«Հաջորդ Ուկրաինայի» սցենարը կարող է իրականացվել Արբեջանի տարածքու՞մ

«Հաջորդ Ուկրաինայի» սցենարը կարող է իրականացվել Ադրբեջանի տարածքու՞մ

Այսօր տարածաշրջանում ձևավորվող նոր անվտանգային միջավայրն ավելի քան երբևէ պահանջում է խորքային և սթափ վերլուծություն։ Ադրբեջանի արագացված ռազմականացումը, ինչպես նաև Բաքվի և Անկարայի միջև բացահայտ ու ինստիտուցիոնալացված ռազմական դաշինքը լուրջ հարցադրումներ են առաջացնում տարածաշրջանային կայունության և Հայաստանի անվտանգության տեսանկյունից։ Ստեղծված իրավիճակի շուրջ իր կարծիքը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Ադրբեջանի «պաշտպանական» խնդիրը և հակասական պարտավորությունները

Դանիելյանը առաջարկում է գնահատել Ադրբեջանի վերջին քայլերը այլ դիտանկյունից: Ըստ նրա՝  այս պարագայում խոսքը ոչ այնքան հարձակողական քաղաքականության, որքան անվտանգության և պաշտպանության խնդիրների մասին է։ Նրա խոսքով՝ ուկրաինական պատերազմի ավարտից հետո Բաքուն կարող է բախվել լրջագույն մարտահրավերների։

Դանիելյանը հիշեցնում է Շուշիի հռչակագիրը, որով Ադրբեջանն ու Թուրքիան, առաջին հերթին հենց Անկարան, պարտավորվում էին ռազմական օգնություն ցուցաբերել միմյանց արտաքին ագրեսիայի դեպքում։ Սակայն, նրա գնահատմամբ, այստեղ ի հայտ է գալիս լուրջ հակասություն․ 2022 թվականի փետրվարի 22-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ընդամենը երկու օր առաջ, Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին պայմանագիր, որի կարևոր կետերից մեկն այն էր, որ Ադրբեջանը չի թույլատրի իր տարածքում երրորդ երկրների ռազմական ուժերի տեղակայումը, եթե այդ երկրները թշնամական հարաբերություններ կամ նպատակներ ունեն Ռուսաստանի նկատմամբ։

Կասպից ավազանի գործոնը 

Քաղաքագետը նաև անդրադառնում է 2022 թվականի հունիսի 29-ին Կասպից ծովի ավազանի հինգ երկրների միջև ստորագրված պայմանագրին, որը ևս սահմանափակում է երրորդ երկրների ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ եթե, օրինակ, Ադրբեջանում գտնվեն թուրքական զորամիավորումներ, իսկ որոշ գնահատականներով դրանք արդեն կան՝ թեկուզ ոչ պաշտոնական մակարդակով, ապա դա կարող է դիտարկվել որպես այդ պայմանագրերի խախտում, հատկապես եթե Թուրքիայի և Ռուսաստանի կամ Իրանի հարաբերությունները թշնամական փուլ մտնեն։

Դանիելյանը նշում է, որ թուրքական հեղինակավոր հետազոտական կենտրոնները, որոնք համագործակցում են պետության և ուժային կառույցների հետ, մշակում են ապագա հնարավոր սցենարներ, որոնցից ամենահավանականը, նրանց գնահատմամբ, Թուրքիայի և Իրանի միջև հնարավոր պատերազմն է։ Այս համատեքստում Ադրբեջանը հայտնվում է բարդ իրավիճակում՝ մի կողմից կապված լինելով Շուշիի հռչակագրով, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագրով։

«Այս պայմանագրերը Կասպից ծովի ավազանում կարող են առաջացնել լրջագույն խնդիրներ»,— ընդգծում է քաղաքագետը՝ հավելելով, որ թե՛ ռուսական, թե՛ միջազգային փորձագիտական շրջանակներում շրջանառվում են բավական լուրջ տեսակետներ, ըստ որոնց ապագայում հնարավոր է, որ «հաջորդ Ուկրաինան», չակերտներով ասած, դառնա հենց Ադրբեջանը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top