Թուրքիան չի կարող համարվել որոշիչ խաղացող, Հայաստանը կամազուրկ վիճակում է

«Խորհրդանշական քայլեր» առանց իրական առաջընթացի․ Ի՞նչ է ակնարկում Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք դեսպանների համաժողովում հայտարարել է, որ Անկարան հաջորդ տարի «խորհրդանշական քայլեր» կձեռնարկի Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում։ Ի՞նչ խորհրդանշական քայլերի մասին էր խոսում Էրդողանը, և ի՞նչ ակնկալել Թուրքիայից։  Մեկնաբանում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ այս հայտարարությունը հնարավորություն է տալիս անել մի քանի կարևոր հետևություն։ Առաջին հերթին, նշում է Սուրենյանցը, սա նշանակում է, որ Թուրքիան շարունակում է հայ–թուրքական հարաբերությունները դիտարկել ոչ թե որպես ինքնուրույն օրակարգ, այլ որպես հայ–ադրբեջանական գործընթացից ածանցյալ ուղղություն․ 

«Այլ կերպ ասած՝ Երևանի հետ հարաբերությունների իրական կարգավորումը Անկարան պայմանավորում է բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ՝ Բաքվի առաջարկած մոդելով»։

Բացի այդ, պնդում է քաղաքագետը, Էրդողանի կողմից հիշատակված «խորհրդանշական քայլերը» դժվար է ընկալել որպես հայ–թուրքական հարաբերությունների ինստիտուցիոնալ կամ բովանդակային առաջընթաց։ Ավելի հավանական է, որ խոսքը վերաբերում է ցուցադրական և սահմանափակ նախաձեռնությունների, որոնք միտված են Հայաստանի գործող իշխանության՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի, ներքաղաքական և նախընտրական դիրքերի ամրապնդմանը՝ արտաքին «առաջընթացի» իմիտացիայի միջոցով, ընդգծում է փորձագետը։ 

«Թուրքիայի կողմից խորհրդանշական ժեստերը (օրինակ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացում, ուղիղ թռիչքներ, երկաթուղու վերականգնում կամ այլ մանր քայլեր) կարող են օգնել Փաշինյանին ներքին հանրության առաջ ցույց տալու «տեսանելի առաջընթաց»։ Սակայն սա միակողմանի չէ՝ Էրդողանը նույնպես շահագրգռված է կոնկրետ օգուտներով (օրինակ՝ Զանգեզուրի միջանցքի բացումով)։ 

Ավելի շուտ սա փոխադարձ շահ է, քան միայն Փաշինյանի ներքին քաղաքականությանը օգնելու միտում», — ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ այս փուլում Թուրքիան փորձում է միաժամանակ լուծել երեք խնդիր․
չխզել շփումները Երևանի հետ, պահպանել լիակատար քաղաքական համադրումը Բաքվի հետ և աջակցել Հայաստանում այն իշխանությանը, որը պատրաստ է խաղաղության անվան տակ ընդունել պարտադրված օրակարգը։

«Խաղաղության մասին հնչող հայտարարությունների ներքո Թուրքիան շարունակում է գործել կոշտ փոխկապակցման տրամաբանությամբ, որտեղ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես հավասար գործընկեր, այլ որպես վերահսկվող գործընթացի օբյեկտ», — եզրափակեց նա։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top