Իրանի շուրջ ընթացող գործընթացները ավարտված չեն, տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Արմեն Այվազյան-ը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։
Նրա խոսքով՝ թեև ներկայումս խոսվում է հրադադարի մասին, իրականում Միացյալ Նահանգները վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում զգալիորեն մեծացրել են իրենց ռազմական ներկայությունը տարածաշրջանում։
«Բերվել են լրացուցիչ հրթիռներ, տարբեր ռազմական միջոցներ, ինքնաթիռներ, և ամենահետաքրքիրը՝ բերվել են նաև ցամաքային զորքեր», — նշել է Այվազյանը՝ հավելելով, որ դա կարող է վկայել հնարավոր սահմանափակ ցամաքային գործողության նախապատրաստման մասին։
Քաղաքագետի գնահատմամբ՝ դժվար է ասել, թե որտեղ կարող է իրականացվել նման գործողությունը։ Նրա խոսքով՝ խոսքը կարող է վերաբերել ինչպես Հորմուզի նեղուցում գտնվող կղզիներին, այնպես էլ Իրանի հարստացված ուրանի պաշարների հնարավոր առգրավման փորձերին։
Այվազյանի կարծիքով՝ պատերազմի ավարտը դեռևս հեռու է, և նոր լայնամասշտաբ բախումը կարող է սկսվել ցանկացած պահի՝ անդրադառնալով նաև տարածաշրջանի մյուս երկրների վրա։
Նրա գնահատմամբ՝ եթե պատերազմը կրկին բռնկվի, այն լինելու է շատ ավելի դաժան, քանի որ Իրանի հիմնական ռազմական թիրախներին արդեն խոցված են։
«Հիմա լրացուցիչ ռազմական թիրախներ գրեթե չկան։ Մնացել են քաղաքացիական ենթակառուցվածքները՝ էլեկտրակայանները, գործարանները, ջրի մաքրման և աղազրկման կայանները», — նշել է նա։
Քաղաքագետի համոզմամբ՝ եթե նման հարվածներ հասցվեն Իրանի ենթակառուցվածքներին, Թեհրանը շատ արագ պատասխանելու է ամբողջ տարածաշրջանի ենթակառուցվածքներին ուղղված հարվածներով։
Այվազյանը նաև նշել է, որ այդ պարագայում հարվածների թիրախ կարող է դառնալ նաև Բաքու-Ջեյհան նավթամուղը։ Նրա խոսքով՝ Իսրայել ներմուծվող նավթի շուրջ 50 տոկոսը գալիս է հենց այդ նավթամուղով։
«Եթե նոր բախումը սկսվի, ամբողջ Մերձավոր Արևելքը խառնվելու է իրար», — հայտարարել է նա՝ նշելով, որ Իրանը կարող է հարվածել Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Քուվեյթի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների ենթակառուցվածքներին։
Քաղաքագետը նաև ընդգծել է, որ ժամանակը սահմանափակ է, քանի որ արդեն հունիսից տարածաշրջանում սկսվում են ծայրահեղ շոգեր, ինչը կարող է խոչընդոտել ցամաքային ռազմական գործողություններին։
«Եթե պետք է լուրջ գործողություններ իրականացվեն, հատկապես ցամաքային, ապա դա պետք է տեղի ունենա առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում», — եզրափակել է Այվազյանը։

