ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Չինաստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, այստեղ նա նաև մասնակցեց Ճապոնիայի կապիտուլյացիայի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին: Իսկ սեպտեմբերի 4-ին ՀՀ վարչապետն արդեն մեկնեց Ճապոնիա։ Նման այցելությունների հաջորդականությունը դարձավ բուռն քննարկումների առարկա:
Քննադատները շտապեցին նշել. «Փաշինյանը Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակին նվիրված շքերթից ուղիղ մեկնեց Ճապոնիա»: Գործող կառավարությունը մեղադրվեց հակասական արտաքին քաղաքականություն վարելու մեջ: Ոմանք հիշեցին Միացյալ Նահանգների հետ համագործակցության հուշագրերը, որոնց հաջորդեցին Վաշինգտոնի գլխավոր մրցակից Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության վերաբերյալ հայտարարությունը: Մյուսները հիշեցին, որ Երևանը պաշտոնապես հայտարարել է Եվրամիությանը միանալու իր մտադրության մասին, ընդունել է համապատասխան օրենք, իսկ այժմ առաջ է քաշում ՇՀԿ-ին միանալու նախաձեռնությունը:
Հարց է առաջանում արդյո՞ք Հայաստանի իշխանությունների գործողությունները դիվանագիտական սխալների շղթա են, «նոր տերերի որոնում», ինչպես պնդում է ընդդիմությունը, թե՞ սա այնուամենայնիվ մտածված հաշվարկ է և փոփոխվող աշխարհակարգի պայմաններում բազմավեկտոր մանևրի փորձ։
Պեկինի շքերթից դեպի Տոկիո
Առաջին հայացքից, Հայաստանի վարչապետի մասնակցությունը Ճապոնիայի դեմ տարած հաղթանակին նվիրված շքերթին, ապա Ճապոնիա այցելությունն դիվանագիտական հակասության տպավորություն է թողնում։ Սակայն, հաշվի առնելով ժամանակակից համատեքստը, նման քայլերը լիովին տեղավորվում են համաշխարհային քաղաքականության տրամաբանության մեջ, երբ պատմական hակասությունները մղվում են ետին պլան՝ տնտեսական շահերից ելնելով։
Այսպես, չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները մեծ դեր են խաղացել Ճապոնիայի պարտության մեջ, այսօր Վաշինգտոնի հետ հարաբերությունները բնութագրվում են որպես «սերտ ռազմավարական գործընկերություն» և «բարձր մակարդակի դաշնակցային կապեր»։ Չինաստանի հետ հարաբերություններն ավելի բարդ են, ինչը, սակայն, չի խանգարում Չինաստանին լինել Ճապոնիայի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը։ Ճապոնիայի և Չինաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը կայուն աճում է և գործնականում չի զիջում Ճապոնիայի և Միացյալ Նահանգների միջև առևտրի ծավալին։
Հայաստանի համար Պեկին և Տոկիո այցելությունները տնտեսական հսկաների հետ համագործակցությունից օգուտ քաղելու փորձ են։ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին և Չինաստանում անցկացվող շքերթին մասնակցությունը հնարավորություն է տալիս մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, իսկ Ճապոնիա այցը նպատակ ունի ներգրավել ներդրումներ տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների ոլորտում, և, հնարավոր է, նաև որոշ չափով հավասարակշռություն ապահովել։
Սակայն, խնդիրը նրանում է, որ քաղաքական շրջանակները, ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս, առաջնորդվում են մի խտրական սկզբունքով՝ այն, ինչ ընդունելի է խոշոր երկրների համար, անընդունելի է փոքր երկրների համար։ Ինչպես նշում է «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Փոլ Ստրոնսկին, «Հայաստանի նման փոքր երկրների բազմավեկտոր քաղաքականությունը հաճախ ընկալվում է որպես վճռականության բացակայություն, եթե այն չի հիմնվում հստակ ռազմավարության վրա»։ Այսպիսով, նման դիվանագիտական քայլերի հաջողությունը մեծապես կախված է Երևանի՝ իր առաջնահերթությունները հստակ ձևակերպելու և անվստահելի գործընկերոջ կարգավիճակում հայտնվելուց խուսափելու կարողությունից։ Արդյո՞ք կան դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ ու դիվանագիտական հմտություններ, այլ հարց է։
Վաշինգտոնի և Պեկինի միջև
Մեկ այլ խնդիր է Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագրերը և Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության մասին հայտարարությունը: Անշուշտ, դրանք շրջանակային բնույթի փաստաթղթեր են, դրանք արձանագրում են փոխշահավետ նախաձեռնություններ մշակելու մտադրություններ և չեն պարունակում երրորդ երկրների հետ համագործակցության արգելքներ: Ավելին, չմոռանանք, որ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը, չնայած գոյություն ունեցող հակասությունների, պահպանում են ակտիվ առևտրատնտեսական կապեր:
