Ռուսաստանը և Հայաստանը․ անտարբերությո՞ւն, թե վերահսկվող ներկայություն

Ռուսաստանը և Հայաստանը․ անտարբերությո՞ւն, թե վերահսկվող ներկայություն

Օրերս ԱՄՆ-ի դեսպանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Թրամփի ուղղու» հարցում կարևոր դերակատարություն ունի Թուրքիան։ Դրան զուգահեռ, այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխաիլ Կալուգինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղղու» գործարկման և այդ գործընթացում Ռուսաստանի հնարավոր մասնակցության շուրջ։ Այս փոխադարձ հայտարարությունները, ըստ էության, վկայում են այն մասին, որ Ռուսաստանը, չնայած արտաքին զսպվածությանը, փորձում է որոշակի ձևով պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում։

«Փիղը և մոծակը». Հայաստանի տեղը Ռուսաստանի օրակարգում

Քաղաքագետ Սուրեն Զոլյանի գնահատմամբ՝ Հայաստանում շրջանառվող այն դիսկուրսը, թե Ռուսաստանը պատրաստվում է հիբրիդային գործողությունների Հայաստանի դեմ, իրականությանը չի համապատասխանում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը ներկայումս ավելի շուտ անտարբեր է, քան ագրեսիվ։

«Կան մարդիկ Հայաստանում, որոնք կարծում են, որ Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը ամբողջ ուժով կվերադառնա Հարավային Կովկաս։ Բայց իրականում այդպես չէ», — նշում է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ եթե լուրջ գնահատենք իրավիճակը, Հայաստանը ներկայումս Ռուսաստանի համար որևէ լուրջ խնդիր չի ստեղծում և նույնիսկ չի կարող ստեղծել։ Ըստ Զոլյանի՝ Մոսկվան հեշտությամբ կարող է ակտիվացնել տնտեսական, ապրանքաշրջանառության կամ միգրացիոն ոլորտներում վերահսկող մեխանիզմները՝ սկսած բուսասանիտարական ստուգումներից մինչև կոնյակի որակի վերաբերյալ սահմանափակումներ։ 

Սակայն Մոսկվան ցուցաբերում է անտարբերության սահմանակից զսպվածություն: Նրա պնդմամբ՝ որ նախատեսված էր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը Հայաստան, սակայն այն չեղարկվել է՝ միջկառավարական որոշ անհամաձայնությունների ֆոնին։ Բայց այս դեպքում ևս ՌԴ-ն խուսափում է կտրուկ շարժումներից։ Քաղաքագետը ուշադրությույնը հրավիրում է այն փաստի վրա, որ Ռուսաստանը չի խառնվում, նույնիսկ այն դեպքերում, երբ Հայաստանում բարձրաձայնվում են «ռուսական գործակալների» թեմաները։ «Մենք տեսնում ենք, որ անգամ կոնկրետ անձանց վերաբերյալ որևէ պաշտոնական դեմարշ չի եղել», — ասում է նա։

Ռուսաստանը չի հեռանում, բայց նաև չի առաջ շարժվում

Զոլյանի գնահատմամբ՝ Ռուսաստանը չի ցանկանում «բաց թողնել» Հայաստանը, սակայն միևնույն ժամանակ չի իրականացնում ակտիվ քաղաքական քայլեր՝ պահպանելով է իրավիճակը այնպիսին, ինչպիսին կա և  սահմանափակվելով Ֆորմալ հայտարարություններով։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանը Հայաստանում չի տեսնում այն ուժերին, որոնց վրա կարող է հենվել կամ որոնց հետ կարող է լուրջ քաղաքական երկխոսություն վարել։

«Մենք հաճախ ասում ենք՝ բոլորը մեր թշնամիներն են՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները։ Բայց իրականում ամեն ինչ կախված է նրանից, թե մենք մեզ ինչպես ենք դիրքավորում», — նշում է քաղաքագետը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top