազմական հարձակման օրակարգ չկա. «Նա գիտի, որ դրա անհրաժեշտությունը բացակայում է։ Այս պահին նա փորձելու է գրամ առ գրամ լեգիտիմացնել իր քայլերը բոլոր հարթակներում։ Իսկ երբ հասնի Զանգեզուրի միջանցքի թեզին, այսինքն՝ Ադրբեջանի սուվերենիտետի հաստատմանը Հայաստանի տարածքի վրա, գործող վարչապետը ցույց կտա, որ որևէ գործիք չունի, չի կարող դիմադրել, որովհետև միջազգային հանրությունը դա ընդունելու է որպես փաստ։ Նույնը եղավ Արցախի դեպքում»։
Ալեն Ղևոնդյանի գնահատմամբ, ներկայիս գործընթացները վկայում են, որ խաղաղության թեման դառնում է տարածաշրջանային քաղաքական մանիպուլյացիաների հիմնական գործիք, իսկ հայկական իշխանությունները դրա ներսում փորձում են ապահովել սեփական իշխանության պահպանությունը՝ միջազգային աջակցությամբ։

