ՀՀ-ում ռուսական ռազմաբազան այնպիսի կոնտինգենտ չէ, որը հնարավուր է հեշտությամբ դուրս է բերել

ՀՀ-ում ռուսական ռազմաբազան այնպիսի կոնտինգենտ չէ, որը հնարավոր է հեշտությամբ դուրս բերել

Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին խոսակցությունները չեն կարող հիմնվել միայն քաղաքական հայտարարությունների կամ խաղաղության օրակարգի վրա։ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող իրավապայմանագրային ամբողջ համակարգը պետք է դիտարկել համատեքստում, քանի որ ռազմաբազայի կարգավիճակն ու ռուսական սահմանապահ զորքերի ներկայությունը կապված են մի շարք փաստաթղթերի հետ։ Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանը։

Չնայած իշխանական թևի բազմաթիվ հերքումների՝ նա համոզված է, որ Երևանի և Մոսկվայի փակ քննարկումներում 102-րդ ռազմաբազայի դուրսբերմանը վերաբերող հարցեր այնուամենայնիվ արծարծվել են։ Անանյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի նախագահը լավ պատկերացնում է, թե ինչ իրավապայմանագրային հարաբերություններ են կարգավորում ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում և ինչ նշանակություն ունի այդ համակարգը։

Անանյանը նշել է, որ ռազմաբազայի պատմական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն գործող պայմանագրերը, այլև դրանց նախապատմությունը, ընդհուպ մինչև Կարսի պայմանագիրը, թեև այն ուղղակիորեն կապված չէ հետագա ռուս-հայկական պայմանագրերի հետ։

Անանյանի խոսքով՝ ռազմաբազայի ներկայությունը պետք է դիտարկել նաև ԽՍՀՄ-ից Ռուսաստանին անցած իրավահաջորդության և այդ ընթացքում ձևավորված հարաբերությունների համատեքստում։ Նրա կարծիքով՝ հենց այդ ամբողջ համակարգն է թույլ տալիս հասկանալ, թե ինչ պատմական և անվտանգային դեր է վերապահված ռուսական ռազմական ներկայությանը Հայաստանում։

Ռազմաբազայի կարգավիճակը ձևավորվել է մի շարք պայմանագրերով

Ըստ Անանյանի՝ 1992, 1995, 1997 և 2010 թվականների ռուս-հայկական պայմանագրերն այն փաստաթղթերից են, որոնք կարգավորում են երկու երկրների ռազմավարական հարաբերությունները։ Դրանց շրջանակում են նաև 102-րդ ռազմաբազայի իրավական կարգավիճակը, Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի գտնվելու իրավունքը և դրանց գործողությունների շրջանակը։

«Եթե ուսումնասիրելու լինենք այդ իրավական բոլոր փաստաթղթերը և նրանցում պարունակվող հղումները, պարզ է դառնում, որ 102-րդ ռազմաբազան այնպիսի ռազմական կոնտինգենտ չէ, որը շատ հեշտ է Հայաստանից դուրսբերել»,– ասել է նա։

Նա կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի նախագահի ռազմաբազային վերաբերող հայտարարությունը կարող էր ավելի շատ ուղղած լինել ստուգելու հայ հասարակության արձագանքը, արդյոք Հայաստանում ամբողջությամբ պատկերացնում են ռուսական կոնտինգենտի, սահմանապահ զորքերի և 102-րդ ռազմաբազայի պատմական առաքելությունը՝ հատկապես սահմանների, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանի վերահսկողության տեսանկյունից։

Խաղաղության պայմանագիրը ինքնին անվտանգային համակարգ չէ

Անանյանը նշեց, որ գործող իշխանությունը փորձում է հասարակությանը համողել, որ Հայաստանի և հարևան երկրների միջև խաղաղության պայմանագրերի կնքումից հետո արտաքին անվտանգային հիմնական ռիսկերը կարող են համարվել լուծված։

«Իրականում իշխանության կողմից առաջ մղվող խաղաղության այդ օրակարգը չի կարող արտաքին անվտանգային ռիսկերը բոլորը չեզոքացրել է»,– ասել է նա։

Անանյանի խոսքով՝ նույնիսկ եթե Հայաստանը խաղաղության պայմանագրեր կնքի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, դա ինքնին չի նշանակում, որ այդ պայմանագրերը  կբացառեն հնարավոր անվտանգային ռիսկերը։ Անանյանը նշել է, որ պատմության մեջ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ պետությունների միջև խաղաղության կամ փոխադարձ չհարձակման պայմանավորվածությունները հետագայում խախտվել են։

Անանյանի համոզմամբ՝ Հայաստանի անվտանգությունը պետք է կառուցվի մի քանի բաղադրիչների համադրությամբ։ Զինված ուժերից բացի, անհրաժեշտ են նաև լրացուցիչ հնարավորություններ և ռեսուրսներ, որոնք թույլ կտան արձագանքել արտաքին անվտանգային ռիսկերին։ Այդ համատեքստում, նրա կարծիքով, 102-րդ ռազմաբազայի և ռուսական սահմանապահ ներկայության հարցը չի կարելի առանձնացնել Հայաստանի ընդհանուր անվտանգային համակարգից և դիտարկել միայն որպես առանձին քաղաքական որոշման հարց։

Scroll to Top