«Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը կամաց-կամաց սկսում է ձեռք բերել կոնկրետ ուրվագծեր, ինչի հետևանքով նրա շուրջ քննարկումները նոր թափ են հավաքում։ ՀՀ վարչապետի նախագծի վերաբերյալ վերջին հայտարարությունների ֆոնին հարցին անդրադարձան նաև Իրանում և Ռուսաստանում։
Իրանի և Ռուսաստանի ակտիվացումը
Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին կոշտ հայտարարություն է արել՝ նույնացնելով «Թրամփի ուղին» Զանգեզուրի միջանցքի հետ և ընդգծելով, որ ԱՄՆ-ի տնտեսական ներգրավվածությունը կարող է վերածվել ռազմական ներկայության։ Նրա խոսքով՝ այս նախագիծը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգությանը և կարող է փոխել աշխարհաքաղաքական քարտեզը։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ Մոսկվան պետք է մասնակցություն ունենա նախագծին։ Նրա խոսքով՝ քանի որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, քանի որ այդ սահմանի երկայնքով առկա է ռուսական սահմանապահների ներկայություն, իսկ Հայաստանի երկաթուղիները գտնվում են Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի տնօրինման ներքո, հետևաբար Ռուսաստանը իրավունք ունի հավակնելու TRIPP նախագծում որևէ դերակատարության։
Անսպասելի հանգուցալուծման հեռանկար
Ինչպե՞ս գնահատել այս արձագանքները տարածաշրջանային փոխհարաբերությունների և աշխարհաքաղաքական նոր իրողությունների համատեքստում։ Վերլուծում է տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ ինչպես Իրանն ու Ռուսաստանը, այնպես էլ Վրաստանը բավական զգայուն են ընթացող Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին և մասնավորապես կապուղիների ապաշրջափակման թեմային։ Այս երեք երկրները, շարունակում է փորձագետը, անցյալ տասնամյակների ընթացքում իրենց քաղաքականությունը տարածաշրջանում կառուցել են՝ հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը։ «Իրենց բոլոր քաղաքական հիմնական հաշվարկները, քաղաքական գործողությունների սցենարները այս երկրները պայմանավորել են այս իրողություններով, մեծ հաշվով չեն ունեցել պահուստային տարբերակներ՝ հակամարտության հանգուցալուծման հնարավորությունը հաշվի առնող», – ասաց նա։
Պետրոսյանի պնդմամբ՝ Իրանը օգտագործել է այս կոնֆլիկտը որպես ռազմավարական լծակ՝ կարևորություն ունենալով թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար, որովհետև Հայաստանի համար ապահովել է կապ աշխարհի հետ։ Ադրբեջանի համար Իրանը եղել է դեպի Նախիջևան ցամաքային կապն ապահովող երկիր։ Վրաստանը օգտվել է բոլոր էներգետիկ, տարանցիկ և այլ տրանսպորտային նախագծերից։ Ռուսաստանը աշխարհաքաղաքական ներկայություն է ապահովել՝ անընդհատ ճնշում գործադրելով հակամարտության կողմերի վրա՝ ապահովելով իրենց կառավարելիությունը։
«Եվ հիմա այդ միջավայրը, կարծես, փոխվում է, իսկ նրանք հավուր պատշաճի արձագանքի հնարավորություն չունեն, որպեսզի կարողանան իրենց տեսանկյունից կառավարելի պահել իրավիճակը՝ Ռուսաստանը ներգրավված է ուկրաինական պատերազմում, Իրանը Իսրայելի հետ պատերազմից հետո բավականաչափ մեծ կորուստներ է կրել և ունի բազմաթիվ խնդիրներ, Վրաստանն էլ բավականաչափ բարդ իրավիճակում է», – նշում է նա։
Ռուսաստանի հաշվարկը․ կառուցողական հռետորաբանություն՝ որպես խոչընդոտման գործիք
Պետրոսյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի արձագանքը արտաքինից ավելի կառուցողական է թվում, սակայն բովանդակային առումով այն ուղղված չէ նախագծի առաջմղմանը։ Փորձագետի խոսքով՝ Մոսկվան իր մասնակցության հավակնությունը հիմնավորում է մի շարք ձևական փաստարկներով՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Մեղրիի հատվածում ռուս սահմանապահների ներկայությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանի երկաթուղիները գտնվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարման ներքո։
