Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ վերընտրվելուց հետո աշխարհը մտել է ֆունդամենտալ փոփոխությունների փուլ։ Փլուզվում է այն գլոբալիստական աշխարհակարգը, որը գոյություն ուներ մինչև Թրամփի վերադարձը իշխանություն, և Հարավային Կովկասի շուրջ զարգացումները դրա ուղիղ հետևանքն են։ Նման կարծիքի է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Ինչու է Կովկասը բացակայում ԱՄՆ ազգային անվտանգության հայեցակարգում
Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում դեկտեմբերի 5-ին հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության նոր հայեցակարգի վրա, որտեղ անդրադարձ կա Ռուսաստանի, Չինաստանի, ռուս-ուկրաինական պատերազմի, Եվրոպայի, Հարավարևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի հարցերին, սակայն Հարավային Կովկասի մասին որևէ հիշատակում չկա։
Բոզոյանի խոսքով՝ դա պատահական չէ։ Նրա գնահատմամբ՝ Թրամփի շրջապատում Կովկասի հարցով առկա է լուրջ ներքին բանավեճ։ «Կովկասի շուրջ Թրամփի թիմում կա մեծ հակասություն»,– ասում է նա՝ բացելով փակագծերը։
Բոզոյանի ներկայացմամբ՝ բանավեճի մի թևը ակտիվորեն լոբբինգ է իրականացնում Թուրքիայի շահերը։ Այդ թևի դիրքորոշման համաձայն՝ Միացյալ Նահանգները պոտք է աջակցեն Թուրքիային և թույլ տան նրան Հարավային Կովկասում դառնալ հիմնական դերակատար՝ դուրս մղելով Ռուսաստանը։
Սակայն կա նաև հակառակ ճամբար։ Քաղաքագետի խոսքով՝ իսրայելական և հունական լոբբիստական շրջանակները կտրականապես դեմ են Թուրքիայի դերի ուժեղացմանը՝ այն համարելով սպառնալիք Իսրայելի համար։ Նրանց առաջարկած մոտեցումն այլ է․ Կովկասում ԱՄՆ-ը պետք է գնա կոմպրոմիսի Ռուսաստանի հետ՝ պայմանով, որ Ռուսաստանը Հայաստանի հարցում կայացնի այնպիսի լուծումներ, որոնք չեն ուժեղացնի Իրանին։
Իսրայելի անվտանգությունը՝ որպես ԱՄՆ գլխավոր առաջնահերթություն
Բոզոյանը կարևորում է ևս մեկ առանցքային հանգամանք․ Թրամփի ազգային անվտանգության հայեցակարգում առաջին անգամ վերջին շուրջ 70 տարիների ընթացքում ԱՄՆ-ը հստակ հայտարարում է, որ իր գլխավոր խնդիրն Մերձավոր Արևելքում Իսրայելի անվտանգությունն է՝ բացառապես Իսրայելի։
Բացի այդ, Միացյալ Նահանգները հայտարարում են, որ այլևս կախված չեն լինելու արաբական էներգակիրներից։ Ըստ Բոզոյանի՝ սա հեղափոխական փոփոխություն է ամերիկյան ռազմավարությունում։
«Առաջին անգամ ԱՄՆ-ը հայտարարում է, որ ինքն արտահանելու է իր նավթն ու գազը»,– նշում է նա՝ հավելելով, որ այդպիսով արաբական աշխարհի գործոնը ԱՄՆ արտաքին քաղաքականությունում էապես թուլանում է։
Իսրայելի անվտանգության հայեցակարգում, քաղաքագետի խոսքով, հստակ ամրագրված է, որ մահմեդական աշխարհում չպետք է ուժեղանան Թուրքիան, Իրանը և Պակիստանը։ Բոզոյանը հիշեցնում է նաև Սիրիայի հարավում տեղի ունեցած զարգացումները՝ որպես վկայություն իսրայելական դիրքորոշման ազդեցության։
Նրա խոսքով՝ Իսրայելը մերժել է Թուրքիայի ազդեցության մեծացումը Սիրիայի հարավում, և արդյունքում ձեռք է բերվել կոմպրոմիս, ըստ որի՝ այդ հատվածում վերականգնվում է Ռուսաստանի ազդեցությունը։ Այս մոտեցման հետ, ըստ քաղաքագետի, համաձայնել են նաև ամերիկացիները։
Կովկասը՝ որպես բանակցային «ապրանք»
Բոզոյանի գնահատմամբ՝ հենց այդ պատճառով Թրամփը Կովկասը հատուկ դուրս է թողել անվտանգության հայեցակարգից՝ այն դարձնելով Ռուսաստանի հետ բանակցությունների առարկա։
«Թրամփը այս տարածաշրջանը դիտարկում է որպես մի բան, որը կարելի է թանկ գնով վաճառել Ռուսաստանին»,– ասում է նա։
Քաղաքագետը անդրադառնում է նաև Թուրքիայի վերջին քայլերին՝ նշելով, որ Անկարան փորձում է առավել շահագրգռել Թրամփին։ Մասնավորապես, ըստ Bloomberg-ի հրապարակումների, Թուրքիան պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանին վերադարձնել S-400 համակարգերը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու և F-35 կործանիչներ ստանալու նպատակով։ Սակայն Երվանդ Բոզոյանը խիստ կասկածում է այդ սցենարի իրականացմանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսում և Սենատում իսրայելական, հունական և հայկական լոբբիստական շրջանակները այնքան ուժեղ են, որ դժվար է պատկերացնել, թե Միացյալ Նահանգները թույլ կտան F-35 կործանիչների վաճառք Թուրքիային։

