Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգը 12 տարվա ընթացքում անցել է իր կենսունակությունը ապացուցող ճանապարհ, իսկ համակարգում կուտակված ակտիվների ծավալն արդեն գերազանցում է 1,5 տրիլիոն դրամը։ Այս մասին նշել է Amundi-Acba Asset Management-ի գլխավոր ներդրումային տնօրեն, զարգացման գծով տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանը։
Նրա խոսքով՝ ցանկացած բարեփոխման դեպքում օրենքների և նպատակների լավ ձևակերպումը բավարար չէ․ համակարգը կայանում է այն ժամանակ, երբ դրանում ներգրավված բոլոր դերակատարներն ունեն իրենց հստակ տեղն ու պատասխանատվությունը։ Այդ առումով, ըստ Ասլանյանի, Կենտրոնական բանկի կողմից կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների նկատմամբ ի սկզբանե սահմանված բարձր չափանիշները կարևոր դեր են ունեցել համակարգի զարգացման գործում։
Այսօր կենսաթոշակային համակարգում կուտակված ակտիվների ընդհանուր ծավալը գերազանցում է 1,5 տրիլիոն դրամը։ Այդ միջոցները ձևավորվում են քաղաքացիների կողմից կատարվող 5% վճարներից, պետության կողմից ավելացվող 5%-ից, ինչպես նաև ներդրումային եկամտից։ Ասլանյանի խոսքով՝ համակարգի ամբողջ ընթացքում ապահովված եկամտաբերությունն արդեն կազմում է ավելի քան 1 քառորդը ընդհանուր կուտակված գումարի։
Amundi-Acba-ի կառավարած ակտիվները հասել են 877 միլիարդ դրամի
Ներկայացնելով Amundi-Acba Asset Management-ի ցուցանիշները՝ Ասլանյանը նշեց, որ ընկերության կողմից այս պահին կառավարվող ակտիվների ծավալը կազմում է 877 միլիարդ դրամ, որից շուրջ 240 միլիարդ դրամը՝ կամ մոտ 27%-ը, ձևավորվել է կառավարման արդյունքում ստացված եկամտի հաշվին։
Նրա խոսքով՝ վերջին 12 տարիների կտրվածքով ընկերության միջին տարեկան եկամտաբերությունը գերազանցում է 8%-ը, և ակնկալվում է, որ կառավարվող ակտիվների ու եկամտի ծավալը շարունակելու է աճել։
Սակայն Ասլանյանը շեշտել է, որ ներդրումային կառավարման արդյունավետությունը պետք չէ գնահատել միայն եկամտաբերության ցուցանիշով։ Նրա համար առաջնային խնդիրը երկարաժամկետ դիմակայուն պորտֆելների ձևավորումն է։
«Հաճախ միայն եկամտաբերությունն է դիտվում որպես ամենակարևոր գործոն։ Ճիշտ է, դա կարևոր է, բայց մեզ համար ամենակարևորը դիմակայուն պորտֆելների կառուցումն է»,— նշել է նա։
Նոր աշխարհակարգը փոխում է ներդրումային խաղի կանոնները
Ասլանյանի գնահատմամբ՝ այս մոտեցումն առավել կարևոր է դարձել ներկայիս աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշությունների պայմաններում։ Աշխարհակարգի փոփոխությունը, բազմաբևեռ համակարգի ձևավորման միտումները և մատակարարման արժեշղթաների վերափոխումը փոխում են նախկինում գործող կանոնները և ստիպում վերանայել ներդրումային ռազմավարությունները։
Այս պայմաններում առանցքային նշանակություն է ստանում իրական դիվերսիֆիկացիան՝ ներդրումներն այնպես բաշխելը, որ ռիսկերը հնարավորինս նվազեցվեն և պորտֆելը կարողանա դիմակայել տարբեր տեսակի շոկերի։Դրա համար, ըստ Ասլանյանի, անհրաժեշտ է ունենալ բավարար գործիքակազմ՝ հատկապես արտասահմանյան ներդրումների ուղղությամբ, որտեղ հնարավորությունների շրջանակը բավական լայն է։
Միաժամանակ Հայաստանի շուկայում ներդրումների դեպքում կան կարգավորող և շուկայական սահմանափակումներ։ Կուտակային միջոցների առնվազն 60%-ը պետք է ներդրվի դրամային գործիքներում, մինչդեռ տեղական շուկան դեռևս ունի մի շարք խնդիրներ՝ կորպորատիվ թողարկողների սահմանափակ թիվ, շուկայի ոչ բավարար խորություն և ներդրումային գործիքների սակավություն։
Այնուամենայնիվ, Ասլանյանի գնահատմամբ, այս ուղղությամբ աշխատանքն ակտիվացել է, և Հայաստանի կապիտալի շուկան աստիճանաբար զարգանում է։ «Ես այս առումով մեծածավալ աշխատանք եմ տեսնում և հույս ունեմ, որ, թեկուզ և դանդաղ, մենք ճիշտ ճանապարհով ենք գնում»,— նշել է նա։