«Սակայն իրականում Ռուսաստանի առաջարկները լուրջ քննարկման ենթակա չեն, քանի որ դրանք տրամաբանական չեն հենց նախագծի բովանդակության տեսանկյունից»,- ընդգծում է Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ հաղորդակցությունների ապաշրջափակման TRIPP նախագծում Ռուսաստանի ներգրավվածությունը փաստացի կնշանակի այն վերածել աշխարհաքաղաքական բախման հարթակի, ինչը հակասում է նախաձեռնության տրամաբանությանը։
Փորձագետը նշում է, որ Մոսկվան կառուցողական հռետորաբանության տակ փորձում է ցույց տալ, թե իբր աջակցում է գործընթացին և ցանկանում է մասնակցել դրան՝ հղում անելով Հայաստանում ունեցած իր ներկայությանը։ Սակայն, ըստ նրա, իրական նպատակը հենց նախագծի իրագործումը խոչընդոտելն է։ «Այն պահին, երբ Ռուսաստանը հայտարարում է՝ «ես էլ եմ ուզում մասնակցել», արդեն իսկ սկսում է գործընթացի արգելակումը»,- ասում է նա։
Իրանի մոտեցումը․ հին գործիքակազմի վերադարձ
Ի տարբերություն Ռուսաստանի՝ Իրանը չունի այնպիսի գործիքներ, որոնց միջոցով կարող է պահանջել անմիջական մասնակցություն նախագծին։ Սակայն, ինչպես նշում է Պետրոսյանը, Թեհրանը ակտիվացրել է իր վաղուց կիրառվող քաղաքական գործիքակազմը՝ «միջանցքների» անթույլատրելիության թեզը։
Փորձագետի խոսքով՝ հենց այս տրամաբանության մեջ է, որ Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին TRIPP նախագիծը նույնացնում Զանգեզուրի միջանցքի հետ՝ ընդգծելով, որ Իրանի համար դրանց միջև սկզբունքային տարբերություն չկա։ Իրանը կրկին առաջ է բերում տարածաշրջանում սահմանների փոփոխության, երկրների ինքնիշխանության սահմանափակման և տարածքային ամբողջականության խախտման անթույլատրելիության մասին իր հին դիրքորոշումները, ինչպես նաև Իրանի համար կենսական նշանակություն ունեցող Հայաստան–Իրան սահմանի խախտման վտանգը։
Պետրոսյանի կարծիքով՝ Իրանի ընկալմամբ Զանգեզուրի միջանցքը նշանակում էր թուրքական՝ Թուրքիա–Ադրբեջան վերահսկողության ներքո գտնվող ճանապարհ Իրանի անմիջական սահմանին, որը ոչ միայն ամրապնդելու էր այդ երկու երկրների դիրքերը, այլև երկարաժամկետ հեռանկարում կարող էր կտրել Հայաստանի և Իրանի ցամաքային կապը Սյունիքի անեքսիայի միջոցով։ Սա Իրանի համար լուրջ ռազմավարական խնդիր էր, քանի որ երկիրը հայտնվելու էր կախվածության մեջ Թուրքիայից և Ադրբեջանից։
TRIPP նախագծի պարագայում, սակայն, իրավիճակը նույնիսկ ավելի զգայուն է Իրանի համար։ «Եթե Զանգեզուրի միջանցքի դեպքում խոսքը տարածաշրջանային դերակատարների մասին էր, ապա այստեղ արդեն խոսքը Միացյալ Նահանգների ներկայության մասին է»,- նշում է փորձագետը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Իրանի ամենախոշոր աշխարհաքաղաքական հակառակորդներից է, և ընդամենը ամիսներ առաջ ամերիկյան հարվածներ են հասցվել Իրանի տարածքին։ Այս համատեքստում TRIPP նախագծի իրականացումը Թեհրանի կողմից ընկալվում է որպես Իրանի անվտանգության սպառնալիքների ավելացում։
Վրաստանի գործոնը․ չօգտագործված հնարավորություններ
Խոսելով Վրաստանի մասին՝ Արմեն Պետրոսյանը նշում է, որ թեև Թբիլիսին նույնպես զգայուն է արձագանքում ընթացող գործընթացներին, սակայն ներկայիս քաղաքականությունը, նրա կարծիքով, լիովին արդյունավետ չէ։ Փորձագետը կարևորում է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները լինեն ներառական, իսկ Վրաստանը կարողանա հանդես գալ որպես հիմնական երրորդ կողմ և մոդերատոր։
«Չափազանց կարևոր է, որ բանակցային հարթակը լինի Թբիլիսին, ոչ թե արտաքին կենտրոնները՝ Աբու Դաբին, Վաշինգտոնը կամ այլ քաղաքներ»,- ընդգծում է նա։ Սակայն, ըստ Պետրոսյանի, ներկայումս Վրաստանը չի ցուցաբերում բավարար նախաձեռնողականություն այդ ուղղությամբ և փաստացի մնում է գործընթացների լուսանցքում։
Փորձագետի գնահատմամբ՝ սա վտանգավոր միտում է, քանի որ Վրաստանի դուրս մնալը տարածաշրջանային ակտիվ գործընթացներից հանգեցնում է Ռուսաստանից կախվածության աճին։

