Երևանի եվրոպական մերձեցումը՝ Մոսկվայի կարմիր գի՞ծ

Մոսկվան գիտակցում է՝ հնարավորությունները Հարավային Կովկասում փոխում են իրենց բնույթը

Երևան–Մոսկվա հարաբերությունները ԱՄՆ ակտիվացման ֆոնին վերադառնում են ավելի չափելի և օբյեկտիվ հիմքերի։ Նման կարծիքի է փորձագետ Արմեն Պետրոսյանը։ 

Նրա խոսքով՝ նախկինում Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները ձևակերպվում էին որպես ռազմավարական գործընկերություն և դաշնակցային հարաբերություններ, ամրագրված տարբեր փաստաթղթերով և բարձր մակարդակի հռետորաբանությամբ։ Սակայն, շարունակեց Պետրոսյանը, 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո, դրան հաջորդած զարգացումները, Ադրբեջանի հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, ՀԱՊԿ-ի անգործությունը և Արցախի հետ կապված իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ հարաբերությունները «գետնի վրա» չեն համապատասխանում հռչակված ձևակերպումներին։

Ռուսաստանի ազդեցության սահմանափակում

Փորձագետի խոսքով՝ այսօր Ռուսաստանը աստիճանաբար գիտակցում է, որ իր հնարավորությունները Հարավային Կովկասում՝ ինչպես առանձին երկրների, այնպես էլ ընդհանուր տարածաշրջանային մակարդակում, փոխում են իրենց բնույթը։ Այս փոփոխությունները պայմանավորված չեն միայն երկկողմ հարաբերություններով, այլ նաև տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական մրցակցությամբ։

Պետրոսյանը նշում է, որ հենց այդ մրցակցության արդյունքում Միացյալ Նահանգները դարձան ավելի ակտիվ, նախաձեռնող և հետևողական խաղացող։ Արդյունքում ԱՄՆ  ներկայությունը սկսեց ավելի նախընտրելի դիտարկվել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։ Դրա վկայությունն է այն փաստը, որ կողմերը նախընտրեցին խաղաղության պայմանավորվածությունները նախաստորագրել Վաշինգտոնում՝ շրջանցելով Մոսկվան։

Միջուկային և էներգետիկ ոլորտները՝ որպես ռազմավարական մարտահրավեր

Անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի թեմային՝ փորձագետը հիշեցնում է, որ այն գտնվում է «Ռոսատոմ»-ի կառավարման ներքո, և բնական է, որ միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի և Միացյալ Նահանգների համագործակցությունը Ռուսաստանում ընկալվելու է որպես ռազմավարական մարտահրավեր։ Նույնը վերաբերում է նաև TRIPP նախագծին։

Պետրոսյանի խոսքով՝ այն բոլոր ոլորտներում, որտեղ նախկինում Ռուսաստանն ունեցել է մենաշնորհային դիրք՝ միջուկային էներգիա, գազի մատակարարում, նավթամթերք, այժմ աստիճանաբար հայտնվում են այլ խաղացողներ։ Սա անխուսափելիորեն խնդիրներ է առաջացնելու Ռուսաստանի արձագանքի մակարդակում, թեև այդ արձագանքը դեռևս չի նշանակում գործընթացների վրա իրական ազդեցություն։

Ռուսաստանի ազդեցության իրական չափը

Փորձագետը կարևորում է մեկ առանցքային հարց՝ որքանով է Ռուսաստանը այսօր իրականում ունակ ազդելու գետնի վրա ընթացող գործընթացների վրա։ Նրա համոզմամբ՝ արձագանքներն ու հայտարարությունները մի բան են, իսկ իրական խոչընդոտման կարողությունը՝ բոլորովին այլ։

Պետրոսյանը ընդգծում է, որ այս փուլում Ռուսաստանի համար չափազանց կարևոր են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, հատկապես Ուկրաինական ճգնաժամի հնարավոր մոդերացիայի համատեքստում։ Այդ պատճառով Մոսկվան զերծ է մնում կտրուկ քայլերից։ Եթե տարածաշրջանում ակտիվ դերակատար լիներ, օրինակ, Եվրոպական միությունը, Ռուսաստանի արձագանքը կարող էր լինել շատ ավելի կոշտ։ ԱՄՆ-ի դեպքում, ըստ փորձագետի, այդ զսպվածությունը հասկանալի է և տրամաբանական։

Scroll to Top