Արցախյան խնդրի կարգավորման շուրջ բանակցային փաստաթղթերի ընտրողական հրապարակումը ներքաղաքական նպատակներով արված քայլ է։ Հիմնական նպատակը՝ ցույց տալ, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էր Մեղրին «ծախել» և ամեն մեղքը բարդել Սերժ Սարգսյանի վրա։ Նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան, ԱՆԻ կենտրոնի ղեկավար Թաթուլ Հակոբյանը։
Ըստ էության գաղտնազերծում չարվեց
«Անկեղծ ասած, իմ համար որևէ նորություն չկար։ Այն, ինչ կարևոր կարող եմ համարել, ես ենթադրել էի։ Օրինակ, երբ խոսում էինք ռուսական առաջարկների, այսպես կոչված «Լավրովի պլանի» մասին, ես բացեցի ու նայեցի, թե ինչ էի գրել այն ժամանակ՝ ամեն ինչ մեկը մեկին համապատասխանում էր։ Այսինքն, այն արտահոսքերը, որ եղել են, ճիշտ էին։ Ինձ համար զրո նոր բան չկար», — ասաց Հակոբյանը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, Բուդապեշտի 1994-ի ԵԱՀԿ գագաթաժողովի տեքստը, ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը Լիսաբոնում՝ բաց փաստաթղթեր են, բայց այդուհանդերձ դրանք վերցնել էին ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահող Վլադիմիր Կազիմիրովի անձնական էջից, ինչն ինքնին անլուրջ է։ Սերժ Սարգսյանի Ազգային ժողովում Սարգսյանի հայտարարությունը գաղտնի չէր, բոլորս լսել ենք։
«Ամենազավեշտալին, իհարկե, 1999-ի Մեղրի-Ղարաբաղի փոխանակման տարբերակն էր, որը վերցրել էին «Հայկական Ժամանակ» թերթից։ Դա ինքնին զավեշտ է։ Ասում են՝ գաղտնազերծում ենք, բայց այդ տեքստը տարիներ առաջ թերթում տպագրված է եղել։ Դա աշխատանքային տարբերակ էր, որը, վստահ եմ, ներկայացվել էր ինչ-որ փուլում, բայց նաև հաստատ մերժվել էր», — նշեց նա։
Կրակովի 3 կետը ոտի վրա են գրել
Մադրիդյան սկզբունքներն, Կազանի փաստաթուղթը՝ գրեթե 100%-ով համապատասխանում է այն ամենին, ինչ հրապարակվել և քննարվել էր։
«2016-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, ռուսական փաթեթային առաջարկները և 2018 թ-ի Կրակովի փաստաթուղթը նույնպես ներառված էին։ Բայց Կրակովի փաստաթուղթը, որտեղ ընդամենը երեք կետ կա, լուրջ չեմ համարում։ Դա կա՛մ ոտի վրա գրված տեքստ է, կա՛մ պարզապես ընտրողաբար ներկայացված կետեր», — նշեց Հակոբյանը։
Միակ նորությունը՝ Սերժ Սարգսյանի նամակն էր
Միակ նորությունը՝ Սերժ Սարգսյանի նամակն էր ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին։ Բայց այդ նամակի հրապարակումը լուրջ էթիկայի խնդիր է իր մեջ պարունակում, պնդում է Հակոբյանը։
«Ես դեմ չէի, որ նամակը հրապարակվեր, ինձ օգտակար էր, պատկերացում կազմեցի նախկին իշխանությունների մտահոգությունների մասին։ Բայց արդարության համար շատ ավելի լավ կլիներ, որ Փաշինյանը և իր թիմը նաև իրենց նամակներն ու բանակցությունների մանրամասները հրապարակեին՝ Դուշանբե, Վիեննա և այլն։ Թող ավելի լրջորեն հերքեին ադրբեջանական կողմի պնդումները, օրինակ, որ Փաշինյանը Վիեննայում ասել է՝ “ես չեմ կարող գնալ կարգավորման, ինձ կսպանեն”», — ասաց նա։
Տանգոն միայնակ չեն պարում
Գործող իշխանություններին հաճախ մեղադրում են, որ նրանք չընդունեցին 2019-ի առաջարկները։ Բայց իրականությունը կայանում է նրանում, որ 2019-ի առաջարկները իրենց էությամբ գրեթե նույնն են, ինչ 2016-ինը՝ այդ նույն «Լավրովյան պլանն» է։ Մադրիդյան սկզբունքների, Կազանի փաստաթուղթի էությունը նույնն է։
«Այո, Մադրիդյան մայր-փաստաթուղթը շատ ավելի շահեկան էր հայկական կողմի համար, բայց Ադրբեջանը դա երբե՛ք չի ընդունել։ Ադրբեջանը ո՛չ մերժել էր, ո՛չ ընդունել, և ակնհայտ էր, որ երբեք էլ չէր ընդունի։Տանգոն մի հոգով չեն պարում», — նշեց նա։
Հետաձգված հանրաքվեի գաղափարը բոլոր փաստաթղթերում եղել է՝Քի Վեսթից հետո։ Բայց պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ. այդ հետաձգված հանրաքվեի կետը մտցվել էր face-saving-ի համար, բոլորը հասկանում էին, որ Ադրբեջանը երբեք կարգավիճակ չի տա Արցախին, պնդում է փորձագետը։ Ըստ Հակոբյանի՝ Ադրբեջանի մաքսիմալ զիջումը, որ երբևէ հրապարակայնորեն ասվել է, եղել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի ամենաբարձր ինքնավարությունը», դա է եղել նրանց կարմիր գիծը։
Շատ հեշտ է մեղադրել Նիկոլ Փաշինյանին
«Իհարկե, այսօր շատ հեշտ է Նիկոլ Փաշինյանին մեղադրել՝ «ինչու 2019-ին չգնացիր»։ Այո, նա արժանի է մեղադրանքի, ամեն օր պետք է մեղադրվի այս աղետի համար։ Բայց կա մի մեծ «բայց»։ Երբ նախկին իշխանությունները մեղադրում են Փաշինյանին՝ «դու ինչու 2019-ի առաջարկը չընդունեցիր», ես ուզում եմ հարցնել՝ իսկ դուք ինչու՞ 2016-ին նույն առաջարկը չընդունեցիք։ Գրեթե նույն տեքստն էր», — նշեց նա։
Եթե նախկին իշխանությունները համարում էին, որ չունեն անհրաժեշտ լեգիտիմություն նման քայլի գնալու համար, ապա չպետք է խոչընդոտեին, որ Պաշինյանը դա անի։ «Փաշինյանը եկավ իշխանության աննախադեպ լեգիտիմությամբ, ինչու՞ առաջին իսկ օրից սկսեցին ասել՝ «եկել է հողերը ծախի»։Բայց նարատիվը միայն այն էր՝ եկել է հողերը տա, եկել է, որ պարտվենք», — նկատեց Հակոբյանը։

