Եթե TRIPP նախագծի հարցում իսկապես առաջընթաց նկատվի, ապա դրա իրականացման մեկնարկից առաջ երկրի հարավում պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց։ Այս մասին հայտարարել է կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը։
Մասնագետը բացատրել է, որ պետք է լինի առավելագույն պարզություն այն մասին, թե որտեղ է սկսվում և ավարտվում այս Թրամփի ճանապարհը։ «Անհրաժեշտ է հստակորեն նշել Սյունիքի սահմանազատված տարածքը, որոշել այն կետերը, որտեղ տեղակայված կլինեն հայ և ադրբեջանցի մաքսային ծառայության աշխատակիցները և անվտանգության մարմինների այլ ներկայացուցիչներ», — ընդգծել է կոնֆլիկտաբանը։
Խոսելով ապագա ճանապարհի պարամետրերի մասին՝ Խառատյանը նշել է, որ դեռևս պարզ չէ ֆիզիկապես ինչ ճանապարհի մասին է խոսքը. դա կլինի՞ երկաթուղի, թե՞ ավտոճանապար, կանցնեն դրա միջով խողովակաշարեր, թե ոչ։ «Մենք դեռ լիարժեքորեն ծանոթ չենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների մանրամասներին», — ասել է նա։
Փքրձագետը հավելել է, որ սեպտեմբերին սպասվում է ամերիկյան պատվիրակության այց, որը կմշակի մանրամասները և նոր համաձայնագրերը Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև։ Այդ ժամանակ, ըստ նրա, պարզ կդառնա, թե ինչպիսի մասնակցություն կունենա ամերիկյան կողմը. «Կլինի՞ արդյոք Հայաստանում գրանցված հայ-ամերիկյան ընկերություն, որը կզբաղվի լոգիստիկայով։ Ի՞նչ պաշտոնական ներկայություն կունենա ԱՄՆ-ն։ Ո՞վ և ի՞նչ կկարողանա տեղափոխել ճանապարհի մյուս կողմը։ Այս բոլոր հարցերի պատասխանները դեռևս չկան»։
Խառատյանի խոսքով՝ հենց մանրամասների և թափանցիկության բացակայությունն է, որ ներկայումս սնուցում է բամբասանքներն ու ենթադրությունները՝ սկսած ճանապարհի հնարավոր վերահսկողությունից օտարերկրյա ընկերության կողմից մինչև գազատարների հետ կապված սցենարներ։ «Հետևաբար, այս հարցերին պետք է մոտենալ առավելագույն զգուշությամբ», — եզրափակեց նա։

