Հայաստանի գործող իշխանությունները երկար տարիներ չեն կարողանում կողմնորոշվել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև՝ Եվրոպա այցելությունների ժամանակ խոսվում է Եվրամիության անդամակցության կարևորության մասին, իսկ Մոսկվայում կամ ԱՊՀ երկրների հարթակներում՝ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության խորացման։ Արդյո՞ք նման գործելաոճը կարելի է համարել բալանսավորված քաղաքականություն։
Քաղաքագետ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ իշխանությունների հայտարարությունները իրար բացառող քայլեր են ենթադրում և բալանսավորված քաղաքականության հետ որևէ աղերս չունեն։
Ինտեգրացիոն միություններն ու ինքնիշխանության հարցը
Ըստ նրա՝ իրականում ինտեգրացիոն միությունների անդամակցությունը սկզբունքորեն բացառում է որևէ իրական բալանսավորում։
«Դու կամ այդ միության մեջ ես, կամ ոչ։ Ինտեգրացիոն միություններին անդամակցությունը ենթադրում է պետական ինքնիշխանության որոշ լիազորությունների փոխանցում վերազգային մարմիններին»,– նշում է նա։
Խաչատրյանը կարևոր է համարում տարբերակել միջազգային կազմակերպությունները և ինտեգրացիոն միությունները։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի կամ Եվրոպայի խորհրդի անդամակցությունը չի ենթադրում ինքնիշխանության զիջում, այդ թվում՝ տնտեսական և մաքսային քաղաքականության ոլորտում։ Իսկ Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն հենց այն միություններն են, որոնք ենթադրում են որոշ լիազորությունների փոխանցում։
«Ցանկացած ինտեգրացիոն միություն՝ անկախ աշխարհագրությունից, ենթադրում է նույնը։ Եթե անգամ ստեղծվեր աֆրիկյան միություն, բոլոր անդամ պետությունները նույն կերպ կզիջեին իրենց որոշ ինքնիշխան լիազորությունները»,– ասում է նա։
Ինչո՞ւ հնարավոր չէ լինել միաժամանակ երկու միությունում
Քաղաքագետը օրինակ է բերում վերջերս հայտարարված՝ Հայաստան առանց մաքսատուրքի 15 հազար էլեկտրական մեքենաների ներմուծելու քվոտան։
«Սա նշանակում է, որ Հայաստանի մաքսային քաղաքականությունը որոշվում է ոչ միայն Երևանում, այլ նաև մյուս ԵԱՏՄ պետությունների հետ համատեղ։ Որքան ավտոմեքենա կարող է ներմուծվել, ինչ մաքսատուրք է կիրառվում, որոշվում է ընդհանուր տնտեսական տարածքի շրջանակում»,– բացատրում է նա։
Խաչատրյանի խոսքով՝ ֆիզիկապես և տրամաբանորեն անհնար է միաժամանակ նույն լիազորությունները զիջել երկու տարբեր ինտեգրացիոն միությունների։
«Եթե ԵԱՏՄ-ում թույլատրվում է, օրինակ, Չինաստանից ներմուծումը առանց մաքսատուրքի, Եվրամիությունը հակառակը՝ սահմանափակում կամ բարձր մաքսատուրք է սահմանում չինաստանական արտադրության էլեկտրական մեքենաների։ Երկիրը գործնականում չի կարող միաժամանակ գործել երկու համակարգերում»,– ընդգծում է նա։
Ի՞նչ է իրական բալանսավորումը
Խաչատրյանի պնդմամբ՝ իրական բալանսավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետությունը չի անդամակցում որևէ ինտեգրացիոն միության և պահպանում է հավասար հեռավորություն տարբեր բլոկներից։
Սակայն Հայաստանի պարագայում, ըստ նրա, նման տարբերակը լուրջ տնտեսական ռիսկեր է պարունակում։
«ԵԱՏՄ-ից դուրս գալով՝ Հայաստանը կզրկվի մի շարք արտոնություններից, այդ թվում՝ գազի գնի, միասնական էներգետիկ շուկայի ձևավորման հնարավորություններից։ Այո, լիարժեք անկախության դեպքում հնարավոր են նաև այլ օգուտներ, բայց կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում կորուստները շատ մեծ են»,– ասում է նա։
Շրջափակման գործոնը և ԵԱՏՄ տնտեսական ազդեցությունը
Խաչատրյանը հիշեցնում է, որ Հայաստանը Թուրքիայի կողմից շրջափակված է և ունի ընդամենը երկու ցամաքային ճանապարհ՝ Վրաստան և Իրան։
«Իրանի հետ հարաբերությունները վերջին շրջանում լարված են, Վրաստանի հետ էլ նույնիսկ սահմանազատման հարցերը կարող են խնդիրներ ստեղծել։ Այս պայմաններում ինտեգրացիոն միությունից դուրս գալը նշանակում է զրկվել բազմաթիվ հնարավորություններից»,– նշում է նա։
Նրա խոսքով՝ պատերազմից հետո Հայաստանի տնտեսական աճը բացառիկ էր, և դա մեծապես պայմանավորված էր ԵԱՏՄ շրջանակում ռեեքսպորտով։«Եթե Հայաստանը այդ միության անդամ չլիներ, նման կարճաժամկետ տնտեսական օգուտներ միանշանակ չէր ունենա»,– ընդգծում է քաղաքագետը։
ԵԱՏՄ-ից դուրս գալը և իշխանության կայունությունը
Խոսելով այն տեսակետի մասին, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է տևել ընդամենը մի քանի օր, Տիգրան Խաչատրյանը նշում է, որ տեսականորեն նման սցենարը հնարավոր է։
«Եթե Հայաստանը միանգամից կտրի իր տնտեսական կապերը և նույն օրը չմտնի Եվրամիություն, ինչը փաստացի անհնար է, ապա տնտեսական և ֆինանսական կոլապսի ռիսկը շատ մեծ է»,– ասում է նա։
Ըստ Խաչատրյանի՝ եվրաինտեգրումը միայն տեխնիկական կամ ստանդարտների համապատասխանության հարց չէ։
«Նույնիսկ եթե երկիրը լիովին համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, պետք է հաշվի առնել, որ անդամակցությունը քաղաքական գործընթաց է։ ԵՄ 27 անդամ պետություններից յուրաքանչյուրը կարող է վետո դնել։ Թուրքիան դրա ամենատիպիկ օրինակն է»,– նշում է նա։
Քաղաքագետը նաև հիշեցնում է, որ որոշ ԵՄ երկրներ սերտ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ և դժվար է պատկերացնել, որ այդ երկրները առանց դիմադրության կաջակցեն Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը։

