Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման համար նախատեսված պետական միջոցների կրճատումն ու չկատարումը ոչ միայն կառավարման ձախողում է, այլև ուղիղ հանցագործություն․ նման կոշտ գնահատական է տալիս Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը՝ անդրադառնալով 2025 թվականի պետական բյուջեի կատարողականին։
Նրա խոսքով՝ ԲՏԱ նախարարությունը, որը հանդիսանում է ռազմարդյունաբերության ոլորտի լիազոր մարմինը, պարտավոր է ամբողջությամբ իրականացնել բյուջեով իրեն հատկացված ծրագրերը։ 2025 թվականին այդ նպատակով նախատեսված է եղել շուրջ 5,7 միլիարդ դրամ, որը ներառում էր ինչպես փորձանմուշների արտադրություն, այնպես էլ ռազմական նշանակության փորձակոնստրուկտորական գիտահետազոտական աշխատանքներ։
Փորձանմուշների արտադրություն. ֆինանսավորում, որը փաստացի վերացվել է
«Փորձանմուշների արտադրությունը պարզ լեզվով նշանակում է այն մշակումները, որոնք ընկերությունները արդեն իրականացրել են սեփական միջոցներով, հասունացրել են, և պետությունը պետք է աջակցեր դրանց փորձարկմանը՝ արդյունավետությունն ու կիրառելիության սահմանները գնահատելու համար»,– նշում է Քերոբյանը։ Այս ուղղությամբ նախատեսված միջոցները, սակայն, ըստ նրա, կրճատվել են շուրջ 1,4–1,5 միլիարդ դրամով՝ թողնելով ընդամենը մոտ 65 միլիոն դրամ, այն դեպքում, երբ բյուջեի կատարողականը տվյալ գծով փաստացի զրո է։
Նոր սպառազինությունների մշակման միջոցների կրճատում
Ռազմական նշանակության գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով, որոնք վերաբերում են նոր սպառազինությունների, զինամթերքի և ռազմական տեխնիկայի մշակմանը, նախատեսված 4,2 միլիարդ դրամը նույնպես կրճատվել է՝ հասնելով 2,3 միլիարդի, որից ծախսվել է մոտ 1,3 միլիարդը։
Տեխնոլոգիական խզվածք և պետական պատասխանատվություն
Քերոբյանի գնահատմամբ՝ այս իրավիճակը հատկապես վտանգավոր է՝ հաշվի առնելով Հայաստանի և հակառակորդ երկրների միջև առկա լուրջ տեխնոլոգիական, սպառազինության և արտադրական կարողությունների խզվածքը։ «Եթե այսօր Հայաստանում չես ծախսում ռազմարդյունաբերության զարգացման բյուջեն, դա հանցագործություն է։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի այդ խզվածքը փոքրացնենք, ընկերություններին օգնենք յուրացնել նոր տեխնոլոգիաներ և արտադրել ժամանակակից արտադրանք»,– ընդգծում է նա։
Չծախսված բյուջեն՝ կորուստ նաև պետբյուջեի համար
Նախկին պաշտոնյան ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ այս միջոցների չծախսումը վնասում է ոչ միայն պաշտպանունակությանը, այլև պետական բյուջեին։ Նրա հաշվարկներով՝ եթե ամբողջ 5,7 միլիարդ դրամը իրացվեր, պետբյուջեն կստանար մոտ 1,5–2 միլիարդ դրամ հարկային եկամուտներ՝ եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի և շահութահարկի տեսքով։ «Այսինքն, երբ ասում են, թե լրացուցիչ եկամուտներ և ծախսեր չեն առաջանում, դա պարզապես սուտ է»,– նշում է Քերոբյանը։
Աշխատավարձերը՝ 100%, ծրագրերի կատարումը՝ ընտրողաբար
Նրա խոսքով՝ խնդիրը համակարգային է․ ԲՏԱ նախարարության 48 միլիարդ դրամանոց բյուջեից փաստացի ծախսվում է մոտ 14 միլիարդը, մինչդեռ աշխատավարձերի, պահպանման և կառավարման ծախսերը գրեթե ամբողջությամբ կատարվում են։ «Հարց է առաջանում՝ ինչի՞ համար ենք մենք 100 տոկոս աշխատավարձ վճարում, եթե օրենքով ստանձնած պարտավորությունները կատարվում են ընտրողաբար»,– ասում է նա։
Քերոբյանը նաև հիշեցնում է, որ ռազմարդյունաբերության զարգացումը կառավարության իսկ կողմից ընդունված և Ազգային ժողովի կողմից հաստատված պարտադիր կատարման ծրագիր է։ «Սա ճաշակով կառավարման հարց չէ։ Այդ մանդատը չեն ստացել 2021 թվականի ընտրություններին, և այդ ճաշակով կառավարման համար չէ, որ հարկատուներից հավաքում են պետական բյուջեն»,– ընդգծում է նա։
Քերոբյանը շեշտում է, որ հարկերը «կորած փող» չեն, ինչպես հաճախ ընդունված է մտածել հասարակությունում։ «Հարկը այն գումարն է, որով պետությունը մտնում է քո գրպանը՝ անելու այն, ինչ խոստացել է։ Եվ երբ դա չի անում, հարցերն արդեն դառնում են ոչ թե տնտեսական, այլ քաղաքական և իրավական»,– եզրափակում է նա։