Այնուամենայնիվ, այս փաստաթղթերի գործնական իրականացման պարագայում հնարավոր է ի հայտ գան լուրջ հակասություններ: Այսպես, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում Միացյալ Նահանգների հետ կնքված հուշագիրը կենտրոնանում է արտահանման վերահսկողության ուժեղացման և արհեստական բանականության ռեսուրսների արտահոսքի կանխարգելման վրա: Այն նաև ենթադրում է Հայաստանի մասնակցությունը այս ոլորտում ամերիկյան պատժամիջոցների պահպանման հարցում, այդ թվում՝ Չինաստանի նկատմամբ: Միևնույն ժամանակ, Պեկինի հետ կնքված հայտարարությունը նախատեսում է արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության խորացում, այդ թվում՝ համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծում: Այսպիսով՝ եթե Երևանը ակտիվորեն զարգացնի տեխնոլոգիական գործընկերություն Չինաստանի հետ, դա անխուսափելիորեն լարվածություն կստեղծի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում:
Էներգետիկայի ոլորտում հրարավոր հակասությունները ակնհայտ արտահայտված չեն: Վաշինգտոնի հետ կնքված հուշագիրը վերաբերում է քաղաքացիական միջուկային էներգիայի զարգացմանը, այդ թվում՝ ամերիկյան տեխնոլոգիայի փոքր մոդուլային ռեակտորների հնարավոր օգտագործմանը: Չինաստանի հետ փաստաթուղթը հիմնականում վերաբերում է վերականգնվող էներգիայի աղբյուրներին և ենթակառուցվածքներին՝ առանց անդրադառնալու միջուկային ոլորտին։ Սակայն, միջուկային նախագծերի վերաբերյալ չինական մրցակցային առաջարկների դեպքում, Հայաստանը կարող է ընտրության լուրջ դիլեմայի առաջ կանգնել։
Այսպիսով, ներկա փուլում հակասություններ չկան, բայց դրանց ի հայտ գալը ապագայում բավականին հնարավոր է։ Հայաստանը կկարողանա օգտվել սիներգիաներից միայն ԱՄՆ-ի և Չինաստանի հետ համագործակցությունը գրագետ համակարգելու միջոցով։ Մեկ հարցում այս մոտեցումը կիրառվել է։ ԱՄՆ-ի հետ հուշագրում Հայաստանը աջակցություն է ստանում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում, Չինաստանի հետ հայտարարության մեջ՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ սիներգիա՝ ցուցադրելով տարածաշրջանային տրանսպորտային հանգույց դառնալու իր ցանկությունը։
ՇՀԿ, թե՞ ԵՄ
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Եվրոպական միության (ԵՄ) կանոնադրական փաստաթղթերը որևէ հստակ արգելք չեն պարունակում երկու կազմակերպություններում երկրների միաժամանակյա անդամակցության կամ համագործակցության վերաբերյալ: ՇՀԿ-ն, ըստ իր կանոնադրության, կենտրոնացած է Եվրասիայում անվտանգության, տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ամրապնդման վրա՝ շեշտը դնելով ինքնիշխանության, չմիջամտելու և հավասարության սկզբունքների վրա: ԵՄ-ն, իր հերթին, կարգավորվում է Եվրոպական միության մասին պայմանագրով և ԵՄ գործունեության մասին պայմանագրով, որոնք անդամ երկրների համար սահմանում են խորը ինտեգրում տնտեսական, քաղաքական և իրավական ոլորտներում, բայց չեն արգելում արտաքին գործընկերությունը, եթե դրանք չեն հակասում ԵՄ պարտավորություններին: Այսպիսով, միաժամանակ և՛ ԵՄ-ի, և՛ ՇՀԿ-ի անդամ լինելու համար իրավական խոչընդոտներ չկան:
Այնուամենայնիվ, ՇՀԿ-ում և ԵՄ-ում անդամակցության համատեղումը գործնականում անհնար է դարնում քաղաքական և ռազմավարական առաջնահերթությունների տարբերությունների պատճառով: Այսպիսով, ՇՀԿ-ն միավորում է եվրասիական ինտեգրման վրա շեշտադրում ունեցող երկրները, որոնք հաճախ գտնվում են Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության տակ, այս երկրները կարող են ԵՄ-ի աճող ազդեցությունը տարածաշրջանում դիտարկել որպես մրցակցային: ԵՄ-ն, իր հերթին, պահանջում է, որ իր անդամները կամ թեկնածուները համաձայնեցնեն իրենց արտաքին քաղաքականությունը և հետևեն այն չափանիշներին, որոնք գործնականում կհակասեն ՇՀԿ հիմնական խաղացողների, մասնավորապես՝ Չինաստանի և ՌԴ-ի շահերին։
Այստեղ ամենազգայուն հարցը Թայվանն է։ ԵՄ-ն, չնայած պաշտոնապես հավատարիմ է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը, աջակցում է Թայվանի նկատմամբ ավելի ճկուն մոտեցմանը։ Օրինակ՝ ԵՄ երկրները զարգացնում են տնտեսական և մշակութային կապեր Թայվանի հետ, ներառյալ առևտուրը և ներդրումները, բայց չեն ճանաչում այն որպես անկախ պետություն։ ԵՄ որոշ անդամ պետություններ, ինչպես նաև Եվրախորհրդարանը, ակտիվորեն պաշտպանում են Թայվանին ցուցաբերվող աջակցության մեծացումը, հատկապես ժողովրդավարական արժեքների և չինական ճնշմանը հակազդելու համատեքստում։ Ինչը կարող է լուրջ խնդիր դառնալ այս երկու միություններին միաժամանակյա անդամակցության դեպքում։
Այսպիսով ՀՀ ներկայիս իշխանության ձեռնարկված գործողությունները ավելի շատ հիշեցնում են «բոլոր դռները բաց պահելու» փորձի, քան ստույգ ռազմավարություն: Նախաձեռնությունները ստեղծում են հակասությունների և լարվածությունների դաշտ հիմնական գործընկերների հետ հարաբերություններում, դրանց հաջողությունը կախված կլինի նրանից, թե արդյոք Երևանն կապահովի բավարար հմտություններ հրարավոր հակասությունները շրջանցելու և պատշաճ ձևով համակարգելու համար: Հետևաբար, այս քայլերը առնվազն այս պահին թվում են ավելի շատ ռիսկային, քան արդյունավետ:

