Ադրբեջանից Հայաստան ցորենի և նավթի մատակարարումները չեն կարող դիտարկվել որպես խաղաղությանն ուղղված քայլեր․ նման գնահատական է տալիս քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանից Հայաստան նախ ցորենի, ապա նաև նավթի մուտքը պետք է դիտարկել ոչ թե հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի շրջանակում, այլ որպես ավելի լայն տարածաշրջանային և գլոբալ լոգիստիկ սխեմաների որոնման մաս։ «Ես չեմ կարծում, որ դրանք Ադրբեջանի հետ խաղաղությանն ուղղված քայլեր են։ Իմ գնահատմամբ՝ սա տարածաշրջանային, ավելի լայն լոգիստիկ գործընթացների մաս է, որտեղ Հայաստանը, ցավոք, հանդես է գալիս ոչ թե որպես սուբյեկտ, այլ ընդամենը որպես օղակ»,– նշում է Բադալյանը։
Փորձագետն ընդգծում է, որ իշխանությունները փորձում են այս գործընթացներից քաղել քարոզչական դիվիդենդներ։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս փուլում Հայաստանի իշխանություններին, ըստ էության, հետաքրքրում է բացառապես քարոզչական բաղադրիչը, մինչդեռ իրական գործընթացները ծավալվում են Հայաստանից դուրս՝ ավելի խոշոր դերակատարների մասնակցությամբ։
Բադալյանի խոսքով՝ խոսքը վերաբերում է լոգիստիկ ուղիների վերաձևակերպման և նոր սխեմաների որոնման գործընթացին, որտեղ ներգրավված են նաև այնպիսի դերակատարներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ադրբեջանը և Վրաստանը։ Նա հիշեցնում է, որ երկաթուղային հաղորդակցությունների քննարկումները կառուցվում են հենց այս տրամաբանությամբ՝ Ռուսաստան–Ադրբեջան–Վրաստան–Հայաստան ուղղություններով, և այդ համատեքստում դիտարկվում է նաև Թուրքիայի հնարավոր ներգրավումը։
«Սա ավելի խոշոր գործընթաց է, որը որևէ ուղղակի կապ չունի Հայաստան–Ադրբեջան այսպես կոչված խաղաղության հետ»,– ընդգծում է քաղաքական վերլուծաբանը։ Նրա համոզմամբ՝ պաշտոնական Երևանին այս ամբողջ շղթայում հետաքրքրում է ոչ թե բովանդակային կամ ռազմավարական արդյունքը, այլ միայն ներքին և արտաքին լսարանների համար քարոզչական էֆեկտ ստանալը։

