Ներկայիս իշխանությունը մտել է քաղաքական վերջաբանի փուլ

Ներկայիս իշխանությունը մտել է քաղաքական վերջաբանի փուլ

Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակում կա մեկ «լավ» և մեկ «վատ» լուր։ Լավ լուրն այն է, որ գործող իշխանությունը մոտեցել է իր քաղաքական վախճանին։ Վատ լուրն այն է, որ այդ ավարտը կարող է լինել ոչ խաղաղ։ Նման կարծիքի է, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ 
Սուրենյանցի խոսքով՝ այն պահից, երբ իշխանությունը սպառում է իր քաղաքական գործիքակազմը և որպես հենարան սկսում է օգտագործել տարբեր ձևի «կրիմինալ տարրերի», դա արդեն իշխանության ավարտի ակնհայտ նշան է։

«Երբ քո քաղաքական հենարանը դառնում է զիբիլը, դա նշանակում է, որ իշխանության քաղաքական վախճանը մոտ է»,– ասում է նա՝ ընդգծելով, որ անգամ եթե իշխանությանը հաջողվի ինչ–որ կերպ «մարսել» 2026 թվականի ընտրությունները, դա ընդամենը կհանգեցնի  ավելի աղմկոտ և ցավոտ ավարտի։

2026-ը՝ ոչ լուծում, այլ հետաձգում

Քաղաքագետի համոզմամբ՝ 2026 թվականի ընտրությունները չեն կարող լուծել գործող իշխանության հիմնախնդիրը։ Ընդհակառակը, այդ տարի արդեն իսկ ակնհայտ է լինելու քաղաքական գործընթացների կրիմինալացումը՝ նույնիսկ ընտրատեղամասերի մակարդակում։

Սակայն այս ամենը ձևավորում է վտանգավոր միտում․ քաղաքական լուծումների դաշտը նեղանում է, իսկ ցնցումներով փոփոխությունների հավանականությունը՝ աճում։

«Մենք գնալու ենք փոփոխությունների ոչ խաղաղ ճանապարհով»,– արձանագրում է նա՝ հավելելով, որ դա ամենավատ սցենարն է երկրի համար։

Փակված էլեկտորալ ճանապարհը

Սուրենյանցը ընդգծում է, որ ինքը սկզբունքորեն դեմ է հեղափոխական, փողոցային փոփոխություններին և կողմ է դասական, էլեկտորալ մեխանիզմներին։ Սակայն, նրա խոսքով, հենց ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակեց այդ ճանապարհը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ իշխանությունը կարող է տակտիկական առումով առավելագույնը լուծել միայն 2026 թվականի հարցը, սակայն դրանից հետո, նույնիսկ եթե բոլոր ռեսուրսները ներդրվեն իշխանության վերարտադրության համար, երկիրը հանգիստ կյանք չի ունենալու։

«Մենք ունենալու ենք մի ռեժիմ, որը պերմանենտ ճգնաժամերի մեջ է լինելու՝ թե երկրի ներսում, թե երկրի սահմաններից դուրս»,– ասում է Սուրենյանցը՝ կանխատեսելով ներկայիս իշխող թիմի անփառունակ ավարտ։

Քաղաքական թիմ՝ որպես այդպիսին, այլևս չկա

Սուրենյանցի համոզմամբ՝ գործող իշխանությունն արդեն փաստացի չունի քաղաքական թիմ։ Նրա խոսքով՝ առկա են ընդամենը մի քանի խոսնակներ, որոնք ժամանակ առ ժամանակ զրո քաղաքական բովանդակությամբ հարցազրույցներ են տալիս։

Նա ուշադրություն է հրավիրում նաև իշխանական թիմի ներսում առկա խնդիրների վրա՝ նշելով, որ այնտեղ տեղի են ունենում տարօրինակ «ֆիլտրումներ», փոխվում են նախասիրություններն ու մոտեցումները, իսկ երկրորդ շերտում գտնվող, ամենակեղտոտ հանձնարարությունները կատարողները ժամանակի ընթացքում դուրս են մղվելու։

Քաղաքագետի խոսքով՝ այս գործընթացը շարունակվելու է մինչև «արքայի մերկության» ամբողջական բացահայտումը։

Քաղաքական աքսիոմաները շրջանցել հնարավոր չէ

Եզրափակելով՝ Սուրենյանցը շեշտում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հանճար չէ, որը կարող է շրջանցել քաղաքական աքսիոմաները, «նոր հեծանիվներ հորինել» և անսահման երկարաձգել իշխանությունը։

«Նա մոտեցել է իշխանության վերջաբանի ամենատխուր հանգրվանին»,– ընդգծում է քաղաքագետը՝ հավելելով, որ ընտրած ճանապարհը տանում է ոչ թե կայունության, այլ խորացող ճգնաժամերի։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top